ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք տասնութերորդ
Գլուխ վաթսուներեքերորդ
Կարդացեք նաև
ՀԱՐՍԱՆԻՔԸ
Հիմա մտածում եմ նաեւ, որ Ջիվանին էլ է իր նյութականի պատճառով փափագել հարսանիքների կանչվել, եւ չնայած Գյումրին միշտ էլ մշակութային առումով աչքի է ընկել, այդուհանդերձ, փաստորեն, էդ թվերի Գյումրիում եղել է մի շրջան, որ աշուղ Ջիվանուն հարսանիք չեն կանչել, եւ չնայած Ջիվանին ենթադրում է թե՝ իր սպիտակ մազերի պատճառով իրեն հարսանիք չեն կանչել, իմ կարծիքով պատճառն ամենեւին էլ Ջիվանու սպիտակ մազերի առկայությունը չի եղել, եւ Ջիվանու մտքով անգամ չի անցել, որ իրեն հարսանիք չկանչելու հիմնական պատճառն իր երգերն են, ավելի ճիշտ՝ իր երգերի չափազանց բարձր մակարդակը, որովհետեւ հարսանքավորները չեն սիրում լուրջ ու խորիմաստ երգեր, եւ Ջիվանու դեպքում, ըստ ամենայնի, հենց էդպես էլ եղել է, մանավանդ որ՝ էդ հարսանիքների կազմակերպիչների մտքի ծայրով անգամ չի անցել, որ իրենք հարսանիք չեն հրավիրում մեկին, ով հետագայում հանդիսանալու է մեր ժողովրդի ամենասիրած աշուղը, եւ եթե էդ հարսանիքների կազմակերպիչների մտքի ծայրով անգամ էդ անցներ, նրանք հաստատ առաջին հերթին հենց աշուղ Ջիվանուն հարսանիք կկանչեին, որովհետեւ մեր հարսանքավորներն ու հարսանիքների կազմակերպիչները, լուրջ ու խորիմաստ երգեր չսիրելով հանդերձ, շատ են ուզում, որ իրենց հարսանիքներն անվանի երգիչներ ու կատարողներ ծաղկացնեն, ու հետո տարիներ շարունակ հպարտանում են, որ իրենց հարսանիքին այսինչ հանրահայտ երգիչն ու կատարողն են երգել կամ նվագել, ճիշտ այնպես, ինչպես որ լուսահոգի հայրս էր ամբողջ կյանքում հպարտանում, որ անձամբ իր հարսանիքին անձամբ Վաչե Հովսեփյանն էր նվագել, ընդ որում՝ հորս հարսանիքին երիտասարդ Վաչե Հովսեփյանը ոչ թե դուդուկ էր նվագել, այլ՝ կլարնետ, եւ հետագայում իր հարսանիքի լուսանկարները հայրս հպարտությամբ էր ցույց տալիս եւ լուսանկարներում սազանդարների խումբը մատնացույց անելով՝ հայրս բոլորին բացատրում էր, որ երգչի աջ կողմում կլարնետով կանգնածն անձամբ Վաչե Հովսեփյանն է, եւ չնայած Վաչե Հովսեփյանն էդ լուսանկարներում շատ ջահել էր, էդ տարիքում արդեն սկսել էր ճաղատանալ, ու էդ լուսանկարներն էլ չափազանց բարձրորակ էին, որովհետեւ էդ լուսանկարների հեղինակն անձամբ հայրս էր, եւ հայրս իր հարսանիքի ընթացքում բազմիցս փեսայի իր աթոռից վեր կենալով՝ ոչ միայն սազանդարներին ու Վաչե Հովսեփյանին էր լուսանկարել, այլեւ մեր հարսանքավոր ազգականներից շատերին, ու էս մանրամասները ոչ թե հորիցս եմ լսել, այլ՝ մորիցս, եւ մայրս կատակով ասում էր, որ իրենց հարսանիքի ընթացքում հայրս փոխանակ իր կողքին նստեր, ավելի շատ իր լուսանկարչությամբ էր զբաղված, եւ մայրս կատակով նաեւ ասում էր, որ հայրս իրենց հարսանիքի ողջ ընթացքում ավելի ուշադիր Վաչե Հովսեփյանի նվագն էր ունկնդրում, քան՝ իրենց ուղղված կենացները, եւ չնայած Վաչե Հովսեփյան անունով էդ ջահել կլարնետահարն էդ ժամանակ միանգամայն անհայտ ու անծանոթ անուն էր, մայրս միանգամայն լրջորեն հիշում էր, որ հայրս Վաչե Հովսեփյանի նվագն ուշադիր ունկնդրելով՝ իրենց հարսանիքի ընթացքում մի քանի անգամ մարգարեացել էր, որ էդ ջահել կլարնետահարը շատ շուտով հանրահայտ մարդ է դառնալու, եւ հորս էդ մարգարեության մասին հորաքույրս էլ է վկայում, որովհետեւ հայրս իր հարսանիքի ընթացքում հորաքրոջս էլ է իր էս կարծիքն ասել, եւ էս պահի դրությամբ հորս հարսանիքի միակ կենդանի վկան հորաքույրս է:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ: