Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի սննդի խանութներում վաճառվում են այդ քաղաքում արտադրված հացն ու բուլկեղենը, նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակավայրերում՝ Կողբում, Բերդավանում, Այրումում թխված հացը, Վանաձոր քաղաքի բուլկեղենը:
Մեծ առաջարկի եւ բնակչության ցածր գնողունակության պատճառով խանութներում հացը լավ չի իրացվում,ապրանքի մի մասը խանութներից վերադարձվում է արտադրողներին: Հացի արտադրամասերից մեկի տերը դժգոհեց, որ փոքր, շուրջ 6 հազար բնակիչ ունեցող Նոյեմբերյան քաղաքում գործում է հացաբուլկեղենի 11 արտադրամաս, ինչը շատ է:
Հայկական սովորույթով, տեսնելով, որ հարեւանը հացի փուռ է աշխատեցնում, դրացին էլ է հացի արտադրամաս սարքում, որի հետեւանքով բոլորը տուժում են: Հացի փռան տիրոջ խոսքերով՝ խանութներում չվաճառվող, հետ վերադարձվող հացերով ինքը խոզեր է պահում: Սակայն խոզ պահելը եկամտաբեր չէ, որովհետեւ հացով պահվող խոզի մսի ինքնարժեքը թանկ է: Նոյեմբերյանցու խոսքերով՝ անասնակերի խանութներում վաճառվող կերամիավորներով պահվող խոզի մսի ինքնարժեքը համեմատաբար էժան է, սակայն այդ կերով պահված խոզերի միսը որակյալ չէ:
Նոյեմբերյանի հացի արտադրամասերի տերերը դժգոհում են, որ շատ են չարչարվում, հաց թխում, այն տեղափոխում խանութներ, հարկեր մուծելուց եւ աշխատողներին աշխատավարձ վճարելուց հետո իրենց չնչին շահույթ է մնում, որը համեմատելի չէ իրենց չարչարանքի հետ:
Կարդացեք նաև
Հաց թխելը ոչ եկամտաբեր է հատկապես ձմռան ամիսներին, երբ առանձնատների բնակիչներն իրենց բակերի փոքր փռերում ընտանիքի մեկ շաբաթ եւ ավելի ժամկետով օգտագործման համար հաց են թխում: Այդ պատճառով ձմռան ամիսներին հացի գնորդների թիվն ավելի է նվազում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ