Անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին Ցամաքասար տանող ճանապարհին տեղի էր ունեցել ավտոտրանսպորտային պատահար՝ «ՎԱԶ» 2109 մակնիշի 34 QT 347 համարանիշի եւ «OPEL VECTRA» մակնիշի 87 CZ 007 համարանիշի ավտոմեքենաների մասնակցությամբ:
ՃՈ եզրակացության համաձայն, պատահարը պայմանավորվել էր Վահագն Ասատրյանի ոչ իրավաչափ գործողություններով: Տուժող կողմից ստացված ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմումի հիման վրա` ապահովագրական ընկերության կողմից կազմվել է ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ թիվ 1240 որոշումը:
Ապահովագրական ընկերությունը դիմել է դատարան: Սակայն «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊ ընկերության հայցն ընդդեմ «ՎԱԶ»-ի վարորդի՝ Վահագն Ասատրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է:
Եթե վճիռն օրինական ուժի մեջ մտնի, ապա ապահովագրական ՍՊ ընկերությունից հօգուտ պետական բյուջեի կբռնագանձվի 792 000 ՀՀ դրամ, սկսած 2016 թվականի ապրիլի 27-ից մինչեւ վճռի հրապարակման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարի երկու տոկոսի չափով, որպես վճարման ենթակա պետական տուրքի գումար:
«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվության ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Գեւորգյանն այս տարվա մայիսի 27-ին դիմել էր դատարան, խնդրել Վահագն Ասատրյանից հօգուտ իրեն բռնագանձել ոչ միայն նշյալ 792 000 ՀՀ դրամը, այլ միաժամանակ միջնորդել էր հայցագնի չափով արգելանք դնել քաղաքացու գույքի եւ դրամական միջոցների վրա:
Դատարանը հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությունը մերժել էր:
Ապահովագրական ընկերության եւ Վահագն Ասատրյանի միջեւ անցյալ տարվա հունիսի 6-ին կնքվել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագիր»: Նշված վկայագրով ապահովագրվել է «ՎԱԶ 2109» մակնիշի 34 QT 347 համարանիշի ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը:
Կարդացեք նաև
Պատահարը տեղի էր ունեցել ժամը 06:30-ի սահմաններում՝ ՃՈ եզրակացության համաձայն, սակայն ինչպես այս ընկերության հետ կապված դատական գործընթացները լուսաբանելիս եմ նկատել, ըստ ապահովագրողի, պատահարի մասին իրենց ծանուցվել է 1 ժամ 12 րոպե անց, «դրանով իսկ պատասխանողների կողմից խախտվել է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագրի 13-րդ կետը, ինչպես նաեւ վկայագրի անբաժանելի մասը կազմող ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանները»: Այն է՝ «անհապաղ» չեն հայտնել:
Մինչդեռ, դատարան հրավիրված վկաներից մեկը հայտնել էր, թե դեպի Ցամաքասար եւ գյուղ տանող ճանապարհին տեսել է վթարված մեքենա, որը հետագայում պարզվել է, որ Վահագն Ասատրյանի մեքենան է. «Մոտենալով մեքենային՝ տեսա, որ այն մխրճված է քարերի մեջ, ինչի արդյունքում վարորդը չէր կարողանում մեքենայից դուրս գալ եւ վերջինս գտնվում էր շոկային վիճակում: Ես մի կերպ բացեցի մեքենայի հետեւի դուռը, վարորդին ուղղություն եւ օգնություն ցույց տվեցի մեքենայից դուրս գալ, որից հետո տեսնելով տուժող Գրիգորյանի մեքենան գլխիվայր շրջված, մոտեցա՝ վերջինիս օգնություն ցույց տալու: Տուժողը մեքենայի մեջ էր, անգիտակից վիճակում, փորձել եմ նրան ուշքի բերել, բայց ապարդյուն: Այդ ժամանակ հավաքվեցին ճանապարհով անցնող անծանոթ մարդիկ, որոնց օգնությամբ, այդ թվում նաեւ Վահագն Ասատրյանի, շրջեցինք եւ ուղղեցինք մեքենան, այնտեղից դուրս բերելով տուժողին, ուշքի բերելով նրան: Այդ ժամանակահատվածում տուժողին է զանգահարել վերջինիս հորեղբոր որդին: Վերջինի զանգին պատասխանեցի եւ հայտնեցի վթարի մասին»:
Դատարանում վկան հայտնել էր, թե վարորդները շոկային վիճակում էին, եւ դեպքի վայր եկած տուժողի հորեղբոր որդին է վարորդներին հուշել, թե պետք է զանգահարեն ԱՊՊԱ գործակալություն: Տուժողն իր հեռախոսահամարից չի կարողացել զանգել, քանի որ ներցանցային զանգեր կարող էր կատարել, իսկ Վահագնը գտնվելով դեռեւս շոկային վիճակում՝ չէր կարողանում փաստաթղթերի միջից գտնել իր ԱՊՊԱ-ի հեռախոսահամարը եւ նրան այդ ժամանակ հեռախոսահամարը գտնելու համար օգնել է տուժողի հարազատը:
«OPEL VECTRA» մակնիշի 87 CZ 007 համարանիշի ավտոմեքենային պատճառված վնասի չափը գնահատվել է 792 000 ՀՀ դրամ` ԱՊՊԱ ոլորտում գնահատող փորձագետ, գույքային վնասների գնահատման բաժնի մասնագետի կողմից:
Անդրադառնալով «անհապաղ» զանգել-չզանգելու մասին ավանդական դառնող վեճին, ինչը իրավունք է վերապահում ապահովագրողին՝ խախտվելու դեպքում դիմելու դատարան, նորից իրավական գնահատականների հիմքում դրվեց Վճռաբեկ դատարանի թիվ ՏԴ3/0222/02/13 քաղաքացիական գործով կայացված որոշումը:
Համաձայն այդ որոշման. «Վճռաբեկ դատարանը, հարկ համարելով անդրադառնալ օրենսդրի կողմից նախատեսված` ապահովագրական ընկերությանն ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու պարտականության կատարման «անհապաղության» եզրույթի ընկալմանն ու մեկնաբանմանը, գտնում է, որ այն ունի հետեւյալ բովանդակությունը. «անհապաղ» նշանակում է առանց հապաղելու, անմիջապես, նույն պահին, հնարավորինս արագ, առավելագույնս սեղմ ժամկետում: Ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում վնաս պատճառած անձի եւ (կամ) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ, եթե ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում եւ կարգով, այսինքն` անհապաղ (ողջամիտ ժամկետում կամ օբյեկտիվորեն առաջին իսկ հնարավորության առկայության պարագայում) ապահովագրական ընկերությանը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին»:
Պատասխանողի ներկայացուցիչ Ի. Վարդանյանը պահանջի դեմ առարկել է անհիմն եւ ոչ իրավաչափ լինելու պատճառաբանությամբ: Ապահովագրականը սպասում է երկրորդ ատյանի վճռի հրապարակմանը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
15.12.2016