Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը ճնշում է հայկական կողմին ԼՂ հարցում

Դեկտեմբեր 16,2016 12:00

Մոսկվայի կեցվածքը հակասում է
խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջնորդի դերին

Օրերս Համբուրգում ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը: ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրոն, հայտարարություն են տարածել, որում շեշտել են, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պետք է «ճկունություն ցուցաբերեն եւ վերադառնան բանակցությունների սեղանի մոտ»:

Լավրովը, Քերին եւ Էրոն պատրաստակամություն են հայտնել հյուրընկալել երկու նախագահների հանդիպումը, «երբ նրանք դրան պատրաստ կլինեն»: «Մենք համոզված ենք, որ նախագահները պետք է բարեխղճորեն եւ հնարավորինս շուտ ներգրավվեն բանակցություններին: Նախագահների շարունակական եւ ուղիղ երկխոսությունը համանախագահների հովանու ներքո շարունակում է վստահության ամրապնդման եւ խաղաղ գործընթացն առաջ մղելու առանցքային բաղկացուցիչը մնալ,- նշել են համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները: – Եթե բանակցություններում առաջընթաց չարձանագրվի, նոր բախումների հավանականությունը շարունակելու է աճել, եւ կողմերը կրելու են դրա ամբողջ պատասխանատվությունը», – զգուշացրել են նրանք: ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ են արել վերսկսել բանակցությունները եւ հարգել նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու մասին:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիեննայում մայիսի 16-ին եւ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի ունեցած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները չի հարգում պաշտոնական Բաքուն, ավելին` Ադրբեջանի իշխանությունները մերժել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման եւ ԵԱՀԿ-ի կողմից հետաքննական մեխանիզմի ստեղծման առաջարկները: ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն, օրինակ, չնայած Բաքվի մերժողական հայտարարություններին՝ մի քանի անգամ (այդ թվում եւ «Առավոտ»-ին տված հարցազրույցում) հայտարարել է, որ այդ առաջարկները պետք է կյանքի կոչվեն:

Պարզ է, որ հայկական կողմի համար այս երկու առաջարկների իրագործումը կենսական նշանակություն ունի, եւ դրանց կիրառումը բանակցությունների վերսկսման պայման է, այլապես եթե չկա երաշխիք, ու ռազմական գործողությունները ամեն վայրկյան կարող են սկսվել, անիմաստ է դառնում շարունակել բանակցությունները` հերթական անգամ բախվելով պաշտոնական Բաքվի ապակառուցողական կեցվածքին:
Փաստ է, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն արհամարհեց 1994-95թթ. հրադադարի պայմանագրերը, այլեւ միջնորդների պահանջները` հետապրիլյան շրջանում: Բայց որքան շարունակվեն Բաքվի մերժողական կեցվածքը ու նրա քմահաճությունները, միջնորդներն այնքան ավելի հաստատակամ պետք է մնան իրենց պահանջներում: Սա միակ տարբերակն է Ալիեւին «սանձելու»:
Սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ռուսաստանը խիստ կասկածելի դիրք է բռնել: Փոխանակ պաշտոնական Բաքվից պահանջեն ներկայացված առաջարկների կատարում` Մոսկվան ստանձնել է Ադրբեջանի մերժողական կեցվածքին «դուխ տալու» դերը:

Համբուրգում ԼՂ խնդրին է անդրադարձել նաեւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հայտարարելով, թե հակամարտության գոտում նոր դիտորդների տեղակայման շուրջ փոխհամաձայնություն ձեռք չի բերվել. «Այդ մասին պայմանավորվածությունը պետք է ամրագրվի ԵԱՀԿ որոշմամբ, բայց որպեսզի դա իրականություն դառնա, կոնսենսուս է հարկավոր: Դիտորդների թիվը ավելացնելու շուրջ կոնսենսուս կա, սակայն փոխհամաձայնություն չկա նրանց տեղակայման վայրի շուրջ: Իմ կարծիքով՝ նրանք պետք է տեղակայվեն շփման գծում, բայց այս հարցում դեռ կոնսենսուս չկա»:
Ինչո՞ւ չկա կոնսենսուս, ո՞ւմ մեղքով չկա, կամ ինչպե՞ս է գնահատում Լավրովը պաշտոնական Բաքվից արդեն մի քանի անգամ հնչած մերժողական հայտարարությունները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման եւ ԵԱՀԿ-ի կողմից հետաքննական մեխանիզմի ներդրման վերաբերյալ:
Եթե Լավրովը ստանձնել է ձախողված բանակցություններում փոխհամաձայնությունների տապալումն արձանագրելու դերը, ապա որպես անկողմնակալ միջնորդ՝ նա պետք է նաեւ բացահայտեր, թե ո՞ւմ մեղքով են բանակցությունները մտել փակուղի, ո՞վ է մերժում միջնորդների առաջարկները: Իսկ այդ առաջարկների կյանքի կոչման դեպքում էականորեն կնվազի Ալիեւի կողմից սադրիչ գործունեությունը շփման գծում:

Իսկ գուցե Ռուսաստանին ձեռնտո՞ւ է, որ Ալիեւը նման «ազատություն» ունենա մշտապես: Սա ոչ այլ ինչ է, քան Մոսկվայի կողմից ճնշման գործադրում հայկական կողմի ուղղությամբ՝ հետեւյալ տրամաբանությամբ. կա՛մ մոռացեք միջնորդների երկու պահանջները ու զիջումների գնացեք, կա՛մ… Նորից պատերա՞զմ…
Ստացվում է՝ համանախագահող երկրների ներկայացուցիչները տարածած հայտարարությամբ շարունակում են պահանջել Ալիեւից (թեեւ կոչն ուղղակի Ալիեւին չի ուղղված) հարգել նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու շուրջ, իսկ Լավրովը Ալիեւին դրդում է նորից մերժել այդ կարեւոր պահանջները:

Մեկ այլ ուշագրավ դրվագ էր Համբուրգում ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում կայացած հանդիպումներից ու ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ մի քանի օր ինտենսիվորեն հնչող հայտարարություններից հետո տեղեկությունն այն մասին, թե ՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկումներ է ծավալել ԼՂ հարցով: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի` ՌԴ կատարած այցի արդյունքներով Թուրքիան ու Ռուսաստանը պայմանավորվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման շուրջ, ըստ լրատվամիջոցների` այս մասին հայտնել է Թուրքիա-Ռուսաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռեջաի Բերբերը։ «Անկասկած է, որ այդ խնդրի լուծումը կհանգեցնի տարածաշրջանի կայունությանն ու նրա քաղաքացիների բարեկեցության մեծացմանը։ Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, ինչպիսին որ Թուրքիայի ու Վրաստանի հարաբերություններն են։ Սակայն Երեւանի ու Անկարայի լավ հարաբերությունների ուղին անցնում է Ղարաբաղով»,- նշել է Բերբերը։

Իսկ ռուսաստանցի պաշտոնյա` Ռուսաստանի դաշնությունների խորհրդի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն էլ օրերս իր պարտքը համարեց ընդգծել, որ հայ-ռուսական համատեղ զորախմբի ստեղծումը «ոչ մի խնդիր չի առաջացնում Ադրբեջանի համար, որովհետեւ Ադրբեջանը Ռուսաստանի ամենամոտ ռազմավարական գործընկերն է»: Պուշկովի խոսքով՝ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ընդլայնումը չի կարող ուղղված լինել Ադրբեջանի դեմ. «Մոսկվան հավասարակշռություն է պահում Բաքվի եւ Երեւանի միջեւ: Կարծում եմ, որ Մոսկվան չի խախտում եւ չի խախտելու այդ հավասարակշռությունը: Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Մենք Հայաստանի հետ համագործակցում ենք ՀԱՊԿ եւ Եվրասիական միության շրջանակում: Կարծում եմ, որ Բաքուն լավ հասկանում է այս ասպեկտը: Ռուսաստանի քաղաքականությունում ոչինչ չեմ տեսնում, որը կարող է անհանգստություն առաջացնել Ադրբեջանի համար»:
Ստեղծված իրավիճակում, թերեւս, բոլորովին էլ պատահական չէր Ստեփանակերտում մշակույթի գործիչների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետեւյալ արձանագրումը` «այս պահին բանակցություններ չկան»: Իսկ պատասխանելով Երեւանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հարցին, թե ինչու է հատկապես հիմա նախագահը որոշել այցելել Ղարաբաղ, Սերժ Սարգսյանը նշեց. «Դա ներքին պարտադրանք է, որովհետեւ հիմա այն ժամանակահատվածն է, երբ ե՛ւ զորքը, ե՛ւ բնակչությունը, ե՛ւ ԼՂՀ քաղաքացիներն արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու…»:

 
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

15.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031