Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հանձնարարեց մասնավորեցման պիտանի օբյեկտներն ընդգրկել պետգույքի մասնավորեցման ցանկում

Դեկտեմբեր 15,2016 12:37

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ հանձնարարականներ տվեց նախարարության ներկայացուցիչներին:

Ներդրումների ներգրավումը խրախուսելու, արտադրական խնդիրների լուծմանը նպաստելու, աշխատատեղեր ստեղծելու, մատուցվող ծառայությունների որակն էապես բարձրացնելու նպատակով՝ պարոն Կարապետյանն էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, տարածքային կառավարման եւ զարգացման, առողջապահության, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, նախարարներին եւ մարզպետներին հանձնարարեց երեք շաբաթում պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ քննարկել եւ առանձնացնել պետական մասնակցությամբ այն առեւտրային կազմակերպությունների ցանկը, որոնք անհրաժեշտ է ընդգրկել պետական գույքի մասնավորեցման ծրագրում:

Վարչապետն ասաց, որ պետք է հաշվի առնել՝ այսուհետ առանձնացված ընկերությունների հետագա հնարավոր մասնավորեցումը պետք է ունենա միայն հստակ ծրագրային ուղղվածություն:

Պետական գույքի կառավարման վարչության պետին վարչապետը հանձնարարեց ամփոփել ներկայացրած առաջարկություններն ու մշակել մասնավորեցման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել կառավարություն:

«Պարոն Սահակյան, մենք պայմանավորվել էինք ձեզ հետ, որ պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների հաշվետվությունները, պլանային ցուցանիշները շահութաբեր են, թե ոչ շահութաբեր՝ դրանց վերաբերյալ մենք պետք է քննարկում անեինք և առաջարկություններ լսեինք: Էս պահին որտե՞ղ ենք հասել»,-պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվեց վարչապետը:

Պարոն Սահակյանն էլ վարչապետի հարցին ի պատասխան վստահեցրեց՝ ֆինանսատնտեսական մոնիթորինգներն իրականացված են, 2015 թվականի ցուցանիշներն էլ պատրաստ են, բայց 2016 թվականի ֆինանսատնտեսական ցուցանիշները պատրաստ կլինեն մայիս ամսին, քանի որ սա կառավարության որոշման պահանջ է, բայց գործընթացն, ըստ Սահակյանի, կարող են սկսել:

Վարչապետ Կարեն Կարապետյանը դիմելով Սահակյանին՝ հանձնարարեց՝ «Ներկայացրեք առաջարկություններ, հատկապես այն առաջարկությունները, երբ նույն հարթակի վրա մենք ունենք պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկություն եւ կողքը մասնավոր, որի ցուցանիշները շատ բարձր են, պետականը՝ չէ: Մենք հատուկ ուշադրություն պետք է դարձնենք այդ խնդրին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031