Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ հիմա մենք տեսնում ենք հեղուկ վառելիքի շուկայում, ընդամենը քվոտաների վերաբաշխման գործընթաց է, ոչ ավելին. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 16,2016 12:14

Այս տարվա հոկտեմբերին շռնդալից շուկա է մտնում մի նոր ընկերություն՝ «Մաքս Պետրոլ» անունով։ Ընդամենը 100 հազար դրամ կանոնադրական կապիտալ ունեցող այս ընկերությունը, որը գրանցված է իր հիմնադրի՝ Պատրիկ Աճեմյանի երեւանյան բնակարանի հասցեում, չունի ոչ մի պատմություն։ Այս ընկերության գրանցման ամսաթիվն էլ համընկնում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի օրվա ամսաթվի հետ։ Եվ ուրեմն, Հայաստանում հեղուկ վառելիքի լոգիստիկայի որեւէ փորձ չունեցող, մինչ այդ նման գործով չզբաղված անհայտ ընկերություն գալիս է ու միանգամից մտնում շուկա։ Ընդ որում, այնպիսի ծավալներով, որ կարողանում է գին թելադրել։ Իսկ ավելի կոնկրետ՝ գին գցել։

Առաջին հայացքից սա լավ է, նույնիսկ հավես է՝ տարիներ շարունակ այս շուկայում գործող օլիգոպոլիաները անհարմարավետություն են զգում։ Բայց՝ միայն առաջին հայացքից։ Գործընթացը իրականում ոչ մի լավ բան չի խոստանում, քանի որ շուկայում հայտնված նոր ընկերությունը իր տեղը զբաղեցրել է ոչ թե ազնիվ մրցակցության, պատկերավոր ասած՝ նոր տեխնոլոգիաների կիրառման, մատակարարման նոր՝ ավելի արդյունավետ սխեմաներ կիրառելու, լոգիստիկ յուրահատուկ ցանց ստեղծելու, այլ ընդամենը իշխանությունից ստացած քվոտայի շնորհիվ։

Ինչի՞ մասին է խոսքը։ Ոչ մի տնտեսվարող չի կարող Ռուսաստանից էժան գներով հեղուկ վառելիք ձեռք բերել եւ ներկրել Հայաստան։ Դրա համար անհրաժեշտ է հզոր «դաբրո» ստանալ ՌԴ իշխանությունների ամենաբարձր օղակներից։ Այդպիսի «դաբրո» ըստ էության չեն ունեցել նույնիսկ «Ֆլեշն» ու «Աի Փի էս»-ը եւ նրանք ձեռք էին բերում վառելիքը միջնորդից՝ «Ռոսնեֆտ Արմենիայից»։ Թե հիմա ինչ է տեղի ունենում, վառելիքի ներկրման ինչ սխեմաներ են գործում, դժվար, շատ դժվար է ասել։ Ասել, որ նորահայտ «Մաքս պետրոլ» ընկերությունը հրապարակային չի գործում, կնշանակի ոչինչ չասել։ Այս ընկերությունը նույնիսկ իր կոնտակտային տվյալները չի հրապարակում, գրանցված չէ «Սփյուռում», մյուս «դեղին էջերում»։ Ինչու։ Որովհետեւ կան բազմաթիվ հարցեր, որոնց անկեղծ պատասխանները ընկերության ներկայացուցիչները չեն կարող հրապարակել։

Օրինակ, ո՞ր ընկերությունից է ձեռք բերվում վառելիքը։ Եթե դա ՌԴ-ի կողմից Հայաստանին տրամադրվող վերը նշված քվոտայի սահմաններում է, եւ ձեռք է բերվում «Ռոսնեֆտ Արմենիայից», ապա այն չի կարող էականորեն ավելի էժան լինել, քան մյուս ներկրողների կողմից նույն աղբյուրից ու նույն գնով ձեռք բերվող եւ Հայաստանում վաճառվող վառելիքի գինն է։ Եթե նորահայտ ընկերությունը կարողանում է ձեռք բերել ռուսական այլ ընկերություններից, ապա այդ ընկերությունների տեղը, հավատացեք, շատ լավ գիտեն նաեւ մյուս ներկրողները։ Ու եթե ավելի էժան վառելիքը կարողանում է ձեռք բերել միայն նորահայտ ընկերությունը, իսկ մյուսները զրկված են այդ հնարավորությունից, ապա գործ ունենք խիստ ընդգծված քաղաքական հովանավորյալի հետ։ Իսկ թե ինչ է լինում հովանավորյալների հայտնվելու դեպքում, գիտենք ու տեսել ենք բոլորս։ Շաքարավազ, բանան, կարագ, ալյուր, ձեթ…: Այս շուկաներում գործում են կամ ընդգծված մոնոպոլիաներ, կամ բաժանված են մի քանի ընկերությունների միջեւ վերեւներից իջեցված քվոտաներով։ Դրանք բոլորը ժամանակին ինչ-ինչ իրավիճակներում եւ ինչ-ինչ պայմաններով ստացել են «դաբրոներ» ու հիմա կեղեքում են սպառողին։

Այն, ինչ հիմա մենք տեսնում ենք հեղուկ վառելիքի շուկայում, ընդամենը քվոտաների վերաբաշխման գործընթաց է, ոչ ավելին:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031