Այսօր ադրբեջանական haqqin.az կայքը տպագրել էր հարցազրույց Ստեփանակերտում բնակվող երիտասարդ մի աղջկա՝ Լուսինե Ներսիսյանի հետ, որին ներկայացրել էր որպես գրող, հրապարակախոս, քաղաքացիական ակտիվիստ, եւ որը, ըստ տվյալ կայքի, միացել է այսպես կոչված` Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաշտության հաստատման հարթակին:
Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց. «Սա հերթական հայն է, որին skype-ով զանգահարում է Վահան Մարտիրոսօղլուն, ես դրան երբեք Մարտիրոսյան չեմ ասի: Ինձ առաջին հերթին զարմանալի է ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, հետեւյալ կեցվածքն են դրսեւորել՝ եթե իրենք չեն անդրադառնում, ուրեմն այդ հարցը գոյություն չունի: Իրականում այդ տեսակ դիրքորոշումը մի ժամանակ կարող էր օգուտ տալ, ինչքան որ տեսնում ենք ձնագունդը մեծանում է եւ կարող է խնդիրներ ստեղծել:
Ի սկզբանե հայտնի էր, թե այս դավաճանները ինչ նպատակով են օգտագործվելու, իսկ հիմա շատ մեծ վտանգներ եմ տեսնում: Ես, իհարկե, կարդացել եմ ճանաչված, իմ կողմից շատ հարգված անձանց կարծիքներն այդ թեմայի շուրջ, որոնք ասում են՝ ի՞նչ կա զարմանալի, մարդը ուզում է իր բնակության վայրը փոխել. մարդ կա գնում է Գլենդեյլ, մարդ կա գնում է Բաքու: Ես կարծում եմ, շատ մեծ տարբերություն կա, որովհետեւ Գլենդեյլ գնացող հայը չի գնում թշնամու երկրում ապրելու, երկրում, որտեղ հայատյացությունը ուղղակի պետական մակարդակի վրա է դրված, մի երկրում, որտեղ ընդամենը մի քանի ամիս առաջ հայ զինվորի գլուխը կտրելը եւ ցուցադրելը ուղղակի հրճվանք էր առաջացնում հասարակության մոտ:
Մի երկրում, որտեղ հայ սպանելը հերոսության արժանի արարք է… Ինչ վերաբերում է մեր արձագանքին, ես չեմ ասում, որ ՀՀ իշխանությունները կամ մեր դիվանագետները արձագանքեն, այստեղ արձագանքը պետք է լինի ԱԱԾ-ի կողմից: Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ չի ստեղծված, որ մեր ընդդիմադիրներին կանչեն, հարցաքննեն կամ ներքին «թշնամիների» դեմ պայքարեն, այլ ԱԱԾ-ն ստեղծված է, որպեսզի կանխի այդ գործողությունները: Նշենք, որ շատ երկրներ կան, որոնք ունեցել են այսպիսի խնդիրներ: Նման խնդիր ունեցել է Խորհրդային Միությունը սառը պատերազմի ժամանակ, ունեցել է ԱՄՆ-ը, երբ որ զինվորականներ փախչում ու դավաճանում էին երկրի շահերը: Այստեղ ոչ միայն երկրի շահերն են դավաճանում, այլ ազգային շահերը»:
Կարդացեք նաև
Գագիկ Համբարյանի համոզմամբ, այստեղ ամենամեծ վտանգն այն է, որ ադրբեջանցիներին հաջողվում է հարթակ անվան տակ հայտնի դեմքերի ներգրավել իրենց հակահայկական քարոզչության մեջ: «Հուդաների, 30 արծաթով իրենց թուրքերին վաճառողների արարքի մեջ ամենամեծ վտանգը քարոզչությունն է: Ադրբեջանցիները սրանց միջոցով հարթակ են ստեղծել հայ-ադրբեջանական եւ այդ հարթակի գործունեության վերաբերյալ սկսել են մեկնաբանություններ վերցնել բազմաթիվ օտարերկրյա լրագրողներից, քաղաքագետներից, վերլուծաբաններից, քաղաքական գործիչներից:
Գործն արդեն հասել է նրան, որ իբրեւ թե գոյություն ունեցող հայ-ադրբեջանական բարեկամական կամ ինչ-որ հարթակի մասին շատ լուրջ մեկնաբանություններ է տալիս Կրեմլի գլխավոր լեզուն եւ քարոզչամեքենան՝ ի դեմս Դմիտրի Կիսելյովի: Այսօր ես մեկնաբանություններ եմ լսում Սերգեյ Մարկովից, նա հայտնի քաղաքագետ է, որը վերջին շրջանում աչքի է ընկնում հակահայկական տեսակետներով, բայց մոտ է գտնվում Կրեմլին: Հասկանում եք՝ մենք սրան պետք է վերջ տանք, չենք կարող նստել ու սպասել, թե ինչ պետք է լինի: Առավել եւս, երբ Դմիտրի Կիսելյովն ու Սերգեյ Մարկովը հայտարարել են, թե իրենք պատրաստ են աջակցել այդ ադրբեջանական-բարեկամական կամ չգիտեմ դրանք ինչպես են կոչել հարթակը, որպեսզի նրանք իրենց հանդիպումները կազմակերպեն: Կիսելյովը հայտարարել է, որ ամեն ինչով պատրաստ է պաշտպանել եւ աջակցել այդ խմբի գործունեությանը:
Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ այդ խումբը Վահան Մարտիրոսօղլուիի, Սյուզան Ջաղինյանի համատեղ ստեղծածն է: Սրանց ադրբեջանական կայքերը իրենց ցանկությամբ ներկայացնում են որպես հանրաճանաչ դեմքեր Հայաստանում եւ այլ, եւ այլ… Էդ Մարտիրոսօղլուն իրենով մեծ վտանգ է սպառնում այնքանով, որ կապ է հաստատում մարդկանց հետ, սկսում է հարցազրույցներ վարել, նկարահանում է այդ հարցազրույցները: Մեր տգետ ու անգրագետ ընդդիմադիրներն էլ, որոնք իբրեւ թե իշխանություններից դժգոհ թողել ու հեռացել են Հայաստանից, այդ խայծը կուլ են տալիս ու հետո շատ զարմանում են՝ ո՞նց ստացվեց , որ ես դարձա ազգի դավաճան: Ազգի դավաճան եք, որովհետեւ հավանություն եք տալիս նույն մարտիրոսօղլուների ֆեյսբուքյան գրառումներին եւ կապ եք հաստատում դրա հետ ու աջակցություն եք հայտնում դրա ու մի քանի թուրքի ձեւավորած հարթակին:
Ես գտնում եմ, որ մեր իշխանությունները կտրուկ քայլեր պիտի ձեռնարկեն: Նրանց արձագանքը կարող է լինել տարբեր տեսակի, կան երկրներ, որոնք ուղղակի ոչնչացնում են էդպիսի դավաճաններին, որովհետեւ անպատժելիությունը բերում է նոր դավաճանների ծնունդի: Շատերն ասում են՝ ուրախ ենք, Հայաստանը մաքրվում է դավաճաններից, դուք մտածում եք Ադրբեջանում չկա՞ն մարդիկ, որոնք դժգոհ են Ադրբեջանում գործող իշխանություններից:
Վառ օրինակ` Խաթիջա Իսմայիլովան է, «Ազատություն» ռադիոկայանի սեփական թղթակիցը, Յունուս ամուսինները: Լրագորղ Ռաուֆ Միրկադիրովը, որին առանց որեւէ ապացույցների ձերբակալեցին ու նետեցին բանտ հայերի հետ համագործակցելու համար: Իսկ մենք թույլ ենք տալիս, որ Երեւանում նստած՝ մարդիկ առանց վատ զգալու ֆեյսբուքում լայքեն սրանց գրառումները ու շատ հանգիստ զգան իրենց Հայաստանում: Ես զարմացած եմ՝ ինչո՞վ են զբաղված մեր համապատասխան կառույցները, որոնք ուշիուշիով պիտի հետ հետեւեին, թե ինչ է կատարվում»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ