Լրահոս
Օրվա լրահոսը

Էլ ում է ԱԱԾ-ն հրավիրել զրույցի, ով է վախեցել-գնացել, իսկ ով իրեն գրագետ և արժանապատիվ պահել. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 16,2016 11:55

ԱԱԾ-ն կարծես թե ցուցակագրել է բոլոր այն ակտիվ քաղաքացիներին, մշակութային-հասարակական գործիչներին, ովքեր տեսականորեն հնարավոր է միանան հայ-ադրբեջանական խաղաղության պլատֆորմին։ Դրանք առաջին հերթին ընդդիմադիր հայացքներով հայտնի մարդիկ են։ Քանի որ ամենասուր ընդդիմադիրները, որոնցից կարելի է նաև ծայրահեղ քայլեր սպասել, համակրանք են տածում «Սասնա ծռերի» նկատմամբ, ապա ցուցակի առաջին հորիզոնականում հենց նրանք են՝ «Սասնա ծռերին» այս կամ այն կերպ աջակցածները։

Կարծում ենք, հենց այս համատեքստում է օրեր առաջ ԱԱԾ զրույցի կանչվել երգահան Վահան Արծրունին։ Նա ոչ միայն հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և անթաքույց համակրում է «Սասնա ծռերին», այլև ամռանը Ազատության հրապարակում մասնակցում էր Ժիրայր Սեֆիլյանի տարեդարձին նվիրված հեղինակային երգի երեկոյին։

Երեկ հայտնի դարձավ, որ նույն օրերին ԱԱԾ է հրավիրվել քանդակագործ Հարութ Կարապետյանը։ Վերջինս, դատելով իր ֆեյսբուքյան էջից, նույնպես համակրում է «Սասնա ծռերին»։ Ի տարբերություն Վահան Արծրունու, Հարութ Կարապետյանը հրաժարվել է զրույցի բանավոր հրավերից և օրենքով սահմանված կարգով պահանջել է իրեն ծանուցագիր ուղարկել։ Դրանից հետո հեռախոսի մյուս ծայրում գտնվողը անցել է հայտնի նավթալինոտ ճնշման ձևերին. «Արա, դու երևի չհասկացար որտեղից են զանգում, ԱԱԾ-ից են զանգում, դու կապիկություն ես անում»,- քանդակագործի պատմելով՝ ասել է նա։

21-րդ դարի Հայաստանի կրթված քաղաքացուն այս նախադասությամբ այլևս չես ահաբեկի։ «Դուք պարտավոր եք ինձ հետ հարգանքով խոսել։ Ես ոչ մեկի հետ պարտավոր չեմ հանդիպել առանց ծանուցագրի, այլևս չզանգահարեք ինձ»,- պատասխանել է քանդակագործն ու անջատել հեռախոսը։

Էլ ում է ԱԱԾ-ն հրավիրել զրույցի, ով է վախեցել-գնացել, իսկ ով իրեն գրագետ և արժանապատիվ պահել՝ հայտնի չէ:

ԱԱԾ ցուցակում թերևս հաջորդը ընդդիմադիր կուսակցությունների անդամներն են, ընդդիմադիր քաղաքացիական ակտիվիստները։ Կարծում ենք՝ խոսքը իրականում այնքան էլ մեծ թվով մարդկանց մասին չէ, քանի որ այս դաշտի 50 տոկոսը, եթե ոչ ճնշող մեծամասնությունը ԱԱԾ բոլորովին այլ ցուցակներից են, իսկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հետ ԱԱԾ-ն առհասարակ որևէ աշխատանք չի տանի, հույսով, որ նրանք կտեղափոխվեն Բաքու՝ «բացելով իրենց իրական դեմքը»։

Այնուամենայնիվ, սույն մարտավարությունը արդյունավետ չի թվում։ Համենայնդեպս այն ժամանակ, երբ Վահան Արծրունուն հարցնում էին, թե ինքը ինչ կապ ունի «Հիմնադիր խորհրդարանի» հետ և ինչ միջոցներով է ապրում, արցախցի ակտիվիստը տեսակապով Բաքվի հետ էր խոսում։

Իսկ գուցե արժե Հայաստանի և Արցախի բնակչությանն ուղղված կո՞չ տարածել, որտեղ կլինեն կոնկրետ անձանց նկարները և Բաքվից նրանց գործունեության նկարագրությունը։ Եթե ԱԱԾ-ն պատվից ցած է համարում նման կոչը, որովհետև նաև իր պատճառով է այդ անձը հայտնվել Բաքվում, դա կարող է անել ՊՆ-ն, ոստիկանությունը կամ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։ Որևէ պետական գերատեսչություն։

Ի վերջո, ՀՀ քաղաքացիները պարտավոր չեն դեմքով ճանաչել Բաքվում աշխատանքի տեղավորվածին եւ կարող են զրույցի բռնվել ցանկացածի հետ ցանկացած թեմայով։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031