Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսին է «Մանկությունը լուսանցքում»

Դեկտեմբեր 16,2016 15:00

Անի Անտոնյանը՝ իր լուսանկարչական ցուցահանդեսի մասին

Հրազդանի Երկրագիտական թանգարանում վերջերս բացվեց լրագրող Անի Անտոնյանի «Մանկությունը լուսանցքում» լուսանկարչական ցուցահանդեսը: Զրուցեցինք հեղինակի՝ Անի Անտոնյանի հետ:

– Անի՛, լինելով լրագրող, սպասվում էր, որ պետք է գրեիր, ոչ թե ֆոտոշարքի միջոցով ինչ-որ բան ներկայացնեիր. ինչո՞ւ ընտրեցիր այս տարբերակը:

– Ամռանը մասնակցեցի «Ֆոկուս» արվեստի հ/կ-ի ACTV նախագծին, որին մասնակցում էին 10 լրագրողներ՝ տարբեր լրատվամիջոցներից: Նախագծի ընթացքում պետք է ներկայացնեի մի նախագիծ, որը, եթե հաղթեր, իրականացվելու էր կազմակերպիչների անմիջական աջակցությամբ: Հուրախություն ինձ՝ նախագիծս երեք հաղթողներից մեկն էր: Այդպես իրականացավ Ֆոտոցուցահանդեսս:

cucahandes-2

– Նկարներումդ խարխլված տներ են եւ երեխաներ. ինչո՞ւ հենց նրանք:

– Թիրախումս եղել են «Տնակներ» կոչվող թաղամասը եւ այնտեղ ապրող երեխաները, որովհետեւ միշտ ապրել եմ այդ տնակների կողքին եւ տեսել եմ, որ վերաբերմունքը տարբեր է այնտեղի բնակիչների նկատմամբ: Նույնիսկ փոքր տարիքում մեզ արգելում էին նրանց հետ շփվել, խաղալ՝ պատճառաբանելով, որ նրանք անդաստիարակ են, վարվեցողության տարրական կանոններից զուրկ, անգամ ասում էին, որ գողություններ են անում: Հիմա այդտեղ ապրում է չորս ընտանիք, որոնք փախստականի կարգավիճակ ունեն: Նրանք չունեն նորմալ աշխատանք, տնակները նորմալ վիճակում չեն, երեխաներին տանում են գիշերօթիկ դպրոցներ, որը մի փոքր թեթեւացնում է նրանց վիճակը, երբեմն էլ հենց երեխաներն են աշխատում եւ օգնում ծնողներին: Ասեմ նաեւ, որ ծնողներն էլ հիմնականում ամուսնալուծված են:

Հիմնական նպատակս ցույց տալն է, որ նորմալ երեխաների կողքին կան նաեւ այսպիսի առօրյայով եւ կենցաղով ապրող երեխաներ, ովքեր հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ: Չեմ ցանկացել, որ լաց ու կոծ լինի, պարզապես նպատակ եմ ունեցել արձանագրել իրականությունն ու տարբերությունը:

cucahandes_4

– Իսկ ինչո՞ւ ես ցուցահանդեսի խորագիրը դրել «Մանկությունը լուսանցքում»:

– Խորագրի ընտրությունը կատարել եմ ինձ շատ մոտ մարդու օգնությամբ: Եվ լուսանցքում, որովհետեւ որքան էլ որ այդ երեխաները ազատության մեջ են եւ, թվում է, անկախ են, միեւնույն է՝ նրանց հնարավորությունները խիստ սահմանափակ են:

cucahandes_3

– Առաջիկայում նախատեսո՞ւմ ես նման այլ նախագիծ, թե՞ կսահմանափակվես միայն սրանով:

– Այլ ցուցահանդեսներ դեռ չեմ նախատեսում, բայց կա առաջարկ նույն նկարները ներկայացնել նաեւ Երեւանում:

 
Զրուցեց ԳԱՅԱՆԵ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է
Անի Անտոնյանը

 

«Առավոտ»

15.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031