Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունից պահանջել էր իրեն բերման ենթարկելու վերաբերյալ տեղեկատվական փաստաթղթերը տրամադրել

Դեկտեմբեր 15,2016 15:00

Մարիա Հովսեփյանը բերման էր ենթարկվել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին 2013 թվականի դեկտեմբերի 2-ին: ՀՀ ոստիկանության կողմից հարուցվել էր վարչական վարույթ, սակայն մինչ օրս վարչական վարույթի նյութերը Մարիա Հովսեփյանին չեն տրամադրվել։

Մ. Հովսեփյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արամազդ Կիվիրյանը դիմելով վարչական վերաքննիչ դատարան, հայտնել է, որ իր վստահորդի անունից դիմում է ներկայացվել ՀՀ ոստիկանություն, խնդրելով տրամադրել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկվածի վերաբերյալ կազմված բոլոր փաստաթղթերի պատճենները, այդ թվում՝ զեկուցագրերը, անձանց բացատրությունները։

Ըստ բողոքաբեր կողմի, ՀՀ ոստիկանության կողմից փաստաթղթերը չտրամադրելը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով եւ համապատասխան միջազգային պայմանագրերով սահմանված հայցվորի իրավունքները, ինչպես նաեւ օրենքի եւ (կամ) այլ իրավական ակտերի պահանջները։

Հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասին, Ա. Կիվիրյանը նշել էր. «Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը եւ (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը»։
Այսինքն, ըստ նրա, Հայաստանի Հանրապետությունում հռչակված է տեղեկատվության ազատության իրավունքը:

Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք, խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը, պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները, խախտում է հեղինակային իրավունքը եւ հարակից իրավունքները։ Մինչդեռ, տվյալ գործով գաղտնիքի նշույլ անգամ չի եղել:

Այս գործով խախտվել էր նաեւ ՀՀ փաստաբանական գործունեության մասին օրենքը: Փաստաբանը, ըստ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից կամ կազմակերպություններից կարող է փաստաթղթեր պահանջել եւ ստանալ ոչ միայն կոնկրետ գործով որպես ներկայացուցիչ կամ պաշտպան հանդես գալու ժամանակ, այլ նաեւ օրենքով չարգելված ցանկացած այլ ձեւով իրավաբանական օգնություն ցույց տալու ընթացքում։

Վարչական դատարանում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն ասել էր, թե նախկինում տեսել է փաստաբանին, ասել՝ «եկեք ստացեք», ինչը, սակայն, հերքում է բողոքաբեր կողմը, հայտարարելով, թե նման բան չի եղել։

Ի դեպ, դատական նիստի ընթացքում ՀՀ ոստիկանության ներկայացուցչի կողմից տրամադրվել էին նյութերը, սակայն Արամազդ Կիվիրյանը չէր բավարավել կատարվածով. «Քանի որ նյութերը տրամադրվեցին գործի քննության ընթացքում, պնդում եմ, որ ՀՀ ոստիկանության անգործությունը ճանաչվի ոչ իրավաչափ»։

ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում, ըստ ոստիկանության ներկայացուցչի, փաստաբանի դիմումը մուտքագրվել է անցյալ տարվա հունվարի 23-ին, այսինքն՝ ուրբաթ օրը։ Օրենքով սահմանված 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումով պահանջվող փաստաթղթերի լուսապատճենները տրամադրելու համար ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի արխիվից վերցվել է արխիվային գործը, պատճենահանվել փաստաթղթերը եւ սահմանված կարգի համաձայն՝ ստորագրված գրավոր ուղեկցական գրությամբ, ՀՀ ոստիկանության սուրհանդակային հատուկ կապի միջոցով 2015 հունվարի մեկին ուղարկել դիմումում նշված հասցեով։ Երեք օր անց ծրարը վերադարձվել էր ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին՝ «հասցեն թերի է, նշեք օֆիսի համարը» նշումով։ Ներկայացուցիչը պնդել է, թե ՀՀ ոստիկանությունը փորձել է օգտագործելով բոլոր հնարավորությունները, ճշտել հասցեն կամ դրանում առկա թերությունը վերացնել, սակայն դա հնարավոր չի եղել անել։

«Հասցեն ճշտելու բոլոր հնարավոր միջոցները սպառվել էին»,-հայտնել էր Սոնա Մելիքյանը: Ապա հավելել. «Եթե Մ.Հովսեփյանին եւ նրա ներկայացուցչին շատ անհրաժեշտ լինեին այդ փաստաթղթերը, մինչ դատարան դիմելը, նրանք գոնե մեկ անգամ կգային ՀՀ ոստիկանություն` հետաքրքրվելու կամ տեղեկանալու իրենց դիմումի ընթացքի մասին»։

Ըստ վարչական դատարանի իրավական գնահատականների, ՀՀ ոստիկանությունը իրականացրել է անհրաժեշտ գործողություններ` փաստաբան Արամազդ Կիվիրյանի՝ 2015 թվականի հունվարի դիմումով պահանջված փաստաթղթերի պատճենները նրան տրամադրելու համար, ինչից էլ հետեւում է, որ ՀՀ ոստիկանությունն այդ դիմումով պահանջվող փաստաթղթերը չտրամադրելու անգործություն չի դրսեւորել։
Հետեւաբար, դատարանը մերժել էր հայցը` ՀՀ ոստիկանության կողմից 19.01.2015 թվականի դիմումով պահանջված փաստաթղթերի պատճենները չտրամադրելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով:

Ինչ վերաբերել է ՀՀ ոստիկանություն ուղարկված ծրարի վրա նշված հասցեին, վարչական դատարանն արձանագրել էր. «Սույն գործի փաստերը վկայում են այն մասին, որ վերոնշյալ փաստաթղթերը պարունակող ծրարի վրա նշված հասցեն լիովին համապատասխանել է հայցվորի ներկայացուցչի վերոնշյալ դիմումում մատնանշված հասցեին, ուստի հասցեի թերության մասին խոսք լինել չի կարող։ Մանավանդ, որ սույն գործի քննության ողջ ընթացքում հայցվորի ներկայացուցչին հասցեագրված դատարանի բոլոր ծանուցումները նույն հասցեով են ուղարկվել եւ նա բոլորը ստացել է»։

Վարչական վերաքննիչ դատարանը՝ դատավորներ Աշոտ Սարգսյան, Աշոտ Աբովյան եւ Արա Բաբայան կազմով, ավարտել է բողոքի քննությունը եւ դեկտեմբերի 19-ին կհրապարակի իր որոշումը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.– Ի դեպ, հազվադեպ է լինում, երբ փաստաբանը միաժամանակ հղում է կատարում ՏԱ օրենքին եւ իր գործունեության մասին օրենքին, փաստելով, թե մասնագիտական գործունեության իրականացումը վտանգվել է տեղեկատվություն չտրամադրելու արդյունքում:

 

«Առավոտ»

14.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031