Aravot.am-ն «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ փոխտնօրեն Անդրանիկ Շախյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի «Արմենիա» ավիափոխադրողի դժգոհությունն առ այն, որ ավիափոխադրողների համար հավասար պայմաններ չեն ստեղծվում, ռուսական փոխադրողի համար չվերթի ինքնարժեքն ավելի էժան է, քան հայկականի: Անդրանիկ Շախյանն ասաց. «Կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության հետ մշակվել է ծրագիր Գյումրիի օդանավակայանը զարգացնելու համար:
Գյումրիի համար սահմանվել են հատուկ սակագներ, կառավարությունը հանել է օդի գինը, մեր կողմից մենք հատուկ պայմաններ ենք ստեղծել, որպեսզի ցանկացած ընկերություն՝ կլինի դա «Պոբեդան», կլինի դա «Արմենիան», ցանկացած այլ ընկերություն կարողանա այստեղից չվերթներ իրականացնել, ինչպես նաև դեպի Գյումրի: Նույն առաջարկը եղել է «Արմենիային», «Արմենիան» չի իրականացրել, այսօր էլ է բաց, եթե իրենք ուզում են գալ, և Գյումրից չվերթներ իրականացնել, որևիցե խոչընդոտ չկա»:
Մենք հետաքրքրվեցինք, իսկ հնարավո՞ր է Գյումրից դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնել: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Գյումրու օդանավակայանով հետաքրքրվողները շատ են ու չի բացառվում առաջիկայում դեպի Եվրոպա ու նաև ասիական երկրներ թռիչքներ սկսվեն: «Այդ հարցն այս պահին քննարկվում է, քաղավիացիայի վարչության հետ համատեղ մի քանի ուղղության վրա աշխատում ենք», -ասաց մեր զրուցակիցը:
Իսկ «Շիրակ» օդակայանի պայմանները, ըստ Անդրանիկ Շախյանի, լիարժեք համապատասխանում են, մի քանի ավիաընկերությունների ղեկավարներ եկել, տեսել են: «Պոբեդայի մուտքը շատ կարևոր էր բոլորիս համար, որպեսզի ցույց տանք, որ օդանավակայանը կարողանում է սպասարկել, ունի համապատասխան հագեցվածությունը սարքավորումների», -ասաց Անդրանիկ Շախյանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ