Այսօր մի ռեպորտաժ եմ տեսել, որում Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը գործի էր գնում եւ աշխատանքից վերադառնում էր քաղաքային տրանսպորտով: Պաշտոնյայի նստած երթուղային տաքսիները եւ ավտոբուսները բարվոք վիճակում էին` բոլորը նստած, նստարանները քրքրված չէին, բոլոր պատուհանները փակվում էին, վերեւի անցքերից ոչ մի կաթիլ չէր թափվում: Ինչպես միշտ, մեր իշխանավորներին այլ իրականություն է «հանդիպում», քան մեզ` շարքային քաղաքացիներիս:
Այսօր ես էլ եմ հասարակական տրանսպորտով գնացել գործի: Առավոտյան ժամը 8-ին իմ տնից` Զովունիից նստել եմ թիվ 74 երթուղայինը, որը շատ արագ այնպես լցվեց, որ հաջորդ կանգառներին կանգնելու տեղ էլ չմնաց: (Բայց դարձյալ արձանագրեմ մեր ժողովրդի դրական կողմերը` այդ նեղության մեջ մարդիկ իրար օգնում էին, նստածները վերցնում էին կանգնածների պայուսակները, հնարավորինս տեղ էին տալիս, ժպտում էին իրար, ծնողներն իրենց երեխաներին դպրոց էին տանում` կարեւորելով ուսումը): 8.45-ին Աջափնյակում` Արզումանյան-Հալաբյան խաչմերուկում, նստեցի թիվ 8 ավտոբուսը, որտեղ մարդիկ այնքան խցկված էին, որ դուռն ինձ վրա երկար ժամանակ չէր փակվում:
Մենք իշխանավորների հետ ապրում ենք տարբեր` զուգահեռ, չհատվող իրականությունների մեջ: Չէի ասի, որ նրանց կյանքը մերինից ավելի թեթեւ է եւ լուսավոր, պարզապես նրանք ունեն, այսպես ասենք, «այլ տեսակի» խնդիրներ, որոնք տրանսպորտի, լույսի, գազի վարձի, ինչպես նաեւ վարկերը, պարտքերը փակելու հետ կապ չունեն: Նրանք, մասնավորապես, չեն սպասում, թե երբ են ստանալու աշխատավարձը` այդ ամենը մուծելու համար, եւ դեպրեսիայի մեջ չեն ընկնում, երբ ձմռանը գալիս է գազի հաշիվը: Հենց այդ տրամաբանությամբ էլ նրանց թվում է, որ հասարակական տրանսպորտի վիճակը բարվոք է:
Իրականում Երեւանի քաղաքապետարանին չի հաջողվել լուծել այդ խնդիրը` ի տարբերություն աղբահանության, որտեղ առաջընթացն ակնհայտ է: Ասվում է` կլինեն ներդրումներ, բայց սպասեք թանկացումների: Ընդհանուր առմամբ տրամաբանական է: Բայց մտավախություն ունեմ, որ ես թանկացումից հետո էլ եմ նստելու իմ նկարագրած երթուղային տաքսիները, որոնք, իմ կարծիքով, պետք է ընդհանրապես վերացնել որպես քաղաքային տրանսպորտ:
Կարդացեք նաև
Ես երազում եմ այն ժամանակների մասին, երբ ես ավտոմատից կամ կրպակից կգնեմ քաղաքային տրանսպորտի միասնական տոմս, ինչպես որ դա անում եմ եվրոպական քաղաքներում, որ վարորդները կզբաղվեն միայն իրենց մեքենաները վարելով, կստանան աշխատավարձ, ոչ թե փողոցում իրենց կկոտորեն եւ իրար դեմ կպայքարեն «պլան կատարելու» համար: Քանի որ 25 տարում իշխանությունները չկարողացան դա կազմակերպել, ուրեմն այս վիճակը ինչ-որ մեկին պետք է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ