Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2007 թվականին արդեն պարզ էր, որ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը կանգնելու են ոչնչացման եզրին. ՀԲՃ  

Դեկտեմբեր 15,2016 14:10

Վերջին երեք տարիների ընթացքում տարբեր մակարդակներում շատ է քննարկվում Արարատյան արտեզյան ավազանի ստորեկրյա ջրերի աղետալի ծավալներով նվազման խնդիրները։ ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի (ՄԶԳ/USAID) ֆինանսավորման շնորհիվ անցկացվել են մի շարք հետազոտություններ, որոնք բացահայտել են, որ ձկնարդյունաբերության նպատակով հորված արտեզյան ջրերի չարաշահումն է այս էկոլոգիական աղետի հիմնական պատճառը (տես այստեղ և այստեղ)։  Իսկ ս.թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10-ին «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա այս խնդրին առնչվող հերթական հետազոտության ներկայացումը, որը ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ համատեղ աշխատանքների արդյունքն է։

Բայց պարզվում է, որ դեռ 10 տարի առաջ armenianow.com կայքում լուրջ ահազանգ է հնչեցվել այն մասին, որ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը կանգնելու են ոչնչացման եզրին։ Սակայն Հայաստանում որոշում կայացնողներն իրենց սովորության համաձայն տարիներ շարունակ անուշադրության են մատնել բնապահպանների և լրագրողների այս ու մնացած բոլոր ահազանգերը՝ ուշքի գալով միայն այն ժամանակ, երբ արդեն դանակը հասել է ոսկորին ու բազմաթիվ բացասական գործընթացներ ուղղակի անդառնալի են։ Երկրորդ խնդիրն էլ այն է, որ առ այսօր այսպիսի լրջագույն խնդիրների առաջացման հետ անմիջական առնչություն ունեցող և ոչ մի պետական պաշտոնյա այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել։ Իսկ քանի դեռ մեր երկրում էկոլոգիական աղետալի վիճակներ ստեղծելու համար ոչ մեկը համարժեք պատասխանատվություն չի կրում՝ դրանք անընդհատ սպառնալու են մեր բնությանն ու մեզ բոլորիս։

Ինչևիցե, ձեր ուշադրության ենք ուզում ներկայացնել «ԱրմենիաՆաուի» թղթակից Վահան Իշխանյանի դեռ 2007 թվականին հրապարակված «Թանկարժեք ռեսուրս. ջրի համար մրցակցությունը վնաս է հասցնում բերրի դաշտավայրին» վերնագրով հետազոտական հոդվածն ամբողջությամբ

«Արարատյան դաշտավայրում վերջին տարիներին ձկնարդյունաբերության նպատակով հորված արտեզյան ջրերի չարաշահման հետևանքով, մի կողմից` անջրդի է մնացել վարելահողերի մի մասը, մյուս կողմից` այդ ջրերը, լցվելով դրենաժային համակարգ (արհեստական ջրանցք ավելորդ ջրերը դուրս հանելու համար), խանգարում են դրենաժների աշխատանքը, որի հետևանքով կրկին բարձրանում է մակերեսային գրունտային ջրերի մակարդակը, ճահճանում և աղակալվում են վարելահողերի այլ հատվածներ:

Արարատյան դաշտի արտեզյան ստորգետնյա ավազանի ինքնաշատրվանող ջրհորները, որ բազմաթիվ գյուղերի ջրի միակ աղբյուրն են, շատ տեղերում նվազել ու ցամաքել են, քանի որ ցածրադիր մասում ձկնաբուծության համար փորված հորերը խլում են վերին հատվածի ջրհոր-շատրվանների ճնշումը:

Գյուղացիներից շատերը զրկվել են իրենց դաշտերը ոռոգելու հնարավորությունից, փոխարենը հարստանում են մի քանի հոգի` իշխանի և այլ ձկնատեսակների արտադրությունից:

80-180 մետր խորության վրա գտնվող և մոտ 9 հազար քառակուսի կիլոմետր տարածքով արտեզյան ավազանը բաղկացած է ստորգետնյա երեք շերտից: Ամենավերևում գրունտային ջրերն են, իսկ երկրորդ և երրորդ շերտերում` քաղցրահամ, խմելու ջրերը (նաև բարձրորակ ջրեր ձկնաբուծության համար)` պաշտպանված կավային անջրաթափանց շերտերով: Այս երկու խորը շերտերում արված հորատանցքերից խմելու, ոռոգման և տեխնիկական նպատակով ջուր է մատակարարվում Երևանին, Արտաշատ, Արմավիր, Էջմիածին քաղաքներին ու հարակից համայնքներին:

Սա բնական ջրի մի շտեմարան է` ծածկված կավե շերտով, ուր ջրերը լցվում են Արարատ, Արագած լեռներից և Գեղամա ու Հայկական պար լեռնաշղթաներից:

2006 թվականի հոկտեմբերի դրությամբ գործում են 2026 հորատանցքեր, որոնցից 940-ը` խորքային (ջուրը դուրս է հանվում ջրհանների օգնությամբ) և 1089-ը` ինքնաշատրվանող:

Ինքնաշատրվանող հորատանցքերից մոտ 180-ը վթարային է կամ փականներ չունի և դրանցից ջուրն անխնա դուրս է հորդում: Սակայն ոռոգման ջուրը հիմնականում խլում է ձկնարդյունաբերությունը:

Ինքնաշատրվանող հորատանցքերից 224-ը բացվել է վերջին տարիներին ձկնարդյունաբերության նպատակով, որի հետևանքով 35-40%-ով նվազել է ոռոգման ու խմելու ջրի քանակը: Միայն վերջին երեք տարում բացվել է 135 ինքնաշատրվանող հորատանցք:

«Օրինակ` 16 հարկանի շենքի մեջ ջուրի ճնշումը կհասցնի մինչև վերջին հարկ: Բայց եթե առաջին հարկի բնակիչները բաց թողնեն ջուրը, ապա ճնշումը կընկնի, և ջուրն այլևս վերին հարկեր չի հասնի,- ասում է Եվրամիության փորձագետ ջրաբան ֆրանսահայ Վազգեն Անդրեասյանը: – Նույնն էլ Արարատյան դաշտում. ցածրադիր վայրերի հորատանցքերից ջուրը դուրս կգա, ու ավելի բարձրադիր հատվածների մեջ ջուրի ճնշումը կընկնի, ու այն դուրս չի գար»:

Եթե Երևանի ջրամատակարարման համար Գայ-Հայկաշեն հանքավայրի տարածքում 39 հորատանցքերի ջրի ծախսը 1981 թ. կազմում էր 190 միլիարդ լիտր, ապա 2005-ին` 154 միլիարդ լիտր, այսինքն` 36 միլիարդ լիտրով պակաս:

«Արտեզյան ավազանի թողունակությունը կազմում է 90-100 խմ/վրկ (տարեկան 2,8-3,1 տրիլիոն լիտր), մենք այսօր վերցնում ենք 20-22 խմ/վրկ,- ասում է բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Վլադիմիր Նարիմանյանը: – Արտեզյան ավազանը ինքնավերականգնվող է, և որևէ վտանգ չկա ցամաքելու»:

Փորձագետ Անդրեասյանն ասում է, որ թեև արտեզյան ավազանը ինքնավերականգնվող է, սակայն չարաշահման դեպքում ինքնաշատրվանող հատկությունը կվերանա: Նա կրկին օրինակ է բերում բարձրահարկ շենքը, ուր եթե ջրի քանակը կարող է նույնը մնալ, սակայն հոսող ջրի բացակայության դեպքում վերին հարկերը անբնակելի կդառնան:

Նաև հիշեցնում է ինքնավերականգնվող Սևանը, որ 1920 թ. ուներ 70 միլիարդ խմ ջրի պաշար, իսկ ոռոգման ու էներգետիկ նպատակով իջեցման հետևանքով 60%-ով նվազեց ու այսօր 30 միլիարդ խմ է: Ըստ նրա` եթե արտեզյան ավազանի պաշարները շարունակեն չարաշահվել, ապա վերականգնելու համար տասնյակ կամ գուցե հարյուրավոր տարիներ պետք կլինեն:

Հարթավայրի սահմանային գոտում մի քանի տասնյակ հորատանցքեր ցամաքել են արդեն: Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 86 ինքնաշատրվանող հորատանցքերի գումարային ծախսը 1989 թ. եղել է 5 խմ/վրկ (տարեկան 160 միլիարդ լիտր), իսկ 2006-ին երկու անգամ պակաս` 2,5 խմ/վրկ (80 միլիարդ լիտր):

Հովտաշատի շատրվանների մի մասն ընդհանրապես ցամաքել է, և «ինքնավերականգնվող» ջրային ռեսուրսը ցամաքած հորատանցքերում 3-5 տարի է այլևս չի բխում:

«90-ականներից սկսեց հետզհետե ցամաքել, օր օրի, տարին տարու վրա զգացվում ա,-ասում է հովտաշատցի Հենզել Ղարագյոզյանը: – Տուժում ենք` էն խոսքը չի, խմելու` էլի հերիքում ա, իսկ ոռոգման` չէ: Երրորդ տարին ա` էլ երկրորդ բերք ստանալու մասին չեմ մտածում»:

Գյուղի այգիների շատրվանների մի մասն արդեն երրորդ տարին ցամաքել է, մի քանի տարի առաջ առատ բերք տվող դաշտերը անապատի են վերածվել: Ղարագյոզյանը ցույց է տալիս ցամաքած շատրվանի տեղը, որի շուրջը գոյացած լճակում մանկության տարիներին ինքը լողացել է, իսկ այժմ շուրջը ամայություն է:

Իսկ մոտ կես կիլոմետր ներքև երևում են Հովտաշատի ջրերը քամող ձկնաբուծարանները: Ձկնաբուծությունը հսկայական եկամուտներ է բերում` չնչին ներդրումների գնով. հորատանցքի թույլտվություն ստանալու համար մինչև 2 հազար դոլար կաշառք է պետք և ևս 7 հազար դոլար` հորատանցք փորելու ու կահավորելու համար:

Բացի այդ, ձկնաբուծարանների ստվար մասը պատկանում է հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ու, հետևաբար, անհնար է դրանց վրա հսկողություն սահմանել կամ կանխել ջրի անխնա օգտագործումը:

Ձկնաբուծարաններ են կառուցված Արմավիրի մարզի Գայ, Ակնաշեն, Հայկաշեն, Ապագա, Լուսագյուղ, Արաքս, Ջրառատ պետտնկարան և Արարատի մարզի Հայանիստ, Հովտաշատ, Սայաթ-Նովա, Սիս և Ռանչպար համայնքներում:

Ըստ վիճակագրության ազգային ծառայության տվյալների` 1999 թվականից մինչև այժմ արտահանվել է 152 տոննա թարմ, իսկ 2000 թվականից` մոտ 11 տոննա կենդանի ձուկ: Թե ինչքան ձուկ է արտադրվում Արարատյան դաշտավայրում, վիճակագրության ծառայության մի պաշտոնյայի հավաստմամբ` անհնար է պարզել:

Արարատյան դաշտավայրում արտադրված ձկնատեսակները` հիմնականում իշխանի տեսակները, կենդանի կարելի է գնել Երևանի խանութներում 1 կգ-ն 1500-3000 դրամով: Արտեզյան ջրերն ունեն իշխանի արտադրության համար անհրաժեշտ սառնություն, մաքրություն, հոսող են և ֆիլտրացման կարիք չունեն:

Նախկին հորատանցքերը հորատվել են 100-110 մետր, իսկ ձկնաբուծարաններինը հորատվում են 150-180 մետր, որի հետևանքով փոքր չափով թուլանում է ջրի ճնշումը և ընկնում որակը:

Մասնագետներն ասում են, որ ջուրը պարզապես չարաշահվում է, քանի որ որոշակի ծախսերի դեպքում հնարավոր է նույն ջուրը շրջանառությամբ հինգ անգամ օգտագործել, սակայն ձկնաբույծներն այն մի անգամ են օգտագործում, իսկ ջուրն էլ, որ կարող էր ոռոգման համար օգտագործվել, անտեղի լցվում է Արաքս, իսկ մի մասն էլ` դրենաժային ջրանցքներ ու նոր պրոբլեմներ առաջացնում:

Եթե ձկնաբուծության պատճառով դաշտերի մի մասը մնում է անջրդի, ապա մի մասն էլ այդ ջրերից գերխոնավանում ու ճահճանում է: Ձկնաբուծարանների օգտագործած ջուրը լցվում է դրենաժային համակարգ ու, բարձրացնելով նրա մակարդակը, ճահճացնում ու աղակալում վարելահողերն ու այգիները:

Դրենաժները հազար կիլոմետր ձգվող արհեստական ջրանցքների համակարգ է` կառուցված 1940-60 թթ. Արարատյան դաշտավայրի ճահիճները չորացնելու` մալարիայի համաճարակը և վարելահողերի աղակալումը կանխելու նպատակով: Դրենաժներով դուրս են հանվում դաշտավայրի ավելորդ ջրերը:

Դրենաժային համակարգի շնորհիվ մալարիայի համաճարակը վերացավ: Այն կրկին հայտնվեց 30 տարի անց` 90-ականներին, Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ դրենաժների ջրանցքները մնացին անխնամ, աղբից խցանումներ առաջացան, ջրի մակարդակը բարձրացավ, ու ճահիճները սկսեցին վերականգնվել:

Մալարյան նահանջեց 1997 թվականից, երբ Եվրամիության հատկացրած գումարներով Կառավարությունը սկսեց մաքրել դրենաժներն ու վերականգնել նրանց բնականոն աշխատանքը: Սակայն այժմ դրենաժների ջրի 40%-ը ձկնաբուծարաններից է լցվում, բարձրացնում նրանց մակարդակը, խաթարում ցանցի արդյունավետ աշխատանքն ու կրկին առաջացնում մալարիայի վտանգ:

«Երբ դրենաժի մեջ ջրի մակարդակը բարձրանում է, նրա մեջ եղած ջուրը թույլ չի տալիս, որ վարելահողերի միջի աղակալած ջուրը դուրս հոսի դեպի դրենաժ, այսինքն` մի ջուրը մյուսին խանգարում է, ու հողերը գերխոնավանում ու աղակալում են»,- ասում է «Մելիորացիա» ՓԲԸ տնօրենի տեղակալ Գեորգի Չոբանյանը:

Անդրեասյանը բնորոշում է իրավիճակի անհեթեթությունը` նորից ներկայացնելով 16 հարկանի շենքը, «որուն 4-րդ հարկեն վեր անբնակելի դարձած է, որովհետև այնտեղ ջուր չի հասներ, ու նաև 2-րդ հարկեն վար նույնպես անբնակելի դարձած է, որովհետև 3-րդ հարկի բնակիչները այնքան շատ ջուր բաց կթողնեն, որ ներքևի հարկերուն մեջ անընդհատ կկաթկթի:

Ծիծաղելի չէ՞ ամբողջ շենք մը չեզոքացնել` մեկ հարկի բնակիչներու ապրելակերպին պատճառով»:

Նա ասում է, որ ջրային ռեսուրսների ռազմավարական կարևորությունը դուրս է մնացել Հայաստանի կառավարության ուշադրությունից: Դրա ապացույցն է համարում արտեզյան ավազանի անխնա շահագործումը, որն արդյունավետ օգտագործման դեպքում կգերազանցի Սևանի վերականգնվող ռեսուրսները:

Անդրեասյանն ասում է, որ եթե շարունակեն նոր հորատանցքեր փորել, ապա արտեզյան ջրերի մակարդակը վտանգավոր կերպով, գուցե անդառնալիորեն, կիջնի, ինչպես եղել է 19-րդ դարում Փարիզի մերձակայքում, որտեղ ջրհորները ցամաքել են գերշահագործման արդյունքում:

«Ցավալի է, որ 21-րդ դարուն մարդիկ չեն կրնար անցյալի սխալներեն դասեր քաղել»,- ասում է Անդրեասյանը»:

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031