Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այրվել հանուն ապագայի

Դեկտեմբեր 16,2016 14:30

Դժվար է հավատալ, որ Արմեն Երիցյանն այլեւս մեզ հետ չէ։ Բայց իրականությունն ավելի դաժան է…

Այս պահերին աչքիդ առջեւով անցնում են լավ ընկերոջ ու բարեկամի, պետական գործչի կյանքը եւ գործը, որին առնչվել ես նաեւ քո լրագրողական գործունեության ընթացքում ու տեսել պետականության կայացման առաջնադիրքերում գտնվող ու անընդհատ պայքարող անհատին, ում համար չկար գիշեր-ցերեկ, ոչ աշխատանքային ժամ, շաբաթ-կիրակի, հանգստյան օր։ Նրա համար կարեւորը նպատակն էր ու դրա իրագործումը։
Մի քանի ամիս էր, ինչ նշանակվել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ Մի օր ցանկություն հայտնեցի, գնալ տեսնել, թե ինչ է հասցրել անել։ Պետք էր տեսնել այն ոգեւորությունը, նպատակամետությունը, երբ անցնում էինք սրահից սրահ, սենյակից սենյակ բացատրում ու ցույց տալիս ամեն մեկի գործառույթի կարեւորությունը եւ նշանակությունը։

«Մեր նման երկրի համար արտակարգ իրավիճակը պետք է սպասելի լինի ամեն պահի,- ասում էր նա,- գերխնդիրը դրան պատրաստ լինելն է»։ Եվ իսկապես, նա կարողացավ շատ բանի հասնել։ Աշխատում էր հանգիստ, առանց ավելորդ հրապարակայնության, կարեւորը արդյունքն էր, իսկ դա կար։ Թվարկելով ասում էր՝ սա էլ ունեցանք, սա էլ, սա էլ…
Ականջալուր էր ցանկացած խնդրի ու ահազանգի, անտարբերությունն իր համար ընդունված չէր, իսկ լուծումների արագ էր հասնում, որովհետեւ դրան գնում էր նպատակային եւ արդյունավետ քայլերով։

Ոչինչ չէր մոռանում, նրան հիշեցնելու կարիք չկար։ Իսկական պետական գործիչ էր, պետության պատիվն ու արժանապատվությունը պաշտպանող, մինչեւ վերջ նվիրյալ, վստահության նկատմամբ մեծ պարտքատեր, անընդհատ ստեղծող ու արարող։
Ավելի քիչ էր խոսում ընտանիքի մասին, չնայած հրաշալի կողակից, դստրեր ու թոռներ ուներ։ Լավ էր գիտակցում իր անցած ուղին, իր ապրած ու չապրած տարիները, ոչինչ ու ոչ-ոքի չէր մոռանում։ Չէր մոռանում անգամ այն, ինչ եղել էր իր կենսագրության արահետներում եւ ձգտում էր, որ մարդը չմոռանա ու գնահատի իր անցյալը, ապրի իր ժամանակով, հունդեր ցանի հանուն ապագայի։

Նա այս առումով ցույց է տալիս լավագույն օրինակը՝ այրվել հանուն ապագայի։
Եվ պատահական չէ, որ նա բազմաթիվ արժեքների կրող էր, դրա համար էլ երկար ենք հիշելու Արմեն Երիցյան մարդ-անհատականությանը։

Լուսավոր լինի նրա բարի հիշատակը։

ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ

բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ»

15.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031