Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» պահանջում է լրջորեն զբաղվել ընտանեկան բռնության արդյունքում տուժած երեխաների խնդրով

Դեկտեմբեր 16,2016 12:02

Օրերս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվեց Ա. Սարգսյանի գործի դատական քննությունը, ըստ որի 34-ամյա Սարգսյանը մեղադրվում էր իր 8-ամյա դստերը ձեռքերով ու ոտքերով ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Ըստ դատական ակտի՝ Ա․ Սարգսյանն ամուսնացել է 2006 թվականին: Ամուսնական կյանքի ընթացքում ծնվել են նրա երեք երեխաները: Ընտանիքում Արտյոմը հաճախ է վիճաբանել կնոջ հետ, իսկ կինն ամեն անգամ՝ հանուն երեխաների դիմացել ու հաշտվել է բռնարար ամուսնու հետ, մինչև բռնության ենթարկվելու հերթը հասել է նաև ավագ դստերը։ Հայրն աղջկանից պահանջել է, որ երեխան գնա խանութ՝ գարեջուր գնելու: Պահանջել է նաև, որ աղջնակը չխաղա 6-ամյա եղբոր հետ: Աղջնակը չի ենթարկվել հոր պահանջներին, խանութ չի գնացել, շարունակել է խաղալ եղբոր հետ, և ձեռքերով ու ոտքերով հարվածներ է ստացել դեմքին, ձախ ոտքին, հայրը քաշքշել է նրա պարանոցից՝ երեխային պատճառելով վնասվածքներ ու ֆիզիկական ցավ:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Ա․ Սարգսյանի մեղքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, սակայն հաշվի առավ, որ նրա խնամքին 3 անչափահաս երեխաներ կան, այդ թվում՝ մինչև 8 տարեկան 2 երեխա, դատապարտեց 30 հազար դրամ տուգանքի:

Այժմ հարց է ծագում, արդյո՞ք նման վերաբերմունքը երեխաների նկատմամբ կարող է խնամք որակվել։ Արդյո՞ք երեխաների լավագույն շահերից է բխում լինել նման խոցելի          իրավիճակում։

Այս գործում առկա է պետության համապատասխան մարմինների անգործություն, որը ենթակա է մանրամասն վերլուծության՝ մասնավորապես խնամակալության ու հոգաբարձության մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը։

Այս գործում աչք է զարնում նաև ակնհայտ անհամաչափ վճիռը՝ ընդամենը 30 հազար դրամի տուգանք։

Դատական համակարգում նման վճիռներն ամենևին եզակի երևույթներ չեն։ Սույն թվականի Հունվարի 22-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ էր կայացրել Արջուտ գյուղի բնակիչ Կ․ Խեչոյանին տուգանել 150 հազար դրամի չափով։ Խեչոյանը մեղադրվում էր կնոջը՝ Լ․ Ղաբուզյանին, և անչափահաս դստերը՝ Մարուսյա Խեչոյանին, պարբերաբար բռնության ենթարկելու մեջ։ Նա գոմում շղթայով կապում էր դստերն ու տարբեր տիպի կտտանքների ենթարկում, այդուհանդերձ դատարանը ոչ միայն համապատասխան վճիռ չկայացրեց, այլև խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը բռնարար վարքի տեր հոր խնամքին հատկացրեց Լ․ Ղաբուզյանի մյուս երեք անչափահաս երեխաներին։ Թե որքանով է երեխաների լավագույն շահից բխում այդ որոշումը, անհնար է հիմնավորել։

Ըստ այդմ, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» պահանջում է պատկան մարմիններից լրջորեն զբաղվել ընտանեկան բռնության արդյունքում տուժած երեխաների խնդրով, հատկապես այն դեպքում, երբ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական տվյալներով 2016 թվականին ընտանեկան բռնության արդյունքում 16 մահացության դեպքերից 3-ը մանկահասակ երեխաներ են, 10-ը՝ կանայք։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» երեխաների պաշտպանության համատեքստում ուշադրության կենտրոնում է պահում նաև ԴԱՀԿ ծառայության կամայականություններն ու այդ մարմնի տարբեր ստորաբաժանումներում առկա չարաշահումները, որոնք ակնհայտ անտեսում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը և չեն վերադարձում երեխաներին իրենց ծնողներին՝ ոտնահարելով         ծնողական    իրավունքները։

Ամեն երեխա պետք է ապրի ապահով երկրում, պաշտպանված լինի օրենքով և որևէ մարմին կամ կամայական որոշում չի կարող խոչընդոտել երեխաների՝ ՀՀ սահմանադրությամբ հաստատված իրավունքները։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031