Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց արժեքների եւ ամբիցիաների

Դեկտեմբեր 15,2016 10:24

Հաճախ լսում եմ, որ մեր ներքին եւ արտաքին խնդիրները պայմանավորված են «կողմնորոշմամբ»: ԵԱՏՄ-ից դուրս գանք եւ մտնենք Եվրամիություն, ՀԱՊԿ-ը թարգենք, միանանք ՆԱՏՕ-ին, եւ ամեն ինչ լավ կլինի: Նախ` այդ արեւմտյան կառույցներում մեզ ոչ ոք չի սպասում: Երկրորդ` հաշվի առնելով Ռուսաստանի անկանխատեսելիությունը՝ պետք է պատրաստ լինել այդ երկրի հերթական կոլապսին եւ, հետեւաբար, մտքում այլընտրանքներ ունենալ: Բայց այսքանով հանդերձ՝ պարզունակ երկատվածությունը, որը հիմնված է «ճիշտ» կամ «սխալ» կողմնորոշման վրա, առնվազն միամիտ մոտեցում է:
Սադամը եւ Կադաֆին «սխա՞լ» կողմնորոշում ունեին: Բայց երբ նրանց երկրները փորձեցին ուղղորդել դեպի «ճիշտ» կողմնորոշում, արդյոք դա երջանկություն եւ խաղաղություն բերե՞ց այդ երկրներին: Ընդհանրապես ո՞վ շահեց «արաբական գարունից»: Ի վերջո՝ ոչ ոք, այդ թվում նաեւ` այդ «գարնան» արեւմտյան կազմակերպիչները: Միայն գլխացավանքն է ավելացել: Բոլորի համար:

Ասացեք խնդրեմ, ինչո՞վ է Պորոշենկոն Յանուկովիչից լավը: Պակաս կոռումպացվա՞ծ է: Ավելի «եվրոպակա՞ն» է: Ինչ-որ առանձնահատուկ բարեկեցությո՞ւն է բերել Ուկրաինայի քաղաքացիներին: Ոչ, նա նույն հետխորհրդային «վերնախավի» ներկայացուցիչ է` բարոյական եւ պետական նույն պատկերացումներով: Այո, ռուսները բռնակցել են Ղրիմը, քաղաքացիական պատերազմ են հրահրել Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերում, որին անմիջականորեն մասնակցում են` այդպիսով «մուռ հանելով» կողմնորոշման փոփոխության համար: Իսկ Ուկրաինայի մնացած մարզերում կարգուկանո՞ն է հաստատվել, տնտեսական ա՞ճ է գրանցվել:

Դրա համար է ինձ թվում, որ խնդիրը ոչ թե կողմնորոշումն է, այլ արժեքները եւ, եթե ուզում եք իմանալ, հավակնությունները: Եվրոպացի լինելը, իմ ընկալմամբ, կապ չունի ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի, առավել եւս, իհարկե` ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ: Ես ցանկանում եմ, որ Հայաստանում լինեն անկախ դատարաններ, իշխանությունների տարանջատում, խոսքի եւ հավաքների ազատություն, իրական, մրցակցային շուկայական հարաբերություններ, իշխանության ընտրելիություն: Այդ ամենը հնարավո՞ր է առանց ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի: Ինձ թվում է՝ այո:

Եվ այստեղ է գալիս ամբիցիաների հարցը: Արդյոք մեր հասարակությունը, մեր քաղաքացիների ակտիվ կազմակերպված մասն ունի՞ նման հավակնություններ: Ես խիստ կասկածում եմ: Հարուստների, իշխանավորների մասին խոսել` խնդրեմ: Փրկիչներին սպասել` իհարկե: Նույն հարուստներից ողորմություն խնդրել` ինչքան ուզեք: Բայց որոշակի հիմունքներով կազմակերպված պետություն ունենալու ամբիցիաներ մենք չունենք:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Sahak says:

    Հավակնություններ ունենալու համար նախեւառաջ մտավոր կարողություն է պետք:
    Երեւանի ու շրջակայքի հայ համայնքի առաջնորդը օգտվում է ռուսաց կայսեր բավարար վստահությամբ եւ լավատես է համայնքի ապագայի հանդեպ: Խորհրդարանական համակարգին անցնելը էլ ավելի կամրապնդի հայրենաբնակ համայնքի ազգային կյանքը:
    Ուրիշ ինչ պետկանություն է մեզ հարկավո՞ր, հարգելի ԽՄԲԱԳԻՐ:
    Ինչի՞ համար: Սիրիահայերին իրենց հայրենիք, հայության հինավուրց օրրան Լեվանթում ամրապնդելու համա՞ր: Թուրքիային իրվականորեն ձեւակերպված պահանջներ ներկայացնելու համար: Ներքին սոցիալական աղետը կանխելու համա՞ր:
    Թե օտար երկրների հայությանը քաղաքականապես օժանդակելու՞ համար: 2,5 միլիոն հաշվող ռուսական համայնքը չունի նույնիսկ մեկ պատգամավոր ՌԴ Դումայում եւ ՀՀ դեսպանության խորհրդականները համարում են դա լավ նշան՝ ավելորդ քաղաքականություն հայերին պետք չէ ասելով:
    Նրանք էլ հո գիտե՛ն որն է լավը 🙂

  2. Հ.Շ. says:

    «Այո, ռուսները բռնակցել են Ղրիմը»
    այնքան, որքան հայերը բռնակցել են Արցախը…

  3. Լևոն Մելքումյան says:

    Ես ցանկանում եմ, որ Հայաստանում լինեն անկախ դատարաններ, իշխանությունների տարանջատում, խոսքի եւ հավաքների ազատություն, իրական, մրցակցային շուկայական հարաբերություններ, իշխանության ընտրելիություն: Այդ ամենը հնարավո՞ր է առանց ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի: Ինձ թվում է՝ այո:

    Ձեզ, աշուշտ, ճիշտ է թվում: Միայն մի փոքր հավելում,- առանց ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հնարավոր է, բայց ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ՝ ոչ մի դեպքում: Սա այնքան պարզ է, որ զարմանում եմ՝ ինչպես կարելի է դա մոռանալ:

    • Հ.Շ. says:

      սակայն խմբագիրը ասում է՝ ոչ մէկին հետ, ոչ ել մյուսին հետ

      մենք մեզի միայն,
      միայն մենք մեզմով

      իրապաշտ չէ անշուշտ, նկատի ունենալով մեր ընդհանուր վիճակը,
      սակայն իր – այս պարագային՝ idealist – մօտեցումն է

      իսկ ամէն դէպքում,
      այդ երազներով ապրողները ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հաւատացողներն են

      մինչ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի ապավինողներուն համար,
      երկորդական են այդ բոլոր սիրուն բաները

  4. henri says:

    Թէև համեմատութիւնները շատ յաջող չեն / Սատտամ,Գատաֆի ևայլն և Հայաստան// բայց ընդհանուր առումով ,որպէս օրինակ աչքի առջեւ պէտք է ունենալ քանի Ռուսը կամ Եւրոպացին
    որ այդ պետութիւնները տակնուվրայ ըրին ՝ կան և նոյնն են ;
    Կը համարիմ որ հակառակ մեր երիտասարդ պետութիւն ըլլալուն /25/տարեկան,,մեր դարաւոր անցեալէն ալ դասեր քաղած ենք և փոխանցած սերունդէ-սերունդ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031