Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորը պիտի բանակում ծառայեն՝ թե տղաները, թե աղջիկները»

Դեկտեմբեր 15,2016 14:30

Համոզված է հերոսի մայր Գոհար Մարտիկյանը

Օրեր առաջ Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում բացվեց Արցախյան գոյամարտի հերոս Աշոտ Չախոյանի կիսանդրին: Դրանից առաջ էլ դպրոցի ռազմագիտության դասասենյակը կրում էր հերոսի անունը: Այս առիթով զրուցեցինք Աշոտ Չախոյանի մայր, Հանրային ռադիոյով հեռարձակվող «Ապրելու բանաձեւ» հաղորդաշարի հեղինակ- վարող, համանուն մատենաշարի ստեղծող Գոհար Մարտիկյանի հետ:

– Կպատմե՞ք, թե ում նախաձեռնությամբ որոշվեց տեղադրել կիսանդրին դպրոցում:

– Աշոտ Չախոյանը նորանկախ Հայաստանի եզակի հատուկ նշանակության գնդի առաջին զոհն էր, նաեւ Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցի առաջին Հերոսը, ուստի կիսանդրին անպայման պիտի լիներ դպրոցում՝ ի ցույց, ի տես սերունդների: Աշոտի մանկության ընկերը՝ Հարություն Հարությունյանը, պատվիրեց այն: Կիսանդրին սկսեց ստեղծել Ազատ Հարությունյանը, իսկ ավարտին հասցրեց Վիլյամ Պետրոսյանը: Առաջին օրը, երբ ես մտա, Աշոտը Աշոտն էր, բայց նկատեցի, որ թիկնոցի մի եզրն ամբողջական է, մյուսը՝ ընդհատված: Քանդակագործը բացատրեց, որ կիսատ հատվածը Աշոտի ընդհատված թռիչքն է, բայց ես այդպես չեմ կարծում: Թռիչքի ընդհատված հատվածը ոչ ամբողջական Հայաստանն է, որը լրացնելու պատգամ է, որի մի մասը Աշոտս եւ իր ընկերները հետ բերեցին, իսկ մնացյալ հատվածը գալիք սերնդի առաքելությունն է: Վիլյամ Պետրոսյանին հաջողվեց (ոչ առաջին անգամ) անշունչ նյութին շունչ եւ ոգի հաղորդել ու կերտել Աշոտ հերոսի հպարտ, վեհ ու հերոսական կերպարը։

– Հազարավոր հերոսներ զոհեցին իրենց կյանքը՝ հուսալով, որ այլեւս արյուն չի թափվի այդ հողերի համար, սակայն տեղի ունեցավ ապրիլյան քառօրյան, ի՞նչ դասեր քաղենք:

– Այդ օրերին տղաները կարողացան ապացուցել, որ պետք չէ խաղալ հայի ազգային արժանապատվության հետ: Մենք շատ ավելի կորուստներ կարող էինք ունենալ, եթե չլիներ հայրենիքի սահմանները պաշտպանելու՝ մեր զինվորների ինքնանվիրումը: Տառապանքս փորձ ունի՝ հայի ոգին անկոտրում է: Մենք միշտ բռունցք ենք դառնում ծանր պահերին եւ բռունցքվում:

6-2

– Ե՞րբ կտպագրվի «Ապրելու բանաձեւ» մատենաշարի հաջորդ հատորը:

– Տասներորդ հատորի շնորհանդեսը կկայանա հունվարի վերջին՝ Հայոց բանակի կազմավորման 25-ամյա տոնակատարությունների նախօրյակին, այնտեղ ներառել եմ 103 հերոսի սխրանքի պատմություն, որից 73-ը ապրիլյան պատերազմի քաջորդիներն են:

– Վերջերս լայնորեն քննարկվեց բանակին օգնելու համար, այսպես կոչված, 1000 դրամների նախագիծը, որը մեծ իրարանցում առաջացրեց, ի՞նչ կարծիքի եք:

– Այդ մասին լսելիս ես եւ բոլոր ինձ ծանոթ զոհված զինծառայողների ընտանիքների անդամները պատրաստակամ էինք այդ գումարը տալ, բայց երբ այդ ամենը դարձավ քաղաքական քննարկումների առարկա, ես մեծ ցավ ապրեցի: Այդ մասին լսել եւ առաջարկը լռելյայն իրականացնել էր պետք, որպեսզի չվիրավորեին հերոսների հարազատների ինքնասիրությունը: Չեմ ասի, թե հարուստ եմ, բայց ես ունեմ ազգային արժանապատվություն եւ այդ գումարը կտամ սիրով: Մենք ունենալով Աստծուց պարգեւ տված հայրենիք, կորցրինք մեր հողերի մեծ մասը, իսկ հրեաները ավազուտի վրա պետություն հիմնադրեցին, որովհետեւ երբեք չզլացան գումար տրամադրել հանուն հայրենիքի: Մենք եւս պարտավոր ենք անօդաչու թռչող սարքեր արտադրել, հզորացնել մեր բանակը եւ շենացնել հայրենիքը:

– 18 տարեկան բոլոր տղաներին անխտիր բանակ տանելու նախագծին կո՞ղմ եք:

– Որպեսզի դա կատարվի, տղաները պետք է բանակում ունենան պատշաճ հագուստ, սնունդ, խմելու ջուր, կեցության լավ պայմաններ: Նրանք պիտի ապրեն առավել արժանապատիվ կեցությամբ, քան սովորական մարդիկ իրենց տներում: Այս պարագայում ես կողմ եմ, որ աղջիկներն էլ գնան բանակ: Եթե ես երիտասարդ լինեի, ինքս կծառայեի հայրենիքին: Այո, պիտի 18 տարեկանից բոլորը գնան բանակ, այդ թվում՝ նաեւ աղջիկները:

– Արմեն Ամիրյանը երկար տարիներ արժանապատիվ ղեկավարեց Հանրային ռադիոն, ի՞նչ ակնկալիքներ կան նոր տնօրինությունից:

– Ես համոզված եմ, որ Արմեն Ամիրյանը կպահպանի իր բարությունն ու ճաշակը եւ կօգտագործի այն ի նպաստ մեր մշակույթի զարգացման: «Ապրելու բանաձեւ» հաղորդաշարի նախաձեռնությունն Արմեն Ամիրյանինն էր, ես բազմիցս ասել եմ այդ մասին: Ես սիրով անում եմ իմ աշխատանքը, եւ եթե ժամանակին նա չառաջարկեր գրել Արցախյան ազատամարտի հերոսների մասին, «Ապրելու բանաձեւը» չէր ստեղծվի: Ինչ վերաբերում է նոր տնօրինությանը, ապա չեմ կարող չհիշատակել, որ ինձ անչափ շատ օգնեց նոր տնօրինությունը՝ հատկապես Արման Սաղաթելյանը: Այլապես ես չէի կարողանա լինել Հայաստանի 73 գյուղերում, որտեղ ծնվել ու հասակ են առել քառօրյա պատերազմի հերոսները:

 

Զրուցեց
ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

«Առավոտ»

14.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել