Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ պետք է լուծել գյուղական բնակավայրերի հետ տրանսպորտային հաղորդակցության խնդիրը: Փոքրիկ Հայաստանում գյուղեր կան, ուր վաղուց հասարակական տրանսպորտ չի մեկնում: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, Ադրբեջանին սահմանակից Բարեկամավան գյուղը կտրված է «մեծ աշխարհից», գյուղ հասարակական ավտոբուս կամ միկրոավտոբուս չի մեկնում: Բարեկամավանից մեծ չափով արտագաղթ է եղել Հայաստանի տարբեր բնակավայրեր, Ռուսաստան:
Մարդիկ սահմանամերձ գյուղից հեռացել են նաեւ տրանսպորտային հիմնահարցի պատճառով: Բարեկամավանցին գործով Երեւան, Իջեւան, Նոյեմբերյան մեկնելիս միշտ մտահոգ է, թե ինչպես է գյուղ վերադառնալու: Բարեկամավանը Նոյեմբերյան քաղաքից հեռու է 35 կմ: Բարեկամավանցիները Նոյեմբերյան քաղաքում գործերն ավարտելուց հետո տաքսիով են մեկնում հայրենի գյուղ, տաքսու վարորդին վճարելով 4000 դրամ:
Դեբեդավանը Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից գյուղ է, նախկին վարչական շրջանի կենտրոն Նոյեմբերյան քաղաքից հեռու է ավելի քան 30 կմ: Դեբեդավան հասարակական տրանսպորտ չի մեկնում: Դեբեդավանը Բագրատաշեն գյուղից հեռու է մոտ 4 կմ: Նոյեմբերյանից Բագրատաշեն օրական 2 անգամ միկրոավտոբուս է մեկնում:
Դեբեդավանի նախկին գյուղապետ, Դեբեդավանում խոշորացված Այրում համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչ Վանյա Դամիրչյանն ասաց, որ Նոյեմբերյանից Բագրատաշեն վերջին միկրոավտոբուսը վերադառնում է կեսօրին: Դա դեբեդավանցիներին ձեռնտու չէ, քանի որ դեբեդավանցիները կեսօրին չեն հասցնում Նոյեմբերյան քաղաքում ավարտել իրենց գործերը: Այդ պատճառով նրանք համախմբվելով՝ 4 հոգանոց խմբեր են կազմում, համամասնորեն ֆինանսական ներդրում կատարում, տաքսի վարձում, դրանով մեկնում Նոյեմբերյան եւ տաքսիով Դեբեդավան վերադառնում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ