Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավոք, Հայաստանի հարցը Թուրքիայում այս պահին գրեթե գոյություն չունի». (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 15,2016 12:00

Ըստ Ստամբուլի համալսարանի ռեկտորի` «Քանի որ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի հետ գրեթե մեռած են, սա եւս մեկ հիմք է, որ այլեւս պատճառ չկա, որպեսզի կարգավորվեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները»:

«ԵՄ-ն կորցրել է որեւէ լծակ, որը նա ուներ Թուրքիայի նկատմամբ»

Դեկտեմբերի 10-11-ը Ծաղկաձորում «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ իրականացվող` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով հերթական քննարկմանը մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի ռեկտոր Մուստաֆա Այդինը:
Հիշեցնենք, որ սեմինարի մասնակիցների շարքում են Հայաստանի խորհրդարանում ներկայացված կուսակցությունների երիտասարդները՝ բացառությամբ ՀՀԿ-ի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների, որոնք հրաժարվել են մասնակցել այդ ծրագրին ի սկզբանե: Սեմինարի բանախոսներն են՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ, Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը, քաղաքագետ Աղասի Ենոքյանը, Ֆլետչերի անվան իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի շրջանավարտ Արտակ Այունցը: Այս տարի արդեն անցկացվել են 5 սեմինարներ, հաջորդ տարի եւս 5-ը պետք է անցկացվեն:

Հայաստանում NDI-ի քաղաքացիական եւ քաղաքական ծրագրերի խորհրդատու Գեղամ Սարգսյանը նախ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 1-ին Skype-ի միջոցով տեսազանգ է իրականացվել սեմինարի հայ մասնակիցների եւ Թուրքիայի ուսանողների, քաղաքացիական հասարակության եւ դասախոսների միջեւ, որը բավական դրական տպավորություն է թողել: Նրա խոսքով` առավելապես ակտիվ են եղել հայ մասնակիցները, որոնք թուրքական կողմին բազմաթիվ հարցեր են ուղղել՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեմայից մինչեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Թուրքիայի դերի եւ Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ Գեղամ Սարգսյանը նշեց, որ հնարավոր է՝ կրկին Skype-ի տեսազանգ կազմակերպեն, իսկ եկող տարի ծրագրվում է Թուրքիայից պատվիրակության այցը Հայաստան, ինչպես նաեւ հայ մասնակիցների այցը Ստամբուլ:

Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի ռեկտոր Մուստաֆա Այդինը Ծաղկաձորում հանդես եկավ ծավալուն զեկույցով` համապարփակ եւ մանրակրկիտ ներկայացնելով Թուրքիայում վերջին ամիսներին տեղի ունեցած զարգացումները, դրանց հիմքերը, Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում հեռանկարները, առաջ շարժվելու հնարավորություններն ու մարտահրավերները:

Խոսելով Եվրամիություն-Թուրքիա բանակցությունների, կառույցին Թուրքիայի անդամակցության գործընթացի մասին՝ բանախոսը նկատեց, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները խնդրահարույց դարձան 2006-ից ի վեր: «Այժմ բանակցությունները գրեթե դադարել են: Թուրքական կողմը բարեփոխումներից հոգնածություն ուներ: Իշխանությունները հոգնել էին եվրոպական պահանջներից եւ բավարար չէին գնահատում այն, ինչ Թուրքիան ստանում էր ԵՄ-ից, ինչպես նաեւ կառավարությունը ուրախ չէր ԵՄ-ից շարունակական քննադատությունների առիթով` Թուրքիայի ներքին քաղաքականության վերաբերյալ:

Մյուս կողմից՝ քաղաքական մթնոլորտը ԵՄ-ում այնքան բարենպաստ չէ, որպեսզի Թուրքիան դառնա ԵՄ անդամ: 2005 թվականին, երբ Թուրքիան նորից սկսեց բանակցությունները, ԵՄ-ում բացառիկ քաղաքական մթնոլորտ էր, որը հնարավորություն տվեց սկսել այդ բանակցությունները: Դրանից հետո եվրոպական քաղաքականությունը դարձավ շատ ավելի ներքին ուղղվածության, ավելի աջակողմյան, ավելի պահպանողական, նույնիսկ որոշ չափով` հակաիսլամական: Նմանատիպ քաղաքական մթնոլորտում Թուրքիայի անդամակցության հարցը դառնում էր որոշ երկրներում ներքին քաղաքականության քննարկման թեմա: Օրինակ` Մեծ Բրիտանիայում, երբ քննարկում էին «Բրեքսիթի» հարցը, չնայած այն բանին, որ Թուրքիան որեւէ առնչություն չուներ «Բրեքսիթի» հետ, Թուրքիան դարձավ այն փաստարկներից մեկը, որն օգտագործվում էր այդ խնդիրների շուրջ քարոզչության համար: Օրինակ դրանցից մեկը` «եթե չեք ցանկանում Թուրքիային տեսնել ԵՄ անդամ, քվեարկեք «Բրեքսիթի» օգտին»: Նմանօրինակ իրավիճակ է Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում: Սա ցույց է տալիս քաղաքական տրամադրվածություն, թե` հնարավոր չէ որեւէ բան անել Թուրքիայի հետ: Այս պայմաններում եվրոպական կողմից միտում չկա բանակցելու անդամակցության շուրջ, նույնը նաեւ թուրքական կողմից` Թուրքիայի ներսում եւս չկա որեւէ ցանկություն` բանակցելու ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ»,- պարզաբանեց Թուրքիայից ժամանած հյուրը:

Մուստաֆա Այդինի մատուցմամբ` չնայած ԵՄ-ի հետ բանակցությունները դադարել են` կողմերից ոչ մեկը չի ցանկանում դրանք պաշտոնապես դադարեցնել. «Սա նշանակում է, որ ԵՄ-ն կորցրել է որեւէ լծակ, որը նա ուներ Թուրքիայի նկատմամբ, եւ սա կարեւոր է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերլուծելու տեսանկյունից: Թուրքիային ուղղված ԵՄ-ի կոչերը` Կիպրոսի, Հայաստանի եւ այլ արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ, Թուրքիայում որեւէ ազդեցություն չունեն»:

«Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքական օրակարգում Հայաստանի համար տեղ չկա»

Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքական օրակարգում Հայաստանի համար տեղ չկա՝ նման կարծիք հայտնեց Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի ռեկտորը: «Հայաստանի հետ հարաբերություններ ունենալ կամ չունենալը առաջնահերթություն չի Թուրքիայի համար, եւ կարծում եմ, որ առաջնահերթություն չի նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության համար: Թուրքական կողմից որեւէ պատճառ չկա, որպեսզի բանակցությունները վերսկսվեն Հայաստանի հետ: Միաժամանակ թուրքական ներքին քաղաքականությունը դարձել է բավականին ազգայնական, ինչը տեղի է ունենում նաեւ եվրոպական երկրներում: Որպեսզի ավելի լայն հասարակական աջակցություն ստանան, կառավարությունն ավելի ու ավելի է օգտագործում ազգայնական հռետորաբանությունը: Այդ հռետորաբանությունը չի ներառում Հայաստանը, Հայաստանը խնդիր չէ այդտեղ: Եվ քանի որ կա ազգայնական հռետորաբանություն, ապա դրա շրջանակներում կան մոտեցումներ, թե մենք կարիք չունենք բանակցելու Հայաստանի հետ, օրինակ` սահմանի բացման հարցում: Այսպիսով, ցավոք սրտի, Հայաստանի հարցը Թուրքիայում գրեթե գոյություն չունի այս պահին»,- նշեց Մուստաֆա Այդինը:

Այս համատեքստում բանախոսը դիտարկելով իրավիճակը Կովկասում եւ Սեւծովյան տարածաշրջանում՝ արձանագրեց, որ Ռուսաստանն այս երկու տարածաշրջաններում դարձել է ավելի հզոր եւ ազդեցիկ պետություն. «Դա ստիպում է Թուրքիային լինել ավելի պակաս ակտիվ տարածաշրջանում: Թուրքիայի` ավելի քիչ ակտիվ լինելը Կովկասում նաեւ դուրս է մղում եւս մի պատճառ, որը կարող էր ստիպել Թուրքիային, որպեսզի լավ հարաբերություններ հաստատեր Հայաստանի հետ: Քանի որ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի հետ գրեթե մեռած են, եւս մեկ հիմք է, որ այլեւս պատճառ չկա, որպեսզի կարգավորվեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները: Այս ամենին էլ գումարած այլ պատճառներ` թուրքական կառավարությունն իրեն չի զգում այն իրավիճակում, որ պետք է կամ կարիք ունի Հայաստանի հետ խոսելու»:

«Մի մոռացեք, որ ամեն ինչ մի կողմ դրած` Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա կապը չափազանց կարեւոր է, որպեսզի Թուրքիան ունենա ռազմավարական ազդեցություն կովկասյան տարածաշրջանում: Վրաստանը Արեւմուտքի հետ փոխկապակցված երկիր է, Ադրբեջանը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ է եւ բարեկամական կապեր ունի Թուրքիայի հետ, իսկ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: Եթե նայում եք այս պատկերին, արդեն ամեն ինչ պարզ է: Թուրքիան չի կարող արհամարհել Վրաստանին, Ադրբեջանին, որպեսզի բարեկամական հարաբերություններ ունենա Հայաստանի հետ: Իրականում սա Ռուսաստան-Արեւմուտք-Թուրքիա մեծ պատկերն է, որն ազդում է Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռանկյունու վրա»,- նշեց Ստամբուլից ժամանած բանախոսը:

Մուստաֆա Այդինը տեղեկացրեց, որ Ստամբուլի Քադիր Հաս համալսարանում հայոց լեզվի դասընթացներից բացի՝ ունեն նաեւ հասարակության համար բաց դասընթացներ, նա դրանց դիմելու-մասնակցելու համար մի քանի զվարճալի դեպքեր պատմեց. «Քառասունն անց մի կին էր եկել, երգչուհի էր, նա հայ չէր: Թուրքիայում կա երաժշտության մի քանի տեսակ, որից մեկը մենք անվանում ենք թուրքական արվեստային երաժշտություն, որը զարգացում է ապրել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում, եւ իրականում այն զարգացում է ապրել հայ երաժիշտների շնորհիվ: Ահա, այդ երգչուհին եկել էր մեր համալսարանի դասընթացին դիմելու համար, եւ երբ մենք նրան հարցրինք, թե ինչո՞ւ է քեզ անհրաժեշտ հայերենը, դու երգչուհի ես, նա պատասխանեց, որ երգում է այդ երգերը եւ տեղյակ է, որ հայերն են իրականում ստեղծել այդ երաժշտությունը, հետեւաբար ցանկանում է սովորել այդ լեզուն: Կար մեկ ուրիշ դեպք` երիտասարդ բժիշկ էր դիմել հայերեն սովորելու համար: Նա էլ ասաց, որ ունի հայ հաճախորդներ եւ ցանկանում է իր հայ հաճախորդների հետ խոսել հայերեն: Ահա, այսպիսի անկանխատեսելի բաներ»,- եզրափակեց Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի ռեկտորը:

Սեմինարի ընթացքում Դավիթ Շահնազարյանը ներկայացրեց Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականության վերջին զարգացումները, պատասխանեց սեմինարի մասնակիցների հարցերին: Այնուհետեւ Արտակ Այունցը ներկայացրեց բանակցությունների հմտությունները, կանոնները, որից հետո դերային խաղ-վարժություններ կազմակերպվեցին. չորս խմբեր կազմվեցին, դերեր բաշխվեցին` երկու խմբերը` հայերի, երկուսը` թուրքերի միջեւ: Խմբային աշխատանքներից հետո իրականացվեցին խաղ-բանակցություններ: Երիտասարդները փորձում էին դերային խաղերի միջոցով բանակցել, ընդհանուր հայտարարի գալ տարբեր հարցերի շուրջ, պարզել, թե որ հարցում կարող են զիջել, որ հարցում կարող են համոզել հակառակ կողմին, պարզել իրենց ուժեղ եւ թույլ կողմերը, ինչ են շահում կամ ինչ են կորցնում բանակցային գործընթացներում:

img_8478 img_8544 img_8484 img_8511 img_8487 img_8504 img_8493 img_8518 img_8494 img_8535 img_8499 img_8532 img_8584 img_8539

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 14.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031