Լրահոս
Օրվա լրահոսը

«էս էլ Ձեր գենդերը…». փորձագետը հիշեց Հովհաննես Մարգարյանի խոսքը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 15,2016 15:26

«Ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թ.-ի ռազմավարական ծրագրի»՝ կրթությանն առնչվող նպատակների գնահատմանն ուղղված ծրագրի շրջանակում անկախ փորձագետ Ռուզաննա Ծատուրյանն իրականացրել է հետազոտություն, որն ամփոփում է «Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագրի» համատեքստում գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված ՀՀ պետական քաղաքականության մեխանիզմները: Զեկույցն այսօր ներկայացվեց լրագրողներին եւ փորձագիտական հանրությանը:

2Ռուզաննա Ծատուրյանն առանձնացրեց այն հանգամանքը, որ հանրակրթության ոլորտում հատկապես դասագրքերի հետ կապված խնդիր կա. «Տարրական դպրոցի դասագրքերում աղջիկները պատկերվում են որպես հեզ, խոնարհ, թռչուն հաշվող, ծաղիկ հավաքող, իսկ տղաները՝ չարաճճի, լողացող, պատ մագլցող…միակ իգական մասնագիտությունը ուսուցչի մասնագիտությունն է, այդ պատճառով այսօր գրեթե 90%-ով ունենք իգական ուսուցչական կազմ…ուսուցչական շրջանակներում էլ հաճախ անգիտակցաբար ասում են՝ «աղջիկ ես, տղայի պես մի վազիր», կամ «նա տղա է՝ դասը չի սովորել, բա դո՞ւ ինչ բանի էիր, որ անբավարար ես ստացել»…Պետք է մտածել՝ այս ուղերձները որքանո՞վ են ազդել մեր հնարավորությունների վրա»:

Փորձագետի բնորոշմամբ՝ պետական պաշտոնյաներն անգամ չեն գիտակցում, որ գենդերային հավասարությունը կարեւոր խնդիր է եւ դրան մոտենում են որպես ոչ օրակարգային եւ ոչ կարեւոր հարցի: Ըստ Ռուզաննա Ծատուրյանի՝ դրա վկայությունն է այն, որ երեկ պատգամավորն ԱԺ ամբիոնից ասաց՝ «էս էլ Ձեր գենդերը…»:

«Դա ասում է պատգամավորը, որն, ըստ էության, պատասխանատու է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության օրենքի մշակման համար: Մինչեւ չունենանք համոզմունք, որ իրավահավասարությունը խորհրդանշական ինչ-որ բան չէ, այլ նպաստում է մարդու արժանապատվությունը վերագտնելուն եւ տնտեսական զարգացմանը, ոլորտային հաջողություններ չենք ունենա»,-համոզմունք հայտնեց Ռուզաննա Ծատուրյանը:

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Զարուհի Փոստանջյանի  ելույթին այսպես էր արձագանքել. «Է՜հ…էս էլ Ձեր գենդերը…տեսնենք՝ վերջն ի՞նչ պիտի լինի»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031