Ինչո՞ւ եւ ինչպե՞ս են միավորվում Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը եւ Էդմոն Մարուքյանը կամ Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը ու Սեյրան Օհանյանը:
«Քաղաքական իրավիճակ է փոխվել, եւ գործընթացն ավելի շատ պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի` քաղաքական դաշտ մտնելու օրակարգով». այս համատեքստում է դիտարկում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների` 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին դաշինքով հանդես գալու որոշումը՝ անկախ այն հանգամանքից, որ այս ուժերից գոնե երկուսը` «Քաղաքացիական պայմանագիրը» եւ «Լուսավոր Հայաստանը», միմյանց մեղադրում էին հաճախորդ լինելու մեջ, իսկ Վանաձորի ավագանու ընտրություններում դեռահասների փողոցային կռվի մակարդակով անձնական վիրավորանքների շեմն էլ հատեցին:
«Անցողիկ շեմի խնդիր կա: Վերլուծելով, որ պարտվողական դիրքերում են, հարկ է առաջանում անցողիկ շեմը հաղթահարելու տարբերակներ գտնել»,- ասում է քաղաքագետը` հավելելով, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական վերադարձով այլեւս նման կարգի փոքր կուսակցությունները, անկախ իրենց ընդդիմադիր կամ այլ կողմնորոշումներից, չեն կարողանա իրենց տեղը գտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Հետեւաբար, քաղաքական գերակայությունից ելնելով, պատրաստ են մոռանալ նաեւ անցյալը` որդեգրելով դասական քաղաքագիտական ուղղությունը` հավերժական բարեկամներ եւ թշնամիներ չեն լինում: Ի դեպ, չի բացառվում, որ այս երեք կուսակցությունները միավորվեն մեկ կուսակցության մեջ: Այս առումով մեր զրուցակիցը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ անգամ 7 տոկոս հավաքելու խնդիր կա, ուստի ընդամենը 5 տոկոս հաղթահարելու խնդիր է դրվում. «Քաղաքական ներկապնակն այնքան խառն է այս պահին, որ անգամ 5 տոկոսի հաղթահարումը նորաստեղծ կուսակցությունների համար կարող է մեծ հաղթանակ լինել»:
Մեր զրուցակիցը նկատում է, որ դեռ կես տարի առաջ նույն «Լուսավոր Հայաստանն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» այլ ֆորմատով շատ ավելի լուրջ ազդեցություն կարող էին ունենալ ընտրական գործընթացի վրա, բայց Գագիկ Ծառուկյանը բոլոր խաղաքարտերը խառնեց:
Կարդացեք նաև
Արմեն Բադալյանը համամիտ է` Գագիկ Ծառուկյանն էլ վերադառնում է իշխանության «դաբրոյով», քանի որ նա հեռացավ քաղաքականությունից հենց նախագահի եւ իշխող կուսակցության ձեռամբ, երբ հանդես էր գալիս այլընտրանք ներկայացնող քաղաքական ուժի ղեկավարի դերում, մինչդեռ այժմ հայտարարվում է, որ Գագիկ Ծառուկյանն ընդդիմադիր դաշտում է լինելու: «Առանց իշխանական համաձայնության Գագիկ Ծառուկյանը չէր վերադառնա քաղաքական դաշտ: Այսինքն՝ եթե նա հիմա բացարձակ ընդդիմադիր լիներ, դա այլեւս խեղված իրականություն է: Այսինքն՝ ես հայաստանյան ընդդիմությունն ընդհանրապես շատ չակերտավոր երեւույթ եմ համարում:
Կուսակցությունների եւ քաղաքական գործիչների առյուծի բաժինն այսպես, թե այնպես համագործակցում է իշխանությունների հետ կամ իշխանական կլանի տարբեր ներկայացուցիչների հետ: Իսկ Գագիկ Ծառուկյանի` ընդդիմադիր ֆորմատում վերադարձը պայմանավորված է մեկ այլ հանգամանքով: Նոր Սահմանադրությամբ խորհրդարանում 1/3-ը պետք է լինեն ընդդիմադիրները: Ո՞վ պետք է ստանձնի այդ դերը, քանի որ այս տոկոսը բաշխելու խնդիր է առաջանում»,- ասում է Արմեն Բադալյանը` հավելելով, որ եթե իշխանությունն այնպիսի ընտրություններ նկարի, որի արդյունքում ընդամենը երեք կուսակցություն հաղթահարի անցումային շեմը, ապա «ծառուկյանական կողմը» պետք է հանդես գա ընդդիմադիրի դերում, այլապես իշխանության համար շատ ծանր իրավիճակ կստեղծվի. «Այսինքն՝ համաձայնեցված են գնում: Իսկ եթե մի քանի այլ կուսակցություն եւս անցնի, ապա իշխանությունը նաեւ այդ հարցն է լուծում իր համար, քանի որ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժը կամ դաշինքը կշարունակի մնալ այդ դերում: Տարբերակներն այս պահին շատ են, բայց անկախ այս կամ այն փոթորկվող ընդդիմադիր ուժերից կամ այլ գործոններից՝ խաղաքարտերը ՀՀԿ-ի ձեռքում են, եւ ՀՀԿ-ն կառավարում է բոլոր գործընթացները»:
Առհասարակ նախընտրական Հայաստանում դաշինքների ձեւավորման առումով մեր զրուցակիցը երկու գործոն է առանձնացնում` արտաքին քաղաքական եւ գործող իշխանությունների որոշակի թեւերի հետ լոյալությունը: Եռյակը հայտարարել է պրոեվրոպական դաշինքի մասին, որին կարող են միանալ նմանատիպ հակումներ ունեցող այլ ուժեր էլ: Գաղափար է շրջանառվում նաեւ երկրորդ դաշինքի ձեւավորման մասին` ի դեմս «Համախմբում»-ի, «Ժառանգության» եւ «Երրորդ հանրապետության»` Վարդան Օսկանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Սեյրան Օհանյան: Դրանք բոլորն էլ իրենց ներկայացնում են ընդդիմադիր հարթության մեջ: Քաղտեխնոլոգը չի կասկածում, որ բոլորն էլ հետաքրքիր անուններով հանդես կգան` «ինքնափիառման» սուրբ գաղափարից ելնելով, եւ նկատում է, որ բավական բարդ դրության մեջ է հայտնվելու ժողովուրդը` ընտրողը, որը դրանց տարբերակելու խնդրի առջեւ է կանգնելու:
Դիտարկմանը՝ փաստորեն, իշխող ՀՀԿ-ի կողմից առաջ մղվող այն թեզը, որ ՀՀԿ-ն միակ լուրջ քաղաքական ուժն է, որին արժանի ընդդիմություն չկա, դեռ օրակարգային է, քաղտեխնոլոգն այսպես արձագանքեց. «Հայաստանը դասական միակուսակցական պետություն է: Այստեղ գործում է միակուսակցական համակարգ, եւ դա չի նշանակում, որ մեկ կուսակցություն է գործում, այլ միայն մեկ կուսակցություն հնարավորություն եւ բավարար ռեսուրսներ ունի իշխանության գալու եւ այն պահելու: Այս պահին այդ ուժը ՀՀԿ-ն է: Ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիան, որն այլընտրանք պետք է լինի, մինչ օրս չի կայացել, որովհետեւ նույն կեղծ ընդդիմադիր ուժերի ներդրման միջոցով ջլատվում է ողջ դաշտը: «Բաժանիր, որ տիրես»՝ դասական հռոմեական քաղաքականությամբ ՀՀԿ-ն բոլորին զրկում է այլընտրանքից: Սա իշխող ռեժիմի եւ ՀՀԿ-ի հիմնական ուղենիշն է»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
15.12.2016