Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ էթիկայի հանձնաժողովի վարույթում է «Մեդիա եւ Իրավունք» հասարակական կազմակերպության ներկայացրած դիմումը, որը վերաբերում է ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորների՝ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Արկադի Համբարձումյանի ու Սուքիաս Ավետիսյանի վարքագծին:
Այս առնչությամբ Սուքիաս Ավետիսյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Լրացուցիչ փաստեր պետք է տրամադրվեն, որովհետեւ ես ինքս համարում եմ, որ չեմ քվեարկել: Տեսանյութում երեւում է, որ ձեռքս երկարացնում եմ, բայց ես չեմ քվեարկել: Դրա համար ապացույցներ են պետք»:
Անդրադառնալով նիստին՝ մեր զրուցակիցն ասաց. «Որքանով տեղյակ եմ՝ նիստը չի կայացել: Երեւի թե վաղն է լինելու, բայց իմ պահանջած նյութերը չեմ ստացել՝ տեսանյութից բացի: Ե՞րբ է տեսանյութը նկարահանվել, այդ պահին քվեարկություն եղե՞լ է, թե ոչ: Այս ամենն ապացուցելու խնդիր կա: Եթե փաստեր կլինեն, ես ներողություն խնդրեմ: Ամեն օր էլ ձեռքս կարող եմ մեկնել համակարգչին, ձեռք մեկնելն այլ է, կոճակ սեղմելն այլ է: Դա իմ ձեռքն է, չեմ հրաժարվում, բայց ապացուցեք՝ այդ պահին այլ անձի անունից քվեարկություն եղե՞լ է, թե ոչ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ