«Պոբեդա» ավիաընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից իրականացրեց առաջին թռիչքը դեպի Մոսկվա՝ իհարկե մինչ այդ Մոսկվայից Գյումրի փոխադրելով 180 ուղևորի: «Շիրակ» օդանավակայանը, որը ութ ամիս շարունակ չէր գործարկվում, այստեղից ոչ մի թռիչք չէր իրականացվում, այսօր վերակենդանացել էր. այնքան մարդաշատ էր, որ ներսում գրեթե կանգնելու տեղ չկար: Իսկ դրսում էլ մեծ թվով մեքենաներ, տաքսիներ էին շարված:
Գյումրիից Մոսկվա մեկնելու էին եկել նաև Երևանից, Վանաձորից, թեև նշենք, որ Վանաձորի 3 բնակիչների չհաջողվեց մեկնել, ուշացել էին թռիչքից: Մենք Մոսկվա մեկնող ուղևորներից հետաքրքրվեցինք, թե հաջողվե՞լ է ձեռք բերել էժան ավիատոմսեր դեպի Մոսկվա: Մի քանիսը, որոնք տոմսեր էին գնել էլեկտրոնային տարբերակով, կարողացել էին հետադարձ տոմսն էլ, ներառյալ` ձեռք բերել 14 հազար 750 դրամով:
Կարդացեք նաև
3 ուղևորներ, որոնք եկել էին Երևանից Գյումրի «Պոբեդայով» Մոսկվա մեկնելու, ասացին, որ ավիատոմսն ավելի էժան են ձեռք բերել, քան Երևան-Գյումրի տաքսու արժեքն է, որի համար վճարել են 8 հազար դրամ: Կային ուղևորներ, որոնք տոմսը գնել էին 37 հազար դրամով, պնդում էին, որ իրենց էժան տոմս չի հանդիպել:
Aravot.am-ը «Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչ, «Գրոսնեթ» ընկերության տնօրեն Վարդան Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե նվազագույն արժեքով՝ այսինքն 7000 դրամով քանի՞ տոմս է վաճառվել: Ի պատասխան մեր հարցի, վերջինս պատասխանեց. «Կոնկրետ թիվ չասեմ, բայց առաջին թռիչքներին պլանավորվում է մինչև 50 տեղ: Որ ասում են մեկ-երկու տեղ է, այդպես չէ, բավականին շատ է: Այս չվերթի ավելի քան 30 տոկոսը վաճառվել է այդ գնով: Չնայած նշեմ, որ թանկերը շատ հեռու չեն այդ գնից, չեն գերազանցում 20-30 հազար դրամը: Ասեմ, որ ժամանակավոր չեն նվազագույն արժեքով տոմսերը, պարբերաբար նվազագույնը 20-30 տեղ յուրաքանչյուր չվերթում այդ գնով կվաճառվի: Թանկերն էլ շատ չեն տարբերվի: Իսկ ուղեբեռը համարվում է առանձին ծառայություն»-, ասաց Վարդան Ալեքսանյանը:
Հարցին՝ ինչպե՞ս ձեռք բերել 7000 դրամանոց տոմս, երբ «Պոբեդայի» պաշտոնական կայքում ընդամենը երեք չվերթի համար կան 7000 դրամանոց տոմսեր, մինչև ապրիլ ամիս չենք հանդիպել, մեր զրուցակիցն ասաց, որ արդեն մեծ ժամանակահատվածի համար գնել են, հենց տեղադրվում է, մարդիկ հետևում են ու անմիջապես գնում են: «Միշտ լինելու են ցածր գներով տոմսեր»,-վստահեցրեց Վարդան Ալեքսանյանը: Ըստ մեր զրուցակցի, «Պոբեդայով» թռչելը մեկ առավելություն ևս ունի, ավտոբուսներով մարդկանց հասցնելու են իրենց բնակավայրեր, եթե ասենք Երևանից է, նրան կտեղափոխեն Երևան ու դա կմտնի տոմսի արժեքի մեջ:
«Պոբեդա» ավիաընկերության տնօրեն Անդրեյ Կոլմյակովը ևս խորհուրդ տվեց տոմսեր ձեռք բերել առցանց տարբերակով իրենց կայքից, դա ավելի էժան կարժենա, քան ավիատոմսարկղներից գնելը:
Վերջինս հավաստիացրեց, որ էժան տոմսեր կլինեն յուրաքանչյուր չվերթի համար, իսկ թե քանի տոմս կլինի, հստակ չպատասխանեց, նշելով՝ կախված պահանջարկից: Ըստ նրա, գները կլինեն տարբեր՝ թե թանկ, թե միջին, թե էժան: «Նա, ով կպատվիրի ավելի շուտ, ձեռք կբերի հատուկ, էժան գնով»,- ասաց Անդրեյ Կոլմյակովը: Ըստ նրա, այս պահին վաճառել են 10 հազար տոմս, 100-ից ավելի ուղևորների տեղափոխել են նվազագույն գներով: Այժմ թռիչքները երեք օր են, բայց ըստ տնօրենի, հետագայում կտեսնեն ինչպես կլինի՝ ելնելով պահանջմունքից:
Նշենք, որ «Պոբեդայի» առաջին թռիչքը վերածեցին տոնի, հնչեց Գյումրու հիմնը, իսկ թռիչքը օրհնվեց ռուս քահանայի կողմից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ