Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Քրմոյան. Դատապարտյալի համար տեսանելի կլինի՝ ինչպես իրեն դրսեւորել պայմանական վաղաժամկետ ազատվելու համար

Դեկտեմբեր 15,2016 17:59

Հանրային խորհրդում դեկտեմբերի 15-ին արդարադատության նախարարության կողմից մշակված` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման եւ պատժաչափի կրճատման համակարգում բարեփոխումների փաթեթի քննարկում էր կազմակերպված:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը քննարկման ընթացքում ասաց, որ բարեփոխումների նպատակը արդյունավետ համակարգ ունենալն է, մարդու իրավունքների ապահովումը: Նա նշեց, որ երեք ոլորտում խնդիրներ կան:

«Պայմանական վաղաժամկետ ազատության չափանիշների. խնդիր է դրվել հստակ ունենալ չափանիշներ, որոնք թույլ կտան ե՛ւ կիրառող մարմնին՝ անկախ հանձնաժողովին, ե՛ւ դատապարտյալին տեսանելի դաշտ ունենալ եւ հասկանալ՝ ինչ վարքագիծ պետք է դրսեւորի պատժի կրման ընթացքում, որպեսզի վաղաժամկետ ազատվելու հնարավորություն ունենա:

Ընթացակարգ. ընթացակարգի հետ կապված խնդիրներ կան, որոնք ամրագրված են թե՛ Սահմանադրական դատարանի, թե՛ Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումներով՝ այս պահին համակարգը չի երաշխավորում դատապարտյալի իրավունքը մասնակցել այդ գործընթացին, ներկայացնել իր տեսակետը եւ բողոքարկել համապատասխան որոշման արդյունքները:

Ինստիտուցիոնալ համակարգ. մենք Հայաստանում ունենք եռաստիճան համակարգ՝ առաջին փուլում որոշումը կայացնում է քրեակատարողական հիմնարկում ստեղծված վարչական հանձնաժողովը: Դրական արդյունքի դեպքում որոշումը տեղափոխվում է անկախ հանձնաժողովի վարույթ եւ այնուհետեւ դրական արդյունքի դեպքում՝ դատարան: Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը եւ հասկացել ենք, որ նմանատիպ եռաստիճան համակարգ որեւէ երկրում չի գործում: Խիստ եւ բարդ համակարգ է, եւ մենք փորձել ենք մոդելները ուսումնասիրել: Աշխարհում երեք մոդել կա՝ հայեցողական, պարտադիր եւ խառը: Մենք հստակ չափանիշներ ենք սահմանել, որ հնարավորություն կտա ե՛ւ դատապարտյալին, ե՛ւ անկախ հանձնաժողովին, ե՛ւ դատարանին պատճառաբանված որոշում ունենալ դրական եւ բացասական ելքի վերաբերյալ»:

Սուրեն Քրմոյանը հավելեց, որ դատարանը դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելիս պետք է վստահ լինի, որ կրկնահանցագործության ռիսկը նվազագույն է. «Չափանիշներն են՝ դատապարտյալի համաձայնությունը, նա պատժի կրման ընթացքում պետք է պատշաճ վարքագիծ դրսեւորի: Իսկ պատշաճ վարքագիծը ենթաչափանիշներ ունի՝ խրախուսանք, տույժ, մասնակցել է կրթական մշակութային միջոցառումների: Դատապարտյալը այս չափանիշներին համահունչ կարող է այնպես կարգավորել իր վարքագիծը, որ համապատասխանի այդ չափանիշներին: Այսինքն՝ տեսանելի է իր համար, թե ինչպես պետք է իրեն դրսեւորի պատժի ընթացքում, որ պայմանական վաղաժամկետ ազատվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031