«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն այսօր ԱԺ-ի քննարկմանը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նա ասաց, որ եթե անձը ՀՀ-ում առնվազն 3 տարի անընդմեջ հաշվառված է, նոր կարող է օգտվել նպաստից, մասնավորապես, խոսքը չաշխատող մայրերի մայրության նպաստի եւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին է:
Առաջարկվում է նաեւ, որ ավել վճարված նպաստի գումարը հետ գանձեն ոչ միայն նպաստառուից, այլ՝ այն սոցաշխատողից, ում մեղքով կամ ում անգործության պատճառով սխալ են վճարել քաղաքացուն:
Արտեմ Ասատրյանը ներկայացրեց նաեւ «Կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի, եթե ավել գումար տան քաղաքացուն՝ որպես թոշակ, ոչ միայն քաղաքացուց է հետ գանձում արվելու, այլեւ՝ սոցաշխատողից, որը սխալմամբ վճարել է այն:
Կարդացեք նաև
Համաներում է առաջարկվում այն քաղաքացիների համար, ում սխալմամբ շատ են վճարել կենսաթոշակ:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծով էլ առաջարկվում է մոդելը բժշկասոցիալականից փոխել սոցիալականի: Գործող օրենքով կարեւորվում էր հաշմանդամ մարդու առողջական խնդիրները, իսկ մոդելի փոփոխությամբ հաշմանդամություն սահմանելու պարագայում ավելի շատ դիտարկվելու է միջավայրային գործոնները՝ մատչելիությունը, հասարակական կյանքին մասնակից լինելու հնարավորությունները: Հաշմանդամություն սահմանելու մոտեցումները էապես փոխվելու են: Միայն առողջականով հաշմանդամություն սահմանելը, ըստ նախարարի, արդեն սպառել է իրեն: Նախատեսվում է մատչելի պայմաններ եւ հավասար հնարավորություններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար: Խոսքը ոչ միայն ֆիզիկական միջավայրի բարելավման մասին է, այլեւ տեղեկատվության եւ հաղորդակցության մատչելիություն ապահովող, համընդհանուր դիզայնի, ստանդարտների չափորոշիչների սահմանման եւ այլն:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով է ստեղծվելու, որի նպատակն է հաշմանդամ անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում պետական քաղաքականությանը աջակցելը:
Արտեմ Ասատրյանը նշեց. «Գնահատված կարիքի հիման վրա լինելու է ծառայությունների տրամադրում: Եթե գործող մոդելով հաշմանդամ ճանաչված անձն ունենում է բազմաթիվ արտոնություններ, իսկ չճանաչվածը, որը կարող է շատ փոքր տարբերվի հաշմանդամ ճանաչված անձից, որեւէ ծառայություն չի ստանում եւ որեւէ արտոնությունից չի օգտվում, ապա որոշել ենք փոխել այս մոտեցումը: Եթե գնահատված կարիք կա, որը ենթադրում է վերականգնողական ծառայությունների մատուցում, անկախ նրանից՝ հաշմանդամությունը կճանաչվի, թե ոչ, քաղաքացուն պիտի ապահովենք այդ ծառայություններով եւ ընդգրկենք ծրագրերում, որ նա կարողանա լիարժեք իրականացնել իր հնարավորությունները՝ որպես ՀՀ լիարժեք անդամ»:
Արտեմ Ասատրյանն ասաց, որ ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող 200 հազարից ավելի մարդ կա. առաջին խմբի շուրջ 10 հազար, երկրորդ խմբի՝ մոտ 80 հազար, երրորդ խմբի՝ 100 հազարից ավելի, 8000-ից ավելի էլ հաշմանդամություն ունեցող երեխա կա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ