Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է գրող, ազգային-պետական գործիչ Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150- ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

Դեկտեմբեր 15,2016 19:33

Դեկտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում  տեղի ունեցավ գրող, ազգային-պետական գործիչ Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150- ամյակին նվիրված միջազգային գիտաժողով:

Բացման խոսքով հանդես եկան Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության ԿՎ ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը:

Ընթերցվեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150- ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին, որտեղ մասնավորապես ասված է. «Այսօր մայր բուհի հյուրընկալ հարկի ներքո գումարվող պատկառելի այս գիտաժողովին հավաքվել եք՝ գնահատելու և արժևորելու 20-րդ դարի մեծագույն հայորդիներից մեկի՝ գրող, հրապարակախոս, բանագետ, ականավոր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիս Ահարոնյանի գուրծունեությունը։ Սիրով ողջունում եմ բոլորիդ։

Գաղտնիք չէ, որ ժողովուրդները հարատևում են նախ իրենց իսկ ծնած ու սնած նվիրյալների շնորհիվ, և այս դեպքում առավել հավաստի են հնչում Պ. Սևակի խոսքերը, թե ժողովուրդը չի ծնում մեծերին, այդ մեծերն են ստեղծում ժողովրդին։ Ավ. Ահարոնյանը իր ժողովրդին հավերժացնող մեծերից է։ Այսօր էլ շատ արդիական են այդ մեծ հայի և մտածողի դատումները ժողովուրդների հարատևման ուղիների մասին. “Յուրաքանչյուր ժողովուրդ իր քաղաքակրթության ճամբին անսահման լինելության մի անսպառ շաղախ է. մշակույթը ազգեր հոգևոր ճիգերի, ստեղծագործական ծածուկ ու հզոր կարելիությունների թանձրացումն է”։ Ինքն արդեն մեր ազգային հզոր կարելիությունների թանձրացումն է, որ հանգամանքների բերումով տևական ժամանակ հեռացված էր իրեն ծնող ժողովրդի լինելության ընթացքից։ Այս գիտաժողովի մի կարևոր առաքելությունն էլ նրա ամբողջական վերադարձի ապահովումն է»։

Ներկայացվեց նաև ՀՀ Կրթության և Գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ուղերձը գիտաժողովի մասնակիցներին:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան գիտնականներ Հայաստանից և Սփյուռքից:

Լիագումար նիստը բացվեց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ  Սերժ Սրապիոնյանի «Ավետիս Ահարոնյան մարդը, քաղաքացին, գրողը» թեմայով զեկուցումով, որտեղ հանգամանորեն քննության ենթարկեց մեծ հայի մարդկային և քաղաքացիական կերպարը: Իր ելույթի վերջում գրականագետն առաջարկեց հրատարակել Ավետիս Ահարոնյանի ստեղծագործությունների լիակատար ժողովածուն և նրա անունով Երևանում դպրոց անվանակոչել:

Բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը ներկայացրեց «Ժողովրդական ավանդությունները Ավետիս Ահարոնյանի պատմվածքներում» զեկուցումը: Նա նշեց, որ Ահարոնյանի ծննդավայր Սուրմալուի գավառը գտնվում էր հայկական երկու մեծագույն խորհրդանիշների՝ Արաքս գետի ու Արարատ լեռան միջև, ինչն էլ կանխորոշել էր գրողի, քաղաքական և հասարակական գործչի աշխարհըմբռնումը:

Հայ գրականության դոկտոր Գրիգոր Պըլտեանը (Ֆրանսիա) ուշագրավ զեկուցում կարդաց «Ավետիս Ահարոնյան խորհրդապաշտ» թեմայով: Խոսելով խորհրդանիշների մասին՝ նա շեշտեց, որ երբ Ահարոնյան գրողը լռություն է ասում, հասկանում է մետեռլինկյան լռությունը:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը ներկայացրեց «Ավետիս Ահարոնյանի դիվանագիտական գործունեությունը»: Նա մեջբերեց Ահարոնյանի մասին Ֆրանսիայի պետական գործիչ, դիվանագետ Աստրիդ Բրիանի խոսքերը. «Ահարոնյաններ ունեցող ազգը չի կարող կորսվիլ»:

«Ավետիս Ահարոնյանը և նրա ստեղծագործական արժեքները՝ քննադատական մտքի գնահատմամբ» թեմայով զեկուցում կարդաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը: Նա ողջունեց գիտաժողովի կազմակերպումը՝ որպես գրական համաներման, Ահարոնյանի գնահատման, վերաարժևորման հրաշալի նախաձեռնություն:

Ահարոնյան ստեղծագործության, քաղաքական, դիվանագիտական գործունեության վերաբերյալ ուշագրավ զեկուցումներ ներկայացրին բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աստղիկ Բեքմեզյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Պետրոս Դեմիրճյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Գրիգորյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Համբարձումյանը:

Փիլիսոփայության մագիստրոս Յարութիւն Քիւրքճեանը (Հունաստան) հանդես եկավ «Ահարոնյան՝ արվեստագետ ազգագիր-պատմագիր ամենայն հայոց» զեկուցումով՝ շեշտելով, որ սփյուռքի հայության համար Ահարոնյանն է ամենայն հայոցը:

«Եղիշե Չարենց և Ավետիս Ահարոնյան» թեմայով զուգահեռներ անցկացրեց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Գրիգորյանը:

Մ. Հ. Արսլանյան ճեմարանի նախկին տնօրեն Տիգրան Ճինպաշեանը (Լիբանան) ներկայացրեց «Նշումներ Ավետիս Ահարոնյանի հասարակական և ժողովրդական գործունեության մասին»:

Ուշագրավ էին նաև բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանի, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանի,  բանասիրական գիտությունների թեկնածու Քնարիկ Աբրահամյանի զեկուցումները:

Գիտաժողովն ամփոփվեց Պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Զատիկյանի «Ավետիս Ահարոնյանի քաղաքական բառարանը» թեմայով զեկուցումով, որտեղ Ահարոնյանը արժևորվեց որպես հայկական դիվանագիտության նախակարապետ: Նա նշեց, որ Ավետիս Ահարոնյանի նամակները՝ ուղղված ամենայն հայոց կաթողիկոսին, պետք է առանձին ուսումնասիրության առարկա դառնան:

Տեղի ունեցավ աշխույժ քննարկում և հարց ու պատասխան:

Գիտաժողովի նպատակը Ավետիս Ահարոնյան մարդուն, գրողին, բանաստեղծին, քաղաքական, հասարակական գործչին, դիվանագետին նորից արժևորելը, նրան իր ժողովրդին վերադարձնելն էր, անկախ Հայաստանում՝ անկախության առաջին ջատագովին բարձրացնելը և արժևորելը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031