Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր հայտնի կդառնան ՀՀ նախագահի մրցանակի համար ստուգատեսի հաղթողները

Դեկտեմբեր 16,2016 10:50

Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կհրապարակվեն ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գուղական մարզական համայնք» եւ «Լավագույն մարզական բակ» ամենամյա ստուգատեսի հաղթողների անունները: Մրցույթն անցկացվում է 2004 թվականից եւ տարեցտարի ընդլայնվում է ինչպես մասնակից վարչական տարածքների աշխարհագրությունը, այնպես էլ տեղերում կատարվող աշխատանքների որակը:
Մրցութային հանձնաժողովը, որը գլխավորում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, յուրաքանչյուր տարվա սկզբին մրցույթի կանոնակարգերն ուղարկում է բոլոր մարզպետարաններ, Երեւանի քաղաքապետարան, որպեսզի ըստ անվանակարգերի մասնակցել ցանկացողները նախապատրաստվեն: Այնուհետեւ, մրցութային հանձնաժողովը նոյեմբեր ամսից ըստ ներկայացված հայտերի շրջայցեր է կատարում, տեղերում ուսումնասիրում է կատարված աշխատանքները եւ վերադառնալով Երեւան՝ ամփոփում է արդյունքները, որոշում ըստ անվանակարգերի երեքական լավագույններին:

Այս ստուգատեսի նպատակը ինչպես Երեւանում, այնպես էլ հանրապետության մյուս քաղաքներում ու մարզերում ազգաբնակչության շրջանում առողջ ապրելակերպն ու ակտիվ սպորտը արմատավորելն ու տարածելն է, որում լուրջ պարտավորություններ ունեն կատարելու թե մարզպետարանները, թե քաղաքապետարանները եւ թե գյուղական համայնքների ղեկավարները:

Խաչիկ Ասրյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ ըստ անվանակարգերի մրցույթներում երեքական լավագույնները ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից խրախուսվում են դրամական խոշոր պարգեւներով եւ հավաստագրերով: Ընդ որում, պարգեւագումարները պարտադիր պետք է օգտագործվեն տեղերում բնակչության համար առողջության պահպանման ու ամրապնդման նպատակով մարզումային պայմաններ ստեղծելուն, նոր խաղահրապարակներ կառուցելուն, եղածները նորոգելուն եւ թարմացնելուն: Պարոն Ասրյանը նաեւ հատուկ ընդգծեց, որ իր գլխավորած հանձնաժողովը տեղերում ուսումնասիրությունների ժամանակ խիստ պահանջկոտ է սահմանված չափորոշիչները լիովին բավարարված լինելու խնդրին ու նշեց, որ եղել են տարիներ, որ այս կամ այն անվանակարգում նախագահի մրցանակ չի շնորհվել:

Փոխնախարարը ձեռնպահ մնաց այս տարվա ստուգատեսի հաղթողների անունները նշելուց, ասելով, որ դրանք պաշտոնապես կհրապարակվեն այսօր:

 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

16.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031