Հրապարակվել է անցած շաբաթավերջին Լեռնային Ղարաբաղում մտավորականների հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ամբողջական տեսագրությունը:
Անդրադառնալով «Սասնա Ծռեր» զինված գործողության հանգուցալուծմանը՝ նախագահն արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչներին ասել է, թե իր իշխանությունը ոչ միայն խոսքով, այլ գործով երբեք բռնության կողմնակից չի եղել․ – «Այնքան մեղմություն, որ իմ խոսքերում է մշտապես պարունակվում, դժվար թե գտնեք մեկ այլ երկիր, գոնե մեր տարածաշրջանում: Բացի դրանից, մենք կոնկրետ փաստերի հետ ենք առնչվել, բայց գոնե 2008 թվականից հետո մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի բռնությունը որպես գործիք չօգտագործենք: Հուլիսյան դեպքերի ժամանակ, իսկ դա, իմ պատկերացմամբ, մի առիթ էր, որտեղ իշխանությունը կարող էր ցույց տալ իր ուժը, և որևէ միջազգային կառույց կամ որևէ այլ պետություն կշտամբանքի որևէ խոսք էլ չէր կարող ասել: Բայց մենք, մեծ ռիսկի դիմելով, գնացինք քայլերի, որ ի վերջո շատ փոքր արյուն եղավ»:
Եվ սա, ըստ Սերժ Սարգսյանի, արվել է ոչ թե ծափահարությունների արժանանալու, այլ օրինակ ցույց տալու համար, «թե ինչպես կարելի է․․․ վարվել մարդկանց հետ, ովքեր զենքում ուզում են փոխել իշխանություն, զենքով գալ իշխանության»:
Հայտնի մտավորականներին նախագահը բերում էր եվրոպական երկրների, Միացյալ Նահանգների օրինակը՝ ցույց տալու, որ բռնությունները երբեք ու որևէ տեղ բացառված չեն․ – «Օրեկան ինչքան մարդ են սպանում, և ինչ ձևերով, ինչ մեթոդներով: Ինչպես ցանկացած հանցագործություն, բռնությունը ևս միշտ լինելու է մարդկության բաղկացուցիչ մասը»:
Կարդացեք նաև
Այդուհանդերձ բռնությունը չդատապարտելու, հուլիսյան իրադարձություններին համարժեք չարձագանքելու համար մտավորականների հետ հանդիպմանը Սարգսյանը նրանց կշտամբեց՝ միաժամանակ, սակայն, չանդրադառնալով այն արվեստագետներին, ովքեր անգամ աջակցություն էին հայտնել զինված խմբին․
– «Ի՞նչ եք կարծում, քանի՞ հոգի ելույթ ունեցան և դատապարտեցին հուլիսյան դեպքերը, մարդիկ, ովքեր իրենց համարում են մտավորականներ, մարդիկ, ովքեր իրենց համարում են մշակութային գործիչներ․․․ Բռնություն բացառելը, այո՛, իհարկե, պետության գործն է: Բայց բոլորդ խոսում եք օրենքի գերակայության մասին, և եթե պետությունը իր կոշտ միջոցները չկիրառի, ապա հասարակության մեջ կարգ ու կանոն չի լինի․ բայց բռնության բացառումը նաև քաղաքացիական հասարակության գործն է, միգուցե՝ առաջնահերթ գործը: Ես վստահ եմ՝ եթե գոնե հարյուր հոգի, հարյուր քսան հոգի, իսկ մեր երկրում տասնյակ հազարավորներ իրենց համարում են մտավորական, վեր կենային և արդար խոսք ասեին, շատ ավելի հեշտությամբ մենք կարող էինք հաղթահարել այդ պրոբլեմները»:
Մանրամասները` տեսանյութում
Մտավորականները վախենում են,որ իրենց ոտքերին էլ կկրակեն։Ստիպված քծնվում են։Մանսուրյանը խնդրեց դառնալ պալատական կոմպոզիտոր, որ նվագեն դղյակ-ամրոցներում իր գործերը։Ժողովուրդը հեռանում է,կմնան դղյակները և Մանսուրյանը։Ալիևը դա կգնահատի։