Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ Փոքր Մհեր կրթահամալիրում տեղի ունեցող դեպքերին: Նա կրթության և գիտության ու պաշտպանության նախարարներին հանձնարարեց երկօրյա ժամկետում ավարտել և ամփոփել կրթահամալիրում նախարարությունների համատեղ հանձնաժողովների կողմից իրականացվող ուսումնասիրությունները եւ եռօրյա ժամկետում ներկայացնեն համապատասխան առաջարկություններ:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջարկեց, որ Փոքր Մհեր ավագ դպրոցը տեղափոխվի պաշտպանության նախարարության կառավարման ոլորտ և միավորվի Մոնթե Մելքոնյան վարժարանի հետ: «Դա այն խնդրի շարունակությունն է, որի մասին խոսել ենք ռազմական կրթության որակի կտրուկ բարձրացման համատեքստում»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ վերջին ժամանակահատվածում Կրթության պետական տեսչության կողմից հանրապետության հանրակրթական հաստատություններում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ ու թերություններ, դրանք վերացնելու ուղղությամբ տեսչության կողմից տրվել են մի շարք առաջարկություններ և հանձնարարականներ:
Վարչապետը մարզպետներին և Երևանի քաղաքապետին հանձնարարեց ապահովել տեսչության կողմից բացահայտված խախտումների ու թերությունների վերացմանն ուղղված առաջարկների, հանձնարարականների կատարումը եւ երեքշաբաթյա ժամկետում տեղեկացնել միջոցառումների ընթացքի և արդյունքների մասին, անդրադառնալով յուրաքանչյուր առաջարկությանն ու հանձնարարականին:
Կարդացեք նաև
Կարեն Կարապետյանը կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին հանձնարարեց մարզպետների և Երևանի քաղաքապետարանի հետ քննարկել տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքները: Վարչապետի կարծիքով՝ արդյունքների վերլուծության հիման վրա պետք է ներկայացնել առաջարկություններ կրթական ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ