ԱԺ կանոնակարգ օրենքն է երկրորդ ընթերցմամբ քննարկվում ԱԺ-ում: Նախագծի համահեղինակ եւ զեկուցող, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ խմբակցություններին նոր լիազորություններ են ավելացրել՝ կարող են կազմակերպել խորհրդարանական լսումներ, արտահերթ նախագծեր շրջանառության մեջ դնել եւ արտահերթ քննարկելու իրավունք ունենալ:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց խմբակցության ցուցակով խորհրդարան մտնող, բայց հետո ինչ-ինչ պատճառներով խմբակցության կարծիքը չներկայացնող պատգամավորների հարցը: Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ մանդատը վայր դնելու մասին չի խոսքը, դա սահմանադրական նորմ է. «Բայց պե՞տք է այդ պատգամավորը շարունակի օգտվել խմբակցության բոլոր լիազորություններից, աջուձախ հարցազրույցներ տա՝ վարկաբեկելով տվյալ խմբակցությանը»:
Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Աջուձախ հարցազրույցներ տալու որեւէ սահմանափակում Կանոնակարգ օրենքը չի կարող դնել: Իսկ խմբակցության իրավունքներից օգտվել, օրինակ, խմբակցության անդամներն են, որ պետք է լինեն հանձնաժողովի անդամներ, բարեկամական խմբերի անդամներ, խմբակցությունն է լիազորություն ունենալու որոշել ու դուրս հանել նրան այդ խմբերից»:
Ըստ Խոսրով Հարությունյանի, պատգամավորին կարող են հեռացնել խմբակցությունից, եթե նա հեռացվել է կուսակցությունից: Ուրիշ հիմք չի կարող լինել. «Եթե նա դադարել է լինել կուսակցության անդամ, նա կորցնում է նաեւ ֆրակցիայի անդամ լինելու իրավունքը: Եթե ես կորցրեցի ֆրակցիայի անդամ լինելու իրավունքը, արդյո՞ք չեմ կորցնելու պատգամավոր լինելու իրավունքը, եթե ինձ ժողովուրդն ընտրել է՝ այդ կուսակցության ծրագրերն իրականացնելու համար: Եթե ես կուսակցությանն անդամակցել եմ, ինձ հեռացրել են, ես ի՞նչ իրավունքով պետք է մանդատը վայելեմ, պահեմ: Չեմ կարողանում հասկանալ»:
Կարդացեք նաև
Գալուստ Սահակյանը գտնում է, որ պատգամավորին ժողովուրդն է ընտրում եւ ժողովուրդն էլ կարող է նրան դուրս անել ԱԺ-ից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ