«Հասարակության կողմից կառավարության կամ վարչապետի առաջ բարձրացրած կոնկրետ խնդիրների դեպքում՝ դրանք հաճախ մեր կողմից վերահասցեագրվում են համապատասխան մարմիններին: Սակայն երբեմն մարմիններից ստացվում են առանց բարձրացրած խնդրի վերլուծության եւ գործուն քայլեր պարունակող միջոցառումների, գրեթե ոչինչ չասող անդեմ պատասխան -գրություններ, հատկապես եթե դրանք վերաբերում են տվյալ գերատեսչության ոլորտում նոր ծրագրերին կամ գերատեսչության ծախսերի ավելացմանը: Առանց համապատասխան վերլուծության, այլ շահագրգիռ կառույցների հետ քննարկման եւ մշակման, միայն խնդրի վերաբերյալ գերատեսչության ընդհանուր տեսական վերաբերմունք պարունակող գրությունները չեն ընդունվելու: Վերադարձվելու են կատարման՝ հսկողությունից չհանվելով»,- այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց գերատեսչության ղեկավարներին՝ դիտողություններ անելով:
Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց հետեւել հանձնարարականների կատարման որակին, նշելով՝ «Կարծում եմ այս հանձնարարականը ձեզ մեկնաբանելու կարիք չկա, հասկանալի է՝ ինչի մասին է խոսքը»:
Վարչապետ Կարապետյանը դիմելով կառավարության անդամներին, հանձնարարական տվեց գերատեսչությունների առաջարկած տարեկան միջոցառումների կետերի և գերակա խնդիրների մասին:
Կարապետյանի ներկայացմամբ՝ ինքը վերջերս ծանոթացել է այդ ծրագրերին, եւ ըստ վարչապետի, ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել. «Քանի որ առաջարկությունները միշտ չէ, որ հիմնավորված են չափելի քայլերի հերթականությամբ և հստակ ժամկետների առկայությամբ: Այս ձեւով այդ ծրագրերը չեն ընդունվելու: Հանձնարարում եմ այդ ուղղությամբ աշխատանքներն ավարտել առաջիկա 2-3 օրերի ընթացքում»:
Կարդացեք նաև
Վարչապետ Կարապետյանն ասաց, որ մյուս շաբաթվանից նախարարների հետ պլանային հանդիպումների ժամանակ քննարկելու են ներկայացված տարեկան միջոցառումների ծրագրերի կետերն ու գերակա խնդիրները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ