Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀՀ-ում երեխան բռնությունից պաշտպանված չէ

Դեկտեմբեր 15,2016 18:11

Երեխաների պաշտպանության ցանցը խորը մտահոգություն է հայտնում ՀՀ-ում ֆիզիկական բռնությունից երեխայի պաշտպանված լինելու իրավունքի իրացման հետ կապված:

Մասնավորապես, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 06.12.2016թ. վճռել է Ա.Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով ու նրան դատապարտել տուգանքի 30.000 /երեսուն հազար/ ՀՀ դրամի չափով: 34-ամյա Ա.Սարգսյանը մեղադրվում էր իր 8-ամյա դստերը ծեծելու համար: Մասնավորապես հայրը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել աղջնակի դեմքին, ձախ ոտքին, քաշքշել է նրա պարանոցից՝ երեխային պատճառելով վնասվածքներ ու ֆիզիկական ցավ (վճիռն ամբողջությամբ):

Դրական գնահատելով այն փաստը, որ երեխայի ծեծի մասին հաղորդման արդյունքում քրեական գործ է հարուցվել և դատարանի կողմից վճիռ է կայացվել, այնուամենայնիվ Երեխաների պաշտպանության ցանցը հայտնում է իր խորը մտահոգությունը իրականացված վճռի՝ որպես դատական պրակտիկա ձևավորվելու և դրա սոցիալական հետևանքների առումով: Մասնավորապես, կայացված վճիռը ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված երեխայի վերականգնողական ծառայությունների և բռնարարի վարքագծի շտկմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ չի նախատեսում, փոխարենը այն խոցելի վիճակում գտնվող ընտանիքի համար սահմանում է ֆինանսական պարտականություններ հօգուտ ՀՀ բյուջեի: Տվյալ գործի շրջանակներում արդյունավետ պատիժ չի կարող համարվել այս գումարի բազմակի անգամ ավել կամ պակաս լինելը, քանի որ վճռի պատժողական բնույթը մեծ ռիսկեր է ստեղծում նույն ընտանիքում ընտանիքի անդամներ նկատմամբ բռնության կրկնության համար: Նմանօրինակ դեպքերում անհրաժեշտ է պարտադիր մասնագիտական վերականգնողական ծառայության տրամադրում ինչպես բռնության ենթարկվածներին, այնպես էլ բռնարարին, ինչը գրագետ ձևով արմատախիլ կանի բռնությունը ընտանիքում:
ՀՀ երեխաների պաշտպանության ցանցի կողմից 2016թ.-ին կազմած «Երեխաների պաշտպանության ինդեքս»-ը փաստում է, որ ՀՀ-ն սահմանափակ գործողություններ է իրականացնում երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերի կանխարգելման, վաղ հայտնաբերման և հաղորդման վերաբերյալ:

Դեռևս 2010թ.-ին իրականացրած Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը վկայում է, որ 2-14 տարեկան երեխաների շուրջ 40 տոկոսի նկատմամբ որպես դաստիարակության մեթոդ կիրառվում է ֆիզիկական բռնություն: Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության կողմից 2015թ.-ին իրականացրած ուսումնասիրությունը փաստում է, որ այդ ցուցանիշը հինգ տարիների ընթացքում գրեթե չի փոխվել:

Հայաստանը, Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն, պետք է առաջարկի երեխաների դեմ բռնության կանխարգելման մեխանիզմներ և վերականգնողական ծառայություններ, մինչդեռ ՀՀ-ում քիչ թվով ծառայություններ կան, որոնք արձագանքում են ընտանեկան և այլ տեսակի բռնությունների ենթարկված երեխաների խնդիրներին:

Ելնելով վերոգրյալից, Երեխաների պաշտպանության ցանցը կարևորում է օր առաջ «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի ընդունումը և բռնությունից երեխաների պաշտպանության գործուն մեխանիզմների ներդրումը:

Պատասխանատու՝ Տաթևիկ Ղարիբյան, Երեխաների պաշտպանության ցանց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031