Խաղալիքների մի քանի խանութներ այցելելով նկատում ես, որ փափուկ խաղալիքներին փոխարինելու են եկել պլաստմասսե խաղալիքները եւ դրանք հիմա ավելի շատ են վաճառվում: Աղջիկ երեխաների համար առավել հաճախ առաջարկվում են մուլտհերոսների կերպարներով տիկնիկները, օրորցները, տնակները, իսկ տղաների համար բացառապես մեքենաները, զենքերը, գնդակները: Իսկ հոգեբանի եւ մանկաբույժի կարծիքները եւ խորհուրդները կարող են ձեզ օգնել ճիշտ ընտրություն կատարել ամանորյա տոներին խաղալիք ընտրելու հարցում: Հոգեբան Սաթեն Գրիգորյանն ասում է, որ խաղալիքները կարող են ունենալ եւ դրական, եւ բացասական ազդեցություն՝ կախված ընտրությունից. «Խաղալիք ընտրելիս պետք է հետեւողական լինել, քանի որ այն կարող է երեխայի մոտ առաջ բերել ակնհայտ ագրեսիա: Պետք է նաեւ ուշադրություն դարձնել, թե խաղալիքը որ սեռի երեխայի համար է նախատեսված. չի կարելի աղջկան տղայի խաղալիք տալ եւ հակառակը: Ցանկալի է շեշտը դնել զարգացնող խաղերի վրա, քանզի դրանք երեխաների մոտ զարգացնում են ուշադրությունն ու ինտելեկտը: Խաղալիքների վրա նշված է լինում նաեւ, թե որ տարիքի համար է նախատեսված, որը նույնպես անտեսել չի կարելի»:
Մանկաբույժ Աշխեն Դավթյանը նշում է, որ առաջնահերթ պետք է ուշադրություն դարձնել հենց փաթեթավորմանը, քանի որ դա շատ բան կարող է ասել խաղալիքի որակի մասին: «Ծնողն, իհարկե, չի կարող որոշել, թե ինչ նյութից է պատրաստված խաղալիքը, բայց դրա հոտը կարող է հուշել: Անվտանգության տեսանկյունից ցանկալի է, որ խաղալիքների վրա փոքր մասերը գերիշխող չլինեն»,-ասում է հոգեբանը:
Ծնողները հաճախ ընդառաջում են երեխաներին` ընտրելով նրանց ուզած խաղալիքը, բայց պետք չէ մոռանալ դրանց ազդեցությունների մասին. չէ՞ որ երեխայի ֆիզիկական եւ հոգեբանական առողջությունն ավելի կարեւոր է:
ԳԱՅԱՆԵ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ www.armradio.am-ի
Կարդացեք նաև
«Առավոտ»
15.12.2016