Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈԱԿ-ների ֆինանսավորմամբ ռեկորդակիրը գյուղնախարարությունն է

Դեկտեմբեր 16,2016 16:00

Իսկ արդարադատության նախարարության ՊՈԱԿ-ին միայն
թարգմանությունների համար 217 միլիոն դրամ է հատկացվել

Դեռ հոկտեմբերին վարչապետն ասել էր. «ՊՈԱԿ-ները կա՛մ կենտրոնացնում ենք, կա՛մ հրաժարվում ենք դրանցից… այդ ողջ ատրիբուտիկան, ամեն ինչը մաքրում ենք, մեզ պետք է ծախսերի կտրուկ նվազեցում»: Այս հանձնարարականից հետո կառավարության գրեթե բոլոր նիստերին տարբեր գերատեսչություններ ՊՈԱԿ-ների միավորման ու դրանց թվի կրճատման մասին որոշման նախագծեր են ներկայացնում: Բայց դատելով ՊՈԱԿ-ների քանակից եւ դրանց ֆինանսավորման ծավալներից ու գործառույթներից՝ կրճատման շատ բաներ կան:

ՊՈԱԿ-ների ֆինանսավորմամբ ռեկորդակիրը գյուղատնտեսության նախարարությունն է: Պետական բյուջեի հաշվին ամենամեծ ֆինանսավորումը բաժին է ընկնում այս նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին. անտառպահպանման համար այս ՊՈԱԿ-ին 2016-ին հատկացվել է 1,2 միլիարդ դրամ:

Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին այս տարի պետական բյուջեից հատկացվել է 347 միլիոն 892 հազար դրամ՝ գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման եւ կենդանական ծագում ունեցող հումքի եւ նյութի, բույսերի կարանտինի, գյուղմշակաբույսերի եւ բույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր փորձաքննությունների իրականացման համար:

Գյուղնախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին էլ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման համար այս տարի հատկացվել է 620 միլիոն 476 հազար դրամ: Այս նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտներում ծառայությունների մատուցման համար այս տարի 135 միլիոն 239 հազար դրամ է տրամադրվել: Նույն նախարարության
«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին սերմերի որակի ստուգման եւ պետական սորտափորձարկման միջոցառումների համար էլ այս տարի հատկացվել է 59 միլիոն դրամ: Նշված ՊՈԱԿ-ների աշխատանքների արդյունավետությունը թերեւս մասնագետները կարող են գնահատել, բայց հաշվի առնելով բյուջեի սղությունը՝ գուցե հարկ կա վերանայելու սրանց ֆինանսավորումն ու աշխատանքները:

Կառավարության աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ին կառավարության աշխատակազմին ամրացված շենքերի եւ այլ գույքի սպասարկման համար 2016 թվականին պետական բյուջեից տրամադրվել է 387 միլիոն 505 հազար դրամ: Այս ՊՈԱԿ-ի գործառույթն է իրականացնել կառավարության աշխատակազմին ամրացված շենքերի ընթացիկ պահպանման եւ շահագործման աշխատանքները, կատարել կապի միջոցների, ջեռուցման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, կոյուղու, կաթսայատների, էլեկտրատեխնիկական սարքավորումների եւ ապարատների, վերելակային տնտեսությունների ինժեներատեխնիկական սպասարկում: Կառավարության «Սպասարկում» ՊՈԱԿ-ի գործառույթներից են նաեւ իրականացնել կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ եւ պատրաստի սննդի մատակարարան աշխատանքներ:

Մեկ այլ խոշոր ծավալի գումարներ էլ, որոնք բաժին են ընկնում կառավարության աշխատակազմին, «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ին է բաժին ընկել. այս տարի այդ ՊՈԱԿ-ին հատկացել է 191 միլիոն 511 հազար դրամ՝ կառավարության ինտերնետ կայքի խմբագրական կազմակերպական աշխատանքները եւ նյութերի թարգմանությունը, կառավարության գործունեությունը լուսաբանող «Հրապարակում» հեռուստածրագրի պատրաստումը, պաշտոնական միջոցառումների նկարահանումն ու արխիվացումը, ԶԼՄ մոնիթորինգը, հասարակություն-կառավարություն կապի ապահովումը ԶԼՄ-ների եւ սոցցանցերի հրապարակումների համար:
Կառավարության գնումների աջակցման կենտրոնին գնումների գործընթացը կազմակերպելու համար էլ այս տարի տրամադրվել է 156 միլիոն 725 հազար դրամ: Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին դատաբժշկական գենետիկ ծառայությունների համար անցյալ տարի տրամադրվել է 387 միլիոն 458 հազար դրամ, այս տարվա ֆինանսավորման տվյալները չկան կառավարության կայքէջում: Այս նախարարության մեկ այլ ուշագրավ՝ կրկին նախորդ տարվա ֆինանսավորումն էլ տրվել է «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ-ին: Գրադարանային ծառայությունների համար սրան հատկացվել է 62 միլիոն 835 հազար դրամ:

Մեծ փողեր են ստանում նաեւ արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ները: Օրինակ՝ «ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին թարգմանչական աշխատանքներ կատարելու համար այս տարի հատկացվել է 217 միլիոն 499 հազար դրամ: Այս նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է մոտ 240 միլիոն դրամ: «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ին վերապատրաստման ծառայությունների համար էլ հատկացվել է 253 միլիոն դրամ: «Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման եւ հատուկ ուսուցման ծառայությունների համար այս տարի տրամադրվել է 345 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ այս ՊՈԱԿ-ն ու «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ները միավորվել են, նախատեսվում է զգալի գումարների տնտեսում:
Կան ՊՈԱԿ-ներ, որոնց ֆինանսավորումը չի գերազանցում 10 միլիոն դրամը, սակայն գուցե հարկ կա ստուգելու նաեւ քիչ ֆինանսավորվող ՊՈԱԿ-ների օգտակար գործողության գործակիցը:

Եթե վարչապետը մեկ անգամ աչքի անցկացներ կառավարության կայքէջը, որտեղ նշված են ՊՈԱԿ-ների ֆինանսավորման ծավալները, ապա, հավանաբար, արհեստավարժ մենեջերի իր հոտառությամբ կնկատեր, թե որ ՊՈԱԿ-ների ֆինանսավորումն է ուռճացված, ծախսերն էլ՝ անարդյունավետ:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

 

«Առավոտ»

15.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031