«Մեր ԶՈՒ մարտունակությունը բավականին բարձր է, հսկայածավալ աշխատանք է կատարվել առաջին գծում, այդ իմաստով կարեւորագույն դասերը քաղվել են»,- այսօր ՀՀԿ գերագույն մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, նախընտրական գործընթացների վերաբերյալ ոչ մի հարց նիստում չեն քննարկել. «Բնականաբար, Դաշինքի հարցն էլ չենք քննարկել: ՀՀԿ-ն, կարծում եմ` կգնա իր ցուցակով, հաշվի առնելով անցյալի փորձը, մեր ցուցակում տեղ կգտնեն այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք մեր հետ տարիներ շարունակ ճանապարհ են անցել կամ պատրաստակամություն կհայտնեն անցնել»:
Անդրադառնալով դեկտեմբերի 8-ին Համբուրգում արված ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարներ Ջոն Քերիի (ԱՄՆ), Սերգեյ Լավրովի (ԱՄՆ) եւ Ժան-Մարկ Էյրոյի (Ֆրանսիա)`Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված հայտարարությանը` պարոն Շարմազանովն ասաց, որ այն իրենց երազանքների հայտարարությունը չէ, բայց. «Բավարարում է այն, թե` ոչ, ապա ասեմ` այո, որովհետեւ այդ հայտարարության մեջ զետեղված են թեզեր, որոնք բխում են հայկական կողմի սկզբունքներից, հղում են 1994-95 թվականների զինադադարի պահպանմանը, խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի գագաթնաժողովների պայմանավորվածությունների իրականացմանը, դա նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության նկատմամբ վայրագությունների դատապարտում է, բայց, իհարկե մեր երազանքների հայտարարությունը չէր, մեր երազանքինը կլիներ, եթե լինեին ուղիղ ու հասցեական գնահատականներ, բայց, ընդհանուր առմամբ, այս հայտարարությունը բխում էր խաղաղ կարգավորման շահերից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ