Պոլսո հայոց նոր պատրիարքի հավանական ընտրություններին ընդառաջ Ստամբուլի հայ համայնքում առաջին հանրային լսումներն են անցկացվել` քննարկելու արդեն ութ տարի այս գործընթացն արգելակող հանգամանքներն ու պատճառները:
Տարիներ շարունակ պատրիարք ընտրելու պահանջով հանդես եկած նախաձեռնողական հարթակը Ստամբուլի հայաշատ Ֆերիքյոյ թաղամասի Սուրբ Վարդանանց եկեղեցու սրահում հանդիպել է շուրջ 300 համայնքային անդամների հետ, լսել կարծիքներ ու առաջարկներ, ինչպես նաև հանդես եկել հայտարարությամբ:
«Ակօս» պարբերականի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում համայնքի անդամներից մեկը նշել է, որ պատրիարքի ընտրության հարցը պետք է բարձրացվի թուրքական խորհրդարանում ներկայացված հայ պատգամավորների կողմից:
Ի պատասխան` սրահում ներկա Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանն ասել է, որ համայնքի ներքին խնդիրներն իրենց օրակարգում են, սակայն իրատեսական չէ սպասել, որ դրանք լուծում կստանան Միլի մեջլիսում:
Կարդացեք նաև
Հոկտեմբերի վերջին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած եկեղեցական ընդհանուր ժողովի ժամանակ, հոգևոր խորհուրդը, առաջնորդվելով եկեղեցական կանոնադրությամբ և ավանդույթներով, 2008 թվականից ի վեր ծանր հիվանդության պատճառով փաստացիորեն անգործունակ վիճակում գտնվող ներկայիս պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի ուխտը լուծարված էր համարել`օրակարգ բերելով նոր պատրիարք ընտրելու հարցը:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում