Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր նույնիսկ հաջողությունների հասած բիզնեսներ են փակվում եւ երկրից հեռանում

Դեկտեմբեր 15,2016 15:30

Փոքր ու միջին բիզնեսի համար վարկերի տոկոսադրույքները շարունակում են բարձր մնալ, ՓՄՁ-ն չի կարողանում շնչել, մինչդեռ տնտեսության շարժիչ ուժն է նաեւ ՓՄՁ բիզնեսը: Ինչո՞ւ մեր երկրում տոկոսադրույքները չեն նվազում՝ «Առավոտի» հարցին «ՓՄՁ համագործակցություն ասոցիացիայի» պատասխանատու Սամսոն Գրիգորյանը պատասխանում է, որ ոչ թե տեղային ու ժամանակավոր լուծումներ են պետք ՓՄՁ բիզնեսի համար, այլ հիմնավոր:

Նրա համոզմամբ՝ պետք է փոքր ու միջին բիզնեսը մտնի արտադրության դաշտ. «Այսօր փոքր ու միջին բիզնեսի շատ մեծ տոկոս զբաղվում է առեւտրով, միայն վարկ տալով հարցին լուծում չի տրվում, պետք է ՓՄՁ-ի համար առաջին հերթին ստեղծվի հավասարության դաշտ, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը մրցակցությանը դիմանա»:

Գրեթե ամեն օր առնչվելով բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ պարոն Գրիգորյանը կարծում է, որ մեր երկրում վարկավորման տոկոսադրույքները, մասնավորապես` ՓՄՁ-ի համար, չափազանց բարձր են, եւ որքան էլ կառավարությունը քայլեր է ձեռնարկում դրանք նվազեցնելու, բիզնեսին աջակցելու, այդուհանդերձ՝ նման բարձր տոկոսներով բիզնեսը չի կարող աճ ունենալ:

«6-7 ամիս առաջվա պայմաններով՝ լավագույն դեպքում 16 տոկոս դոլարային վարկերն էին եւ 22 տոկոս` դրամային վարկերը, հիմա նոր-նոր Կենտրոնական բանկը վերավարկավորման տոկոսադրույքն իջեցրել է, եւ հնարավոր է` վարկերը մինչեւ 10 տոկոս իջնեն: Բայց դա էլ է բարձր փոքր ու միջին բիզնեսի համար: Նկատելի քայլեր է պետք ձեռնարկել, ոչ թե ժամանակավոր լուծումներ, տեղային հարցեր, ընդհանուր պետք է լուծում գտնվի»:

Սամսոն Գրիգորյանի խոսքով՝ վարկերն, իհարկե, մեծ դեր են խաղում, բայց երբ ՓՄՁ դաշտում մրցակցություն չկա, բիզնեսը չի կարող այդ բարձր տոկոսադրույքներով վարկերի տակից դուրս գալ. «Իսկ ՓՄՁ դաշտում մրցակցություն չկա, քանի որ մենաշնորհները շարունակում են գործել, չեն վերացվել, ինչ-որ փոքրիկ քայլեր արվում են, բայց չէի ասի, որ դեռ հետեւանքներ կան: Հայերի բնույթն այնպիսին է, որ եթե կա եկամուտ, նա անպայման այդ դաշտում լինելու է, դրա համար չեմ կարծում, որ այսօր մենաշնորհի դաշտում գտնվող ապրանքների ներկրումը ոչ ոքի չի հետաքրքրում: Երբ որ մենք ամբողջովին ազատականացված տնտեսություն, վարկավորման տոկոսների նորմալ չափեր ունենանք, այդ ժամանակ էլ փոքր ու միջին բիզնեսը կշնչի: Ամբողջ աշխարհում արդեն խոսվում է 2-3 տոկոսի մասին, մեզ մոտ այսօրվա դրությամբ դոլարային վարկը 11 տոկոսով են տրամադրում: Կառավարությունը մի ուղով գնաց, որ ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով փորձեցին սուբսիդավորել` տոկոսներն իջեցնել, բայց այդ դեպքում էլ կարծես թե հաջողության չհասան, որովհետեւ հաջողություն չբերող բիզնեսներով շատ վերցրին վարկեր, եւ այսօր ՓՄՁ ԶԱԿ-ն ընկել է պատասխանատվության տակ»:

Սամսոն Գրիգորյանը կարծում է, որ պետք է թողնել, որպեսզի բանկերն այդ ռիսկերը գնահատեն, ոչ թե կառավարությունը մտնի այդ դաշտ, բայց նաեւ բանկերին տրվի հնարավորություն բիզնեսի համար վարկավորումը հեշտացնելու եւ տոկոսները առավելագույնս իջեցնելու:

Մեր այն հարցին` երբ ՓՄՁ բիզնեսի շահերը պաշտպանող կազմակերպությունները մտահոգություն էին հայտնում, որ մեկ տարում մի քանի հազար փոքր ու միջին բիզնես է փակվում, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նրա կառավարության պատասխանատուները հակադարձում էին` նորմալ գործընթաց է, բիզնեսները փակվում են, նորերը` բացվում: Արդյոք նորմա՞լ է, երբ գործող բիզնեսը, չկարողանալով հարկային ու վարկային բեռին դիմանալ, որոշում է փակվել, պարոն Գրիգորյանը չվկայակոչելով այս տարվա ԱՎԾ-ի տվյալները` փաստեց, որ այսօր նույնիսկ հաջողությունների հասած բիզնեսներ են փակվում եւ երկրից հեռանում, որովհետեւ աճի ակնկալիք չունեն. «Եթե նույնիսկ հետ չեն գնում, միեւնույն է՝ աճի ակնկալիք չունեն:

Բիզնեսը կայունություն է սիրում, անընդհատ տատանումներ, հարվածներ երբեք չի հանդուրժում, բիզնեսը չի կարելի գնահատել այսպես` լավ, եկել է այս դիրքի, վերջ` հերիք է»:

Մեր այն հարցին էլ, թե երբ մեր բիզնեսի գործերը վատանում են, անգամ ՓՄՁ-ի դեպքում, կառավարության պատասխանատուները պատճառաբանում են միջազգային գործոնները, սակայն մի՞թե արտաքին գործոններն այդքան արագ են անդրադառնում մեր ներքին շուկայի վրա: Օրինակ` բենզինը միջազգային շուկայում թանկանում է, մեզ մոտ անմիջապես հաջորդ օրը գինը բարձրանում է, բայց էժանանալու դեպքում ամիսներով այն չի էժանանում՝ պատճառաբանությամբ, թե դեռեւս հին խմբաքանակն է սպառվում:
«Որոշ բիզնեսներ միջազգային շուկաների հետ են կապված, բայց եթե մենք նայենք տեղայինը, ինչո՞ւ է օր օրի գնում դեպի հետ: Լավ, մենք ընտրում ենք մի հատ միջազգային շուկա, մտնում` ստորագրում ենք պայմանագրեր, որը գնում է դեպի անկում, ի՞նչ սպասենք մենք այդ շուկայից, ԵՏՄ-ն գլոբալ դեպի անկում է գնում ու մեծ քայլերով, եւ մենք ընտրում ենք այդ շուկան»,- հարցին ի պատասխան՝ ասաց Սամսոն Գրիգորյանը:

Մեր այն դիտարկմանը, թե վարչապետ Կարեն Կարապետյանն ասում է, որ մեր ձեռքը ոչ ոք չի բռնել, չի սահմանափակել այլ շուկաներ ընտրելու հնարավորությունը, եւ մենք հանգիստ կարող ենք համագործակցել եվրոպական, չինական, իրանական շուկաների հետ, պարոն Գրիգորյանն ասաց` բայց մենք չենք կարող նրանց մրցակցությանը դիմանալ. «Որովհետեւ եթե մեզ մոտ արտադրենք եւ տանենք հասցնենք տվյալ երկիր, մենք արդեն ավելի թանկ պետք է վաճառենք, իսկ եթե մենք դաշինքներ կազմենք այդ միությունների հետ, արտոնություններ կունենանք` ինչպես ԵՏՄ մտնելով»:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

14.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031