Այսօր ԱԺ նիստում ուշագրավ դեպք եղավ. պատգամավորը տեղում բռնեց ուրիշի փոխարեն քվեարկող իր գործընկերոջը:
Քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Այն ընդունվեց 85 կողմ, 4 դեմ, 7 ձեռնպահ ձայներով:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց եւ հայտարարեց. «Պարոն Սահակյան, եթե կարելի է, քվեարկությունների պատկերը հետ վերադարձնենք եւ նայենք վերեւից երկրորդ շարքի 4-րդ նստած մարդը չկա, բայց կանաչ լույս է վառվում»:
Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը՝ տեղից փորձեց վիրավորել Թեւան Պողոսյանին, թե «Դու լավ գործ տվող կաշխատես»: Թեւան Պողոսյանն էլ պատասխանեց. «Արխային, ուրախ եմ, եթե հանուն իմ ազգի, ազնվության եւ օրենքի կարելի է գործ տվող համարվել, թող այդպես էլ լինի»:
Կարդացեք նաև
Գալուստ Սահակյանը փորձեց չտեսնելու տալ եւ ասաց. «Էդ մի կողմը հանենք ձեզ համար, չնայած մարդը նստած է»: Նա անցավ հաջորդ հարցերի քվեարկությանը՝ փորձելով փակել թեման:
Զարուհի Փոստանջյանն էլ հիշեցրեց իրենց նախագիծը՝ ուրիշի փոխարեն քվեարկող կարգազանց պատգամավորներին պատժելու մասին: Նա հորդորեց պատկերը ցույց տալ, որ գոնե այս գումարման ԱԺ-ում ունենան կարգազանց ճանաչված պատգամավոր, որ ապագայում նման արարք թույլ չտան: Գալուստ Սահակյանը չհամաձայնեց. «Էդքան կարգազանցների մասին մի խոսեք, որովհետեւ կարգազանցությունը բոլորիդ մոտ է»: Նա հորդորեց անունը տալ, թե ով է քվեարկել ուրիշի փոխարեն, որ նրա հարցը ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննվի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ