ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը չի կիսում Aravot.am-ի դիտարկումը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արդեն վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ իրենք հասել էին անձնական մակարդակի վիրավորանքների, բայց այժմ միեւնույն դաշինքում են, հնարավոր է՝ նաեւ միեւնույն կուսակցությունում լինեն: Խոսքը Վանաձորի ավագանու ընտրություններից առաջ սկսված եւ այդ ընթացքում հնչած հայտարարությունների մասին է:
Հիշեցնենք, այս երկու կուսակցությունները կարծես միմյանց դեմ էին պայքարում`իրար վերջնագրեր ներկայացնելով: Նիկոլ Փաշինյանն անգամ կասկածի տակ էր դնում Էդմոն Մարուքյանի ընդդիմադիր լինելը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրապայքարից դուրս կգա հօգուտ «Լուսավոր Հայաստանի», եթե պարզվի, որ ԼՀ-ն քաղաքական առաջնահերթություն է հռչակում Սերժ Սարգսյանի հեռացումը իշխանությունից եւ «որպես դրան ուղղված քայլ՝ Էդմոն Մարուքյանը այսօրվա ընթացքում իմպիչմենտի նախագիծ ներկայացնի ԱԺ»:
«Մեծ հաշվով, անձնական մակարդակի վեճի մեջ չենք եղել: Եթե հիշում եք, Թեւան Պողոսյանը հրավիրեց իրենց տուն`ընտանիքներով, եւ երկուսս էլ այն ժամանակ ասացինք, որ անձնական խնդիր չկա, քաղաքական տարաձայնություններ են»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Aravot.am-ի հիշեցմանը, որ դրանից հետո էլ կրքերը չհանդարտվեցին, Նիկոլ Փաշինյանը շարունակեց իր հեգնաքննադատական տոնը: «Եղել են բանավեճի տարատեսակ բաներ, բայց, մեծ հաշվով, դրանք ինձ համար ավելի շատ ցածր արժեք են, քան այն, ինչը մեզ միավորում է»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը պնդում է, որ ինքն ու Նիկոլ Փաշինյանը իրար քննադատել են, ինքը հիմնականում եղել է չպատասխանողի դերում, բայց միմյանց հասցեին «հաճախորդ» բառը չեն հնչեցրել:
Մանրամասները` տեսանյութում
Էդմոն Մարուքյանն ասում է, որ կան հարցումներ, որոնք ցույց են տալիս`ՀՀ բնակչության 70 տոկոսը ընդդիմադիր դաշտի միավորման կողմնակիցներ են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ