Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը՝ նոր դաշինքին սատարելու մասին

Դեկտեմբեր 16,2016 16:30

Նրա վստահեցմամբ՝ 3 ուժերի նոր ձեւավորած դաշինքը, ի տարբերություն Ծառուկյանի, որեւէ մեկի ազդեցությանը չի ենթարկվի

«Ես աջակցելու եմ այս թիմին իմ հնարավորությունների ներածի չափով»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը՝ նկատի ունենալով «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների նորաստեղծ դաշինքը:

Այդ դաշինքի անդամներից շատերը ժամանակին պայքարել են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմում, ու հիմա, քանի որ Տեր-Պետրոսյանը որոշել է նախընտրական պայքարի մասնակցել, ստացվում է, որ նաեւ միմյանցից են ընտրազանգված տանելու: Այս առնչությամբ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Շատ շատերն են պայքարել Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմում, բայց ավարտվեց Մարտի 1-ով, եւ մենք դեռ Մարտի 1-ի բացահայտման հարցում որեւէ հաջողություն չունենք: Այդ թիմի խնդիրն էր նաեւ Մարտի 1-ի խնդրի լուծմանը տանելը: Դրա համար այս դաշինքի հետ հույսեր կապելը ճիշտ է»:
Մենք ճշտեցինք՝ ասացիք, որ երբ պետք է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ակտիվանում է, ի՞նչ նկատի ունեք, կասկածնե՞ր կան նրա հետ կապված, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվությանը իր տարիքի հետ կապված՝ որպես հմուտ քաղաքական գործիչ, որը կարող է նաեւ իր խորհուրդներով խորհուրդ տալ, ես կասկած չունեմ, բայց ակտիվ քաղաքական գործընթացներում այսպիսի՛ միավորները կարող են հույսի հեռանկար դառնալ»:

Անդրանիկ Քոչարյանը վստահ է՝ այս դաշինքը տարբերվում է մյուս բոլոր դաշինքներից: Թե ինչո՞վ է տարբերվում՝ նա պատասխանեց. «Մարդկանց կենսագրությամբ, դա քի՞չ է»:
Մեր դիտարկմանը, որ նախընտրական դաշինքները սովորաբար աշխատում են մինչեւ ընտրությունները, իսկ երբ մանդատ են ստանում, ամեն ինչ փոխվում է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այս անգամ այդպես չի լինի»:
Հարցին՝ Գագիկ Ծառուկյանը հավանաբար շուտով կհայտարարի քաղաքական դաշտ վերադառնալու մասին, իշխանության պատվերո՞վ է նա գալիս, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ում պատվերով է վերադառնում, բայց իշխանության ցանկությամբ նա դուրս եկավ քաղաքականությունից: Եթե իշխանության ցանկությունը այդպես հեշտ կիրառելի դարձավ, կարծում եմ, որ նույն ձեւով՝ իշխանության ցանկությամբ ինքը պետք է վերադառնա»:

Նա վստահեցրեց, որ 3 ուժերի նոր ձեւավորած դաշինքը, ի տարբերություն Ծառուկյանի, որեւէ մեկի ազդեցությանը չի ենթարկվի. «Դրա համար այս ուժի միջոցով մարդիկ կարող են հստակություն մտցնել քաղաքական ընդդիմադիր դաշտում»: Անդրանիկ Քոչարյանը գիտի, որ իշխանությունը փորձելու է իր մարդկանց մտցնել թիմի ներսում եւ խառնաշփոթ առաջացնել, դա, ըստ նրա, իրենց ձեռագիրն է. «Միշտ այդպես է եղել, հիմա էլ կլինի, դրա համար ժողովրդին պետք է կարողանալ ցույց տալ, թե իրականում ով ինչ ձեւաչափի մեջ է քաղաքական խնդիրները փորձում լուծել»:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

15.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031