Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ում կռիվ է ընկել. Էդուարդ Շարմազանովը դա մրցակցություն է անվանում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2016 13:34

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ինքը չի թերագնահատում այն պատգամավորների կատարած աշխատանքը, որոնք հրապարակային դաշտում միգուցե շատ պասիվ են:

«ՀՀԿ գործադիր մարմնի որևէ ներկայացուցիչ լուսանցքում չի կարող լինել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հարցը վերաբերում էր մամուլի այն հրապարակումներին, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջին պահին է կարողացել Սերժ Սարգսյանին համոզել, որպեսզի ՀՀԿ ԳՄ անդամ լինի:

Էդուարդ Շարմազանովը հերքում է այն դիտարկումները, որ Հովիկ Աբրահամյանը հայտնվելու է լուսանցքում: «ՀՀԿ ԳՄ յուրաքանչյուր անդամ ՀՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչ է»,- ասաց նա`հավելելով, որ ՀՀԿ-ի լիդերը Սերժ Սարգսյանն է, իսկ մնացածն իրականացնում են քաղաքականություն, որը բխում է լիդերի քաղաքականությունից.

«Հիմա ով որտեղ կլինի, ով ինչ պաշտոնում կլինի, ինձ համար դա երկրորդական է: Հիմա ես ԱԺ փոխնախագահ եմ, վաղը կարող եմ լինել սովորական գործազուրկ, բայց դա չի նշանակում, որ ես պետք է կուսակցական ավելի ակտիվ գործունեություն չիրականացնեմ: Դա մամուլն է գրում, ես նման խնդիր չգիտեմ, մեր կուսակցությունում որևէ նման խնդիր չկա: Մի փնտրեք սև կատու մութ սենյակում»:

Շարմազանովը նշեց, որ ինքը հստակ կարող է ասել՝ ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում որևէ անձի հետ կապված նման հարց չի քննարկվել. «Մենք յուրաքանչյուրս առաջարկություններ արել ենք, այնուհետև հրապարակային քննարկել ենք և եկել ենք այն եզրակացության, որ համագումարին պետք է ներկայացնենք 21 հոգանոց այս ցուցակը: Եվ համագումարը հավանության է արժանացրել այս ցուցակը»:

Aravot.a-ի հարցին`ասում են ՀՀԿ-ում կռիվ է ընկել ռեյտինգային ցուցակներում ընդգրկվելու համար, քանի որ խոսակցություններ կան, որ ՀՀԿ խմբակցության ներկայիս կազմը էականորեն փոխվելու է, այդ թվում նաեւ մեծամասնական-ռեյտինգային համակարգում ընդգրկվողների: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ինքը չի թերագնահատում այն պատգամավորների կատարած աշխատանքը, որոնք հրապարակային դաշտում միգուցե շատ պասիվ են: Ասում է`նրանք էլ ակտիվ են իրենց ընտրողների հետ կատարած ամենօրյա աշխատանքում: Օրինակ է բերում Ավան-Նոր Նորքում՝ Ռոբերտ Սարգսյանին, Ալավերդիում՝ Կարեն Սարիբեկյանին. «Ռեյտինգային պատգամավորն իր գործառույթն ունի, այստեղինն`իր, ուստի պետք չէ ասել`ով է շատ գործ անում, ով է լավը, ով`վատը: Կռիվ ընկնելու խնդիր էլ չկա: Մրցակցություն է: Մրցակցությունն ու կռիվը տարբեր են: Մենք կռիվներին դեմ ենք, համերաշխության կողմնակից ենք»,- ասաց նա:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031