Դեկտեմբերի 13-ին կայացավ Բրազիլիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդրանիկ նիստը, որում ներկայացված են Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի երկու պալատների՝ Սենատի և Պատգամավորների պալատի անդամներ:
Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը, ով, ողջունելով Բրազիլիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդրանիկ նիստի անցկացումը, վերջինիս անդամներին մաղթեց ամենայն հաջողություն հայ-բրազիլական համագործակցության զարգացմանն ուղղված իրենց նախաձեռնություններում: Կարևորելով երկկողմ հարաբերություններում միջխորհրդարանական կապերի դերը՝ ՀՀ դեսպանը պատրաստակամություն հայտնեց քայլեր ձեռնարկել տվյալ ոլորտում փոխգործակցությունն առավել սերտացնելու ուղղությամբ:
Նիստի մասնակցող խորհրդարանականները որոշեցին բարեկամության խմբի նախագահ ընտրել Բրազիլիայի Ազգային կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Բրազիլիայի ժողովրդավարական շարժում» կուսակցության փոխնախագահ, Սենատում «կառավարության առաջնորդ» Ալուիզիո Նունես Ֆերեյրային, ով Բրազիլիայի ներկայիս ԱԳ նախարար Ժոզե Սեղայի հետ միասին հանդիսանում է 2015թ. հունիսի 2-ին Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերբերյալ բանաձևի նախաձեռնության հեղինակը:
ՀՀ ԱԳՆ