Իր ժողովրդի նվիրյալ զինվորն ու մտավորականը, արևելագետ Գուրգեն Մելիքյանը տոնեց իր ծննդյան 80-ամյակը: Այս առիթով փոքրիկ զրույց ունեցանք անվանի հայի հետ ու փորձեցինք բացահայտել նրա կերպարը:
Յուրաքանչյուր ժամանակ ծնում է իր հերոսներին: Բայց բոլոր հերոսները չէ, որ իրենց կենդանության օրոք կարողանում են արժանանալ համաժողովրդական մեծ սիրո, նվիրումի ու հարգանքի: Երևանի պետական համալսարանում դեմքերը շատ են ու տարբեր, բայց նրանց շարքում կա սարոյանական մի կերպար, որ անտարբեր չի թողնում ոչ ոքի: Գուրգեն Մելիքյանն է: Արևելագիտության ֆակուլտետի դեկանը, մարդ ում բույրն այնքան` իմաստություն, ժպիտն ՝այնքան թախիծ և հայացքն այնքան լույս ու ցավ ունի:
Լավ մանկավարժ, մտավորական, բանասեր, զինավարժ մարտիկ ու մարդ: Մարդ, ով արդեն մոտ 6 տասնամյակ է իր ուսերին առած տանում է հայրենասիրության, հայապահպանության, սերունդներին կրթելու ու դաստիարակելու սուրբ առաքելության ծանրումեծ խաչը:
Իրանի Աբադա քաղաքում ծնված ու այդ երկրի լեռնագագաթները ոտնատակ տված հայը յուրահատուկ վերաբերմունք ունի լեռնագնացության հանդեպ. «Ես սիրահարված եմ լեռնագնացությանը, սա սպորտաձև է, որը ծափահարողներ չունի: Ալպինիզմը մեծ դպրոց է եղել ինձ համար. մարդկության, բնությունը սիրելու, բնությունը պաշտելու, մարդուն նվիրվելու դպրոց», -ասում է Գուրգեն Մելիքյանը (Պարոն Մելիքյանը նշված է Իրանի ալպինիստներ գրքում):
Կարդացեք նաև
Հայրենիքի հանդեպ ունեցած սերն ու ձգողական ուժը 1958թ.նրան բերել են հայրենիք Գ. Մելիքյանը ընդունվել է ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի արևելյան լեզուների ու գրականության բաժին …շուտով սիրահարվել մայր բուհին ու նվիրվել սերունդներին դաստիարակելու, նրանց մեջ ազգային արժանապատվություն սերմանելու, հայ պահելու գործին: Գուրգեն Մելիքյանի բարի հայացքը, բարոյական, հայրենապաշտ կերպարը, մարդ լինելու, մարդ մնալու դասերը ուղեկցում են իր ուսանողներին ամենուր: Անկախ առկա խնդիրներից ու հոգսերից` Գուրգեն Մելիքյան Ուսուցիչը արդեն մի քանի տասնամյակ է լույս ու գիտելիք է սփռում դեպի հավատն ու իրական արժեքները, դեպի հայն ու հայկականը:
Սակայն Գուրգեն Մելիքյանը ոչ միայն լավ մտավորական է, այլև լավ զինվորական: Նրան վիճակված էր ջահակիրը լինել այն ճշմարիտ համոզման, որ միայն զենքով կա հայոց փրկություն: Արցախյան ազատամարտի առաջին օրերից ցավաշատ հողի տնքոցը իրենը դարձնելով՝ զինվորագրվել է ու մեկնել ռազմաճակատ …«Եթե ես մահանայի մինչև 1988թ. և չտեսնեի ազատ Արցախը, կարծում եմ ՝ ես կշրջվեի իմ պատանքում», – ասում է Գուրգեն Մելիքյանը …
1996թ. Նա հիմնել է «Գուրգեն Մելիքյանի» Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամը, որը արդեն 20 տարի է ` օգնում է Արցախի բազմազավակ ընտանիքներին: «Մեր կենտրոնում ծնվել է 30.000 երեխա, -ասում է Պարոն Մելիքյանը, -ամենամեծ կապիտալ ներդրումը, եթե կարելի է այդպես ասել, ես սա եմ համարում իմ ժողովրդի, Արցախի համար»:
Գուրգեն Մելիքյանը արժանացել է մի շարք պետական պարգևների ու մրցանակների (Մարտական Խաչ 2-րդ աստիճանի մեդալ, Մովսես Խորենացու մեդալ,Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ), բայց, երբ հարցրի թե որն է նա համարում իր կյանքի մեծագույն պարգևը, խորաթափանց ժպիտը դեմքին՝ պատասխանեց .«Ուսուցիչ լինելը, ինչ որ ես քաղել եմ իմ ուսուցիչներից, այսօր տալիս եմ իմ աշակերտներին»:
Գուրգեն Մելիքյանը լուսավոր, անկեղծ ու անսահման իմաստության տեր անհատ է: հետաքրքիր կենսակերպ է վարում նա . շատ տալիս է, քիչ ստանում, ու այդպիսով իրեն երջանիկ զգում:
Արփինե ՄՈՒՐԱԴՅԱՆ