Մարգարիտա Սարգսի Խոջոյանը 36 անգամ՝ 1971-1985թթ. եղել է ՀԽՍՀ չեմպիոն եւ 8 անգամ ռեկորդակիր` լող եւ արագընթաց ստորջրյա լող մարզաձեւերից: 1978 թվականից ԽՍՀՄ սպորտի վարպետ է, 1984 թվականից` հանրապետական կարգի մրցավար: Զարմանալի է, որ նմանօրինակ բարձրակարգ մասնագետը մինչեւ օրս, նույնիսկ իր ծննդյան 55¬ամյա հոբելյանական տարում չի ստացել դեռեւս ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի «Պատվավոր աշխատողի» կոչում։
Միայն նրա մարզական ուղին նշելը բավական է հասկանալու, որ մեր կողքին քայլող լեգենդներից մեկն է. 1972, 1973, 1975, 1977 թվականներին` «Սպարտակ» ԿՄԸ հաղթող եւ մրցանակակիր, 1973, 1974, 1975թթ.` Անդրկովկասյան մրցումների հաղթող եւ մրցանակակիր, 1978թ.` ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: 1978թ. ընդգրկվել է ԴՕՍԱԱՖ-ի 10 լավագույն մարզիկների ցուցակում: 1978, 1979, 1982 թթ.` ԽՍՀՄ գավաթի փնջային մրցումների քառակի չեմպիոն: 1975, 1979, 1983թթ.՝ ԽՍՀՄ ժողովուրդների Սպարտակիադաների մասնակից: Մարգարիտան իր մարզական հաջողությունների համար երախտապարտ է ստորջրյա լողի իր մարզչին՝ ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սերժ Պապյանին։
Նա ծնվել է Ախալցխա քաղաքում, մանկավարժի ընտանիքում: Հայրը ծանրամարտի գծով (ծանր քաշ) Վրաստանի եւ Հայաստանի բազմակի չեմպիոնն էր, Հայաստանում երկար տարիներ դասավանդել է ֆիզմաթդպրոցում, աշխատել Երեւանի Սպանդարյանի շրջանի սպորտկոմիտեի նախագահի տեղակալ:
Մարգարիտան ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպորտային ֆակուլտետը` ֆիզիկական դաստիարակության դասատու- լողի մարզիչ որակավորմամբ: Զուգահեռ նաեւ ավարտել է նույն բուհին կից մարզական եւ բուժական մերսման, ինչպես նաեւ առողջարարական ֆիզիկական կուլտուրայի լրիվ դասընթացը` մերսողի եւ առողջարարական ֆիզիկական կուլտուրայի հրահանգիչ-մեթոդիստի որակավորմամբ:
Աշխատել է ԴՕՍԱԱՖ-ի հանրապետական ծովային սպորտային տեխնիկական ակումբում` հրահանգիչ-մեթոդիստ, իսկ 1984-1986թթ.-ին՝ նույն ակումբում` որպես ստորջրյա լողի մարզիչ:
1988-ից առ այսօր դասախոսում է Հայաստանի ազգային պետական պոլիտեխնիկական համալսարանի ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնում:
Նրա պարգեւատորումները համեստ են՝ ՀՊՃՀ ուսանողական խորհրդի եւ մարմնակրթության ամբիոնի մարզական օլիմպիադայում որպես լավագույն մրցավար: 2004թ. Երեւանի կրթության վարչության պետի կողմից արժանացել է պատվոգրի: 2003, 2008, 2013թթ.՝ ՀՊՃՀ-ի ռեկտորի շնորհակալագրերի` երկարամյա բարեխիղճ, բեղմնավոր, արդյունավետ աշխատանքային գործունեության եւ ներդրած ավանդի համար:
2010թ. Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի 75-ամյակին նվիրված լողի բաց առաջնությունում որպես առաջին տեղ գրաված վետերան՝ շնորհվել է հավաստագիր:
Մարգարիտա Խոջոյանի հաջողությունների մասին, որպես ստորջրյա լողի լավագույններից մեկը, նշված է ՀՀ հանրագիտարանի 9-րդ հատորում՝ «Մարզաշխարհի անվանի հայերը» (ԱՄՆ, 2005թ.), «Մարմնակրթության եւ սպորտի ամբիոնի անցյալը եւ ներկան» (Երեւան, 2003թ.), «Ֆիզիկական դաստիարակությունը եւ սպորտը ՀՊՃՀ-ում» (Երեւան 2012թ.) գրքերում:
Մարգարիտա Խոջոյանն աշխատանքային տարիներին պատրաստել է հանրապետության եւ միջբուհական մրցումների հաղթողներ եւ մրցանակակիրներ: Զուգահեռաբար աշխատում է սկսնակ եւ սիրող լողորդների հետ: Հանրապետության տարբեր շրջաններից եւ քաղաքներից գալիս են հայտնի մարզչի մոտ լող սովորելու։ Փոքրերին եւ մեծահասակներին սովորեցնում է լողալ, աշխատում է նաեւ «Սպիտակ» մարզաառողջարարական կենտրոնում:
Բարձրակարգ մարզիչը բեղմնավոր գործունեություն է վարում եւ՛ մարզչական, եւ՛ դասախոսական, եւ՛ գիտական ասպարեզներում։ Այդ են վկայում նրա՝ Հայաստանի եւ արտերկրի գիտական եւ պարբերական ԶԼՄ-ներում հրապարակված 14 գիտական եւ ուսումնամեթոդական աշխատանքները, որտեղ հեղինակ եւ համահեղինակ է: Դրանցից են՝ «Ուսանողների լողուսուցման մեթոդիկա» (Երեւան 2007թ.) եւ այլն:
Խոջոյանների սպորտային ընտանիքում եղել է նաեւ ստորջրյա լողի պատանիների առաջնության չեմպիոն, եղբայրը` Հակոբ Սարգսի Խոջոյանը, որն այժմ ՀՀ ՊՆ աշխատակից է։ Նրա ութամյա դստրիկը՝ Ամալյան, շարունակում է հորաքույր մարզչի սպորտային ընտանիքի ավանդույթները եւ արդեն յոթ հաղթանակ ունի։ Իսկ Մարգարիտայի գեղեցկուհի դուստրը՝ Էդիտան, ապագա տնտեսագետ է:
ՍԵԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ազատամարտի ՈԳԵՂԵՆ ՈւԺ»
սոցիալ-մշակութային
կենտրոնի նախագահ
«Առավոտ»
14.12.2016