Լրահոս
Օրվա լրահոսը

Նյու Յորքի անտուն հերոսն ու Երեւանի ցրտահարված մերձավորը

Դեկտեմբեր 15,2016 13:30

Այս օրերին Նյու Յորքում շատ ցուրտ է: Հայաստանում՝ նույնպես: Նյու Յորքում համ ցուրտ է, համ էլ կյանքն անչափ արագ: Բոլորը շտապում են: Որ հասցնեն տոնական գնումները կատարեն, որ տանեն իրենց բարեկամներին ու երեխաներին նվերներ տան ու այդպիսով տոնեն Սբ. Ծննդյան տոները: Բայց այս շտապելու մեջ, մարդ կարող է կորցնել ամենակարեւորը՝ իր ամբողջ բանկային ներդրումն ու գանձերը:

Օրերս Ֆեյսբուքում շրջանառվում է մի տեսաերիզ, ուր 13-14 տարեկան մի տղա, կարճաթեւ հագնված, դողդողալով օգնություն է խնդրում Նյու Յորքի կենտրոնական ցուրտ փողոցներից մեկում: Մոտ երկու ժամ տղան բառացիորեն դողում է, ու հազարավոր անցորդներ են անցնում այդ բանուկ փողոցով: Երկու ժամվա մեջ նրանցից ոչ մեկը չի մոտենում ու հարցնում, թե բալիկ ջան, ինչու ես դու այստեղ, կամ առ քեզ մի քանի դոլար՝ գնա մի տաք տեղ հաց կեր: Մարդկանց մեծամասնությունն ընդհանրապես չէր նկատում իրեն, թեեւ անցնում էին իր կողքով: Իսկ ոմանք էլ նայում էին ու լուռ անցնում:
Ի վերջո, տղան ցրտից ու դողից կքված ծնկի է գալիս ու պառկում սառը գետնին՝ իրեն փաթաթելով ձեռքին ունեցած աղբի մեծ տոպրակի մեջ: Ու էլի ոչ մի անցորդ կամ չի նկատում, կամ չի մոտենում:

Վերջապես այդտեղով անցնում է տաք հագնված մի անտուն մարդ (homeless) ու առաջին բանը, որ անում է, մոտենալով տղային՝ հանում է իր տաք բաճկոնն ու հագցնում նրան: Փաթաթվում մի քիչ տաքացնում է ու գրպանից մի քանի դոլար է հանում, տալիս տղային՝ ասելով, թե գնա մի տաք տեղ մի կարգին հաց կեր:

Այստեղ տեսաերիզը վերջանում է: Հնարավոր է, որ սա սոցիալական գիտափորձ լիներ: Բայց երկու բան միանգամից եկան մտքիս մեջ: Առաջին՝ կարճաթեւ մրսող երեխա ու հասարակությունը չի նկատում դա: Երկրորդ՝ օրեր առաջ Երեւանում մի մարդ ցրտահարվեց ու մահացավ: Մեզանից շատերը չիմացան, բայց ոմանք էլ չնկատեցին:
Սիրելի ընթերցող: Ամեն հասարակություն ուժեղ է ու նրա միջից վերանում են բոլոր տեսակի վատ երեւույթները, երբ այդ հասարակության մեջ ապրում է գթությունը: Փառք Աստծո, մեր ազգի մեջ դեռ պահպանվել է մեր պապերից մեզ ավանդված պարզ քրիստոնեական գթասրտությունը:

Հայաստանում այս օրերին նույնպես ցուրտ է: Խնդրում եմ, մինչդեռ ձեր օրերն անցնում են ձեր հոգսերով ու օրվա վազվզուքով, եկեք չմոռանանք այն մարդկանց, ովքեր ապրում են մեր կողքին ու մեր գթության կարիքն ունեն:

Մերձավորին օգնելը, սա է իրական ներդրումը, որ ամեն մարդ կարող է անել այս կյանքում: Աստուծո Որդին մեզ ասաց. «Գանձեր մի՛ դիզէք ձեզ համար երկրի վրայ, ուր ցեց եւ ժանգ ոչնչացնում են, եւ ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցէ՛ ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, եւ ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում» (Մտ 6:20-21): Այ սրա համար վերեւում գրեցի, թե շտապելու մեջ մարդ կարող է կորցնել իր բոլոր գանձերն ու ներդրումները: Որովհետեւ ոսկին ու փողը մեզ չեն կարող օգնել Աստուծո առաջ, այլ, թե ինչքան գանձ ենք մենք դիզել իր երկնային բանկում: Ու այդ բանկը ձեր մերձավորն է: Թե ինչքան բարի գործ ու գթասրտություն ենք մենք կատարել մեր շուրջի մարդկանց կյանքերում:

Հանկարծ մեր հասարակությունը չլինի վերեւում ներկայացված մարդկանց պես, որտեղ սերը գրեթե ցամաքել է: «Եւ անօրինութեան շատանալուց՝ շատերի սէրը պիտի ցամաքի» (Մտ 24:12)՝ զգուշացրեց մեզ Տեր Հիսուս Քրիստոսը վերջի ժամանակների մասին խոսելով:
Եկեք չթողնենք, որ սերը ցամաքի հայոց սրտերում: Վառ պահենք իրար նկատմամբ գթասրտությունն ու կտեսնենք, թե ինչպես կկերպարանափոխվեն մեր անձնական ու հասարակական կյանքերը:

 
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
https://www.facebook.com/armen.hareyan

 

«Առավոտ»

14.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031