«Միասին ապրելու գաղափարախոսության հենց կենտրոնում է գտնում հավասար իրավունքների հարցը՝ ներառելով կրոնական, քաղաքական, աշխարհաքաղաքական բաղադրիչներ»,-«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի կողմից այսօր Հայաստանում ֆրանսիական համալսարանում կազմակերպած «Հավասար իրավունքներ, հնարավորություն յուրաքանչյուրի համար։ Պայքար խտրականության դեմ» քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Նրա բնորոշմամբ՝ հասարակությունը պետք է հավասար նայի իր անդամներին. «Ոչ մեկ չպետք է իրեն օտարված զգա, որովհետեւ խտրականությունը կարող է բոլորիս վերաբերել ինչ-որ պահի: Պետք է շատ զգոն լինել եւ թույլ չտալ, որ խտրականությունը մուտք գործի մեր կյանք: Սա բարոյաէթիկական հարց է: Մարդկանց զրկել իրավունքներից՝ նշանակում է զրկել հնարավորություններից: Պատմության մեջ կան օրինակներ, երբ մարդիկ խտրականության են ենթարկվել, որովհետեւ կարճահասակ կամ ճաղատ են եղել: Չի կարելի օտարել մարդկանց, որոնք կարող էին բացառիկ տաղանդներ լինել»:
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան էլ հույս հայտնեց, որ ՀՀ-ում «Խտրականության դեմ պայքարի մասին» օրենքը հաջորդ տարի կընդունվի. «Պայքարում ենք խտրականության դեմ՝ ազգային, սեռական, սոցիալական խտրականության: ԵԽ-ին անդամակցելով՝ ՀՀ-ն ստանձնել է խտրականությունը կանխելու մի շարք պարտավորություններ, բայց դեռ շատ բան կա անելու: Ամեն օր աշխատում ենք ՀՀ իշխանության եւ հ/կ-ների հետ՝ օգնելու խտրականության դեմ պայքարում»:
Վուտովան նաեւ նկատեց, որ ըստ հետազոտությունների՝ ամենաերջանիկները համարվում են դանիացիները, իսկ ՀՀ-ն 150 երկրների ցանկում 120-րդն է: ԵԽ պաշտոնյան հույս հայտնեց, որ հայերը մի օր կհասնեն դանիացիներին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ