«Հովեր» պետական կամերային երգչախումբը շարունակում է իր երկրպագուներին ներկայանալ նոր ասելիքով: Երգչախումբը, Վահագն Հայրապետյանի ջազ տրիոյի հետ համատեղ, Ապարանի ազգագրական երգերի ոչ ավանդական մշակումներ է ներկայացրել: Նախատեսվում է ինքնատիպ այս ծրագիրն ապագայում կյանքի կոչել նաեւ Հայաստանի այլ, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում եւ արտերկրում:
Շուրջ քառորդ դար առաջ ստեղծված եւ 18 տարի բացառապես սեփական ջանքերով գործունեություն ծավալած երգչախումբը պետական կարգավիճակ է ստացել 2009 թվականին: Տարիներ անց՝ 2013թ.-ին, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը ստանձնել է երգչախմբի գլխավոր գործընկերը լինելու պատասխանատվությունը՝ էապես խթանելով կատարողների գործունեության զարգացմանը: «Հովեր»-ը համալրվել է բարձրակարգ, պրոֆեսիոնալ, երիտասարդ երաժիշտ-կատարողներով եւ արձանագրել խմբերգային ժանրի համար աննախադեպ արդյունք. տարեկան 40-50 համերգ եւ ելույթ՝ աշխարհի հեղինակավոր մի շարք համերգասրահներում, համագործակցության ընդլայնվող շրջանակ, հայ խմբերգային երաժշտության դասական, ժամանակակից նոր ծրագրեր եւ այլն:
«Մեր գործընկերների հաջողությունը նաեւ մեր հաջողությունն է: Ուրախ ենք արձանագրել, որ թիրախավորված համագործակցության արդյունքում՝ նպաստել ենք երգչախմբային արվեստի զարգացմանն ու կատարելագործմանը: «Հովեր»-ը պատվով է կատարում համաշխարհային հեղինակավոր համերգասրահներում Հայաստանը ներկայացնելու առաքելություն ու ազգային մշակույթին ծառայելու պատասխանատվությունը», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Վերջին չորս տարվա ընթացքում երգչախումբն իր կատարումներով եղել է Բելգիայում, Ֆրանսիայում, ՌԴ-ում, Գերմանիայում, Լիբանանում, Լեհաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Շվեյցարիայում եւ այլն: Ի դեպ, երգչախմբի կատարումներից «Նյու-Յորք Թայմս» օրաթերթում մեծ արձագանք է ստացել Հայաստանին նվիրված՝ մեծանուն կոմպոզիտոր Ք.Պենդերեցկու «Սաղմոս» խմբերգային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան:
Կարդացեք նաև
Գործունեության ընթացքում, երգչախումբը ներկայացրել է նաեւ հայ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունների պրեմիերաներ եւ մշտապես ունեցել է հարուստ երգացանկ:
Երգչախումբը հանդես է եկել հեղինակավոր՝ «Սթրաթմոր»-ի (ԱՄՆ), «Սիտե դե լա մյուզիք»-ի (Ֆրանսիա), Վարշավայի թագավորական պալատի (Լեհաստան), «Քարնեգի Հոլլ»-ի (ԱՄՆ) եւ մի շարք այլ համերգասրահներում: «Հովերի» գործունեությանն անդրադարձել է նաեւ հայկական եւ արեւմտաեվրոպական մամուլը:
«Առավոտ»
14.12.2016