Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. «Այդ հարցը կարող եք տալ Շաբոյանին»

Դեկտեմբեր 15,2016 17:54

«Մենք շարժվում ենք օրենքի տառով, իսկ օրենքն ասում է, որ տասն օրվա ընթացքում կարող եք դիմել հանձնաժողովին: Մենք արդեն դիմել ենք: Թուղթը ստացել ենք, որ քննարկման ժամանակ մեզ կհրավիրեն: Այդ քննարկումը կլինի, արդյունքը կտեսնենք, հետո, շարունակությունը կնայենք: Եթե նույն  որոշումը մնաց, բնականաբար, հաջորդ քայլը կլինի դատարանը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Երեւան գարեջուր» ընկերության սեփականատեր Հակոբ Հակոբյանը:

Հիշեցնենք, վերջերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 110 միլիոն դրամով տուգանել էր ընկերությանը`գերիշխող դիրքի չարաշահման համար: Գործարանի սեփականատերը համաձայն չէր այս որոշման հետ  եւ հայտարարել էր, որ պատրաստվում են դատի տալ ՏՄՊՊՀ-ին: Այս ամենից հետո, կառավարության նիստում, վարչապետ Կարեն Կարապետյանը հրապարակային դիտողություն արեց ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանին:

«Պարոն Շաբոյանին եւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հորդորում ենք իրենց ջանքերը կենտրոնացնել առաջին հերթին առաջնային սպառման ապրանքների շուկային, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգություններն ավելի շատ են: Դա շատ ավելի առաջնային խնդիր է, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ շուկայում կան մեծ թվով գարեջուր արտադրողներ եւ ներմուծողներ եւ բացի դրանից, ես հանդիպել եմ այդ գործարարների հետ եւ այդ իսկ պատճառով խնդրում եմ մաքսիմալ ուշադիր վերաբերվել այս հարցերին»,- ասել էր վարչապետը:

«Ես կարծում եմ, վարչապետը, ծանոթ լինելով օրենքին, ընդամենը օրենքը պաշտպանեց»,- այս առիթով մեր հարցին ի պատասխան ասաց Հակոբ Հակոբյանը:

Հետաքրքրվեցինք նաեւ`կուլիսային խոսակցություններից ինչ-որ բան պարզե՞լ են, ի վերջո, ինչի՞ արդյունք էր ՏՄՊՊՀ-ի կողմից տուգանքի որոշումը, Հակոբ Հակոբյանն ասաց. «Չեմ կարող ասել: Բայց սկզբից էլ ասել եմ`քաղաքական պատվեր չեմ կարծում, որ լինի, որովհետեւ դա հնարավոր չէ: Այդ հարցը Շաբոյանին կարող եք տալ, չնայած, երեւի թե չի պատասխանի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031