Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ օրենսդրությունը թույլ տալի՞ս է սփյուռքի հայտնիներին ՀՀ-ում դիտորդական առաքելություն իրականացնել

Դեկտեմբեր 15,2016 11:44

Ինչպես տեղեկացրել ենք, սեպտեմբերի 21-ին սփյուռքահայ մշակութային գործիչների նախաձեռնությամբ ստեղծված «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը նպատակ ունի առաջիկա ԱԺ ընտրություններում իրականացնել դիտորդական առաքելություն: Կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը՝ Ատոմ Էգոյանի կինը, տեղեկացրել էր, որ այդ նախաձեռնության ներքո ստորագրել է 4000-ից ավելի սփյուռքահայ:

Այդ անձանց շարքում են նաև սփյուռքի հայտնիները. օրինակ՝ “Systrem of a Down” ռոք խմբի մենակատար, երաժիշտ Սերժ Թանկյանը, «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության հիմնադիրներից Ատոմ Էգոյանը և այլք:

Սփյուռքի հայտնիները, բացի դիտորդական առաքելություն իրականացնելու նախաձեռնությունից, նաև հայտարարել են Հայաստանում ընտրությունների անցկացման հարցում գոյություն ունեցող լուրջ հիմնախնդիրների, սփյուռքահայերի՝ քվեարկության գործընթացին մասնակցելուն առնչվող խնդիրների մասին:

Aravot.am-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (ԿԸՀ) Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց՝ ՀՀ օրենսդրությունը թույլ տալի՞ս է սփյուռքահայ գործիչներին իրականացնել դիտորդական առաքելություն: Պարոն Մուկուչյանը պատասխանեց. «Դիտորդական առաքելություն իրականացնելու բոլոր հնարավորությունները, պարտականություններն ու իրավունքները սահմանված են ՀՀ Ընտրական օրենսգրքով (ԸՕ): Մնացած ամեն ինչ տեսական դատողություններ են: Ես տեսականորեն նման հարցադրում հնչեցնել չեմ կարող կամ որևէ պատասխան տալ: Պետք է հասկանալ ինչ կարգավիճակ է, ինչպես են գալիս, ինչ կերպ են դիմում և այլն: Այդ բոլորը խնդիրներ են, որոնց հնարավոր կլինի պատասխանել կոնկրետ փաստաթղթեր դիտարկելուց և դրան համապատասխանությունը Ընտրական օրենսգրքին որոշելուց հետո, երբ ԿԸՀ-ն կայացնի համապատասխան որոշում»:

Հիշեցնենք, որ ԸՕ-ի 6-րդ գլխի 30-րդ հոդվածով սահմանված է, որ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն. «Միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, ՀՀ այն հ/կ-ները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին: Սույն հոդվածի 1-ին մասում նշված միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա հ/կ-ները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում»:

Օրենսդրությունը սահմանում է նաև, թե ովքեր իրավունք ունեն հրավեր ուղարկելու: Ըստ այդմ՝ միջազգային կազմակերպություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկելու իրավունք ունեն`ՀՀ նախագահը. ԱԺ նախագահը, վարչապետը, ԿԸՀ-ն:

Հարցին՝ իսկ դիմումներ արդեն եղե՞լ են, ԿԸՀ նախագահը պատասխանեց. «Այս պահին չկա գործընթաց, հետևաբար չի կարող լինել նաև դիմում»:

Մեր այն հիշեցմանը, թե սփյուռքահայ հայտնի գործիչները լուրջ մտահոգություններ ունեն ՀՀ-ում ընտրական գործընթացների հետ կապված և հարցին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ խնդիրները հաղթահարելու համար, պարոն Մուկուչյանը ձեռնպահ մնաց պատասխանելուց: Միայն փոխանցեց. «Մենք դրա վերաբերյալ իրավասություն չունենք քաղաքական գնահատականներ ներկայացնել կամ դատողություններ անել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031