Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահան Մարտիրոսյան. «Լարսում մոտ 400 հայկական մեքենա է կուտակված» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 15,2016 15:10

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ասաց, որ Լարսի անցակետն այսօր փակ է բոլոր տեսակի մեքենաների համար, Ռուսաստանի կողմից կուտակված են մոտ 700 մեքենա, մոտ 400-ը հայկական մեքենաներ են:

Հիշեցնենք, որ նախարարը նախօրեին այցելել էր Լարս՝ իրավիճակին ծանոթանալու համար, այսօր կառավարության նիստին վարչապետը Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց հատուկ ուշադրության տակ պահել այս խնդիրը:

Վահանի Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ եւ առաջին օրը, երբ Լարսում էին, շատ առատ ձյուն է տեղացել, եւ ինչպես ասաց նախարարը, վրացի գործընկերները բոլոր տեսակի տեխնիկական միջոցները ներդրել են, որպեսզի շատ արագ լուծում տան այդ հարցին: Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ հենց ձյան տեղումները մի քիչ թուլանան, մի քանի ժամվա ընթացքում ճանապարհը կբացվի:

Այլընտրանքային ճանապարհ ունենալու մասին լրագրողների դիտարկմանը, նախարարը վստահեցրեց, որ քննարկվում է նաեւ լաստանավ վարձելու միջոցով խնդրին լուծում տալու հարցը: Ըստ նախարարի. «Արդյունքները կամ դրական, կամ բացասական կլինեն: Բեռնափոխադրողը հաշվում է՝ ինչ կարող է դա արժենալ, եւ եթե Լարսը բացվում է, ինքը գերադասում է Լարսով: Փորձում ենք մենք տարբեր ճանապարհներ գտնել: Հիմա քննարկում ենք ավիացիոն մեթոդով ավիափոխադրումներ կազմակերպենք: Գնացել եմ Վրաստան, քննարկումներ ունեցել ենք Վրաստանի վարչապետի և ճյուղային նախարարների հետ»:

Նախարարը նաեւ վստահեցրեց, որ թե՛ վրացական, եւ թե՛ ռուսական կողմերը շահագրգռված են ճանապարհի արագ բացման համար:

 

«Ես անձամբ շփվել եմ վարորդների հետ: Իրենք եւ դժգոհություն ունեն, եւ գոհունակություն: Ասում են, որ մարդիկ իրենց օգնում են: Վրաստանի կողմում սննդի խնդիրն ավելի քիչ է, քանի որ այնտեղ կուտակումները քիչ են, կան սննդի օբյեկտներ և կարողանում են սնվել: Ռուսաստանի կողմում, քանի որ հերթը շատ է, այդ սննդի կետերն իրարից հեռու են, դրա համար դժվարությունն ուղղակի կարող է հեռավորության հետ կապված լինել»,-ասաց Վահան Մարտիրոսյանն՝ անդրադառնալով Լարսի անցակետում մնացած վարորդների դժգոհություններին:

Հանրապետության ճանապարհների անցանելիության մասին էլ Վահան Մարտիրոսյանն ասաց,որ ինքը Լարսից վերադառնալիս երկար ճանապարհով է վերադարձել Երեւան, որպեսզի տեսնի, թե ինչ վիճակում են ճանապարհները: Նախարարի կարծիքով՝ չնայած տեխնիկան անընդհատ աշխատում է, սակայն լրացուցիչ տեխնիկայի եւ աշխատանքի կարիք կա:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031